«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈՒՇԵՐԻ ԳԻՐՔԸ, ՆՈՐ ԱԼԲՈՄԸ, ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄԸ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ 80-ԱՄՅԱԿԸ

Փարիզի «Ֆիգարո» թերթից տեղեկանում ենք, որ մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրը շարունակում է մեղվաջան գործունեությունը։ Վերջերս «Ֆլամարիոն» հրատարակչությունում լույս է տեսել նրա հուշերի գիրքը, EMI երաժշտական հրատարակչությունում թողարկվել է «Ես ճամփորդում եմ» անունը կրող ալբոմը։ Բացի դրանից, Ժան-Կլոդ Կարիերի սցենարի հիման վրա Ազնավուրը պատրաստում է «Հայր Գորիո» հեռուստաֆիլմը։ Չի մոռանում նաեւ եկող տարվա ապրիլին Փարիզի Համագումարների պալատում նախատեսված համերգների մասին։

Առաջիկա մայիսի 22-ին կլրանա Շառլ Ազնավուրի 80 տարին։ Պատկառելի տարիքը, սակայն, չի խանգարում, որ նա շարունակի աշխատել իրեն բնորոշ եռանդով ու կրքով. «Ես չեմ դիմանում ոչինչ չանելուն։ Ունեմ կյանքի կիրք, շարժվելու, գոյություն ունենալու կարիք», պնդում է նա ասես իր հորդաբուխ եռանդն արդարացնելու համար։ Բացի դրանից, Ազնավուրը գրելու թաքուն կիրք է ունեցել վաղուցՙ այն պահից, երբ սկսել է հորինել երգեր, դրանց խոսքերն ու երաժշտությունը։ «Ֆիգարոյի» թղթակիցը գրում է, որ դա ինքնակրթությամբ ամեն ինչի հասած Ազնավուրի «բացահայտումներից» մեկն է, արվեստագետ, որի հայ ծնողները Ֆրանսիայում ապաստան գտան 1920-ական թթ.։

1924 թ. Փարիզի 6-րդ շրջանում ծնված Ազնավուրը վերհիշում է, որ հայրը սկզբնական շրջանում «ֆրանսերեն խոսում էր ուժեղ ակցենտով, բայց հետո սկսեց խոսել ընտիր, երբեմն գիտական բառերով»։ Շառլը երջանիկ մանկություն է անցկացրել համերաշխ ընտանիքում եւ մշտապես ձգտել է ուսման։ «Դպրոցում հիացել եմ իմ ուսուցիչներով։ Մինչեւ հիմա հիշում եմ բոլորի անունները», պատմում է Ազնավուրը։

Նա անչափ կարեւոր է համարում հարգանքը, որի բացակայությունը «բազմաթիվ չարիքների աղբյուր է»։ Իր 60-ամյա կարիերայի ընթացքում Ազնավուրը գրել է 740 երգ, «այդ թվում 350-ը ֆրանսերեն եւ 150-ը անգլերեն»։ Իսկ ինչպե՞ս է կարողանում այդքան շատ գրելով չկրկնել իրեն։ «Ես մոռանում եմ իմ նախորդ ալբոմները եւ սկսում եմ աշխատել։ Գրում եւ ինձ վերընթերցում եմ, ազնիվ մնալով ինքս ինձ հետ։ Անշուշտ, նախընտրածս թեմաները մնում են երիտասարդությունը, հասարակությունը, կասկածը, սերը, կարոտը», ընդգծում է արվեստագետը, չմոռանալով նաեւ Ժան Կոկտոյի հիշատակած «շոշափելի դժբախտության» մասին։ Ի դեպ, «Ես ճամփորդում եմ» ալբոմի համանուն երգը նա կատարում է դստեր հետ։

Բանաստեղծություններ ու երգեր գրելիս Ազնավուրը չի մոռանում անցյալում իրեն հասցեագրված քննադատությունները։ «Ինձ ասում էին, թե կարճահասակ եմ, տգեղ եւ ունեմ ահավոր ձայն։ Տարիներ շարունակ ստիպված էի լռել։ Բայց քեն չեմ պահել, քանի որ սովորել եմ համեմատություն անել եւ որոշ դասեր եմ առել. ամերիկյան հանրությունը ներկայացման է գնում զվարճանալու, ֆրանսիական հանրությունըՙ քննադատելու»։

Ճիշտ է, նոր ալբոմի որոշ երգեր կարող են հիշեցնել անցյալը, բայց Ազնավուրին չի հետաքրքրում ալբոմի անհապաղ հաջողությունը։ Վերջինս արվեստագետի լոկ տեսանելի մասն է։ Շառլ Ազնավուրն աշխատում է հիմնավորապես եւ դասական երգացանկ ստեղծում, որով իրոք կարող է հպարտանալ։ «Ֆիգարոն» նրան դասում է ֆրանսիական երգի արիստոկրատներ Ժակ Բրելի, Ժորժ Բրասանսի, Լեո Ֆերեի եւ Կլոդ Նուգարոյի հետ միեւնույն շարքում, միաժամանակ ընդգծելով, որ եթե ինչ-որ մեկը դեռ մնացել է երգի պանթեոնում, ապա դա հենց Ազնավուրն է։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4