«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


«ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԿՅԱՆՔՆ Է ԱՊՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԱԾ Է»

Զրույց գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի հետ

Հրազդանի կիրճը նկարչի արվեստանոցից բոլորովին այլ կերպ ընկալվեց, քան, ասենք, Կիեւյան կամրջից նայելիս (որտեղից, չգիտես ինչու, երկրի ձգողականության ուժն ավելի ձգողական է դառնում...)։ Կանաչի համատարած զանգվածըՙ շնչահեղձ լինող Հրազդանի չունկնդրվող հոսքի մեջ եւ մեր այսօրը Հակոբ Հակոբյանի լուսավոր արվեստանոցում մեկ այլ անդրադարձումներ ունի։ Խաղաղ, հանգիստՙ 80-ամյա փորձառությամբ, երիտասարդ իր մտածողությամբ նկարչի հետ իմ զրույցը սկսվեց դիմացի պատի կիսավարտ նկարից։ Շեկ ավազ, շեկ արեւ, համատարած ամլություն, համատարած մահ- 1915 թ.։ «Կտավին պիտի ավելցնեմՙ «Երնեկ թուրք եմ ասողին»... Քեմալ Աթաթուրքի այս արտահայտությունն իրենց ազգային լոզունգն էՙ դաջված Թուրքիայի ամբողջ տարածքի բարձունքների վրա։ Պատմության մեջ ամենասեւ էջագրություն բացողինՙ երանի՞...

(«Ես հայերեն խոսում եմ մի քիչ խառըՙ կիսարեւելահայերեն, կիսարեւմտահայերեն։ Իմ խոսակցությունը մամուլում այնպես կտպվի, ինչպես ես կխոսիմ։ Կարձանագրե՞ս դա։- Ոչ։- Ինչո՞ւ։ Լավ կըլլար»)։

Ժամանակը եւ արվեստագետը, փորձում եմ հարցս այսկերպ ձեւակերպել։ «Ինձ որոշակի հարցեր տուր», ասում է նկարիչը։ Մինչդեռ արվեստանոցներում միշտ այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես ժամանակը կանգ է առել (թանգարաններում էլ այդպես է)։

- 80 տարեկան եմ հիմա։ Իմ ժամանակս չի ընդհատվում, մասերու չի բաժնվում։ Մի որոշակի ընդհատում եղել է, մինչեւ 40 տարեկան ապրել եմ արտասահմանում, 40-ից հետոՙ Հայաստանում, 30 տարի սովետական ռեժիմի մեջ, 10 տարիՙ անկախության։ Բայց ասել, որ դա որոշակի կերպով փոխել է իմ վերաբերմունքս կյանքի կամ մարդոց հանդեպ, կամ զգացողություններս, մտածումներս փոխվել են, ոչ։ Փոխվել են այնքան, որքան ժամանակը փոխում է մարդուն տարիքի բերումով։ Ինչպես եղել եմ, շարունակում եմ մնալ։

- Երկու տարբեր իրականությունՙ արտերկրյա (Եգիպտոս, Փարիզ) եւ խորհրդային։ Աշխարհայացքային, ոճական ինչպիսի՞ փոփոխություններ, ազդեցություններ եք ունեցել։

- Հիմնականին մեջ իմ նկարչությունս ինքնակենսագրական է։ Եթե Եգիպտոսում, բնական է, Եգիպտոսն եմ նկարել, Հայաստանում եմՙ Հայաստանն եմ նկարել։ Կյանքիս ընթացքին պատահած դեպքերը, մարդկային հարաբերությունները պետք է որ նյութ հայթայթեին նկարչությանս համար։ Ես դա չեմ անում գիտակցաբար, այլ ինքնաբերաբար ստացվում է։ Այս նկարն էլ (դիմացի պատի) կենսագրական մեկնակետ ունի, որովհետեւ այդ գանգերեն մեկուն վրա պիտի գրեմ իմ մեծ հորս անունը, որ Դեր Զորում սպանված է։ Եգիպտոսի մեջ ապրում էի Եգիպտոսի կյանքով, հայրենիքիս մեջՙ մեկ ուրիշ։ Սովետական ռեժիմը ուրիշ մթնոլորտ էր ստեղծում. ով ապրել է, գիտի, որ դա մարդու համար ընդունելի վիճակ մը չէր, մարդիկ վարժվել էին երեւի, բայց չեմ կարծում, որ մարդ մինչեւ վերջ վարժվի այդ վիճակին, որովհետեւ դա ստորացված մարդու վիճակ էր։ Ինչ կրթության, ուժի, աստիճանի մարդ ալ որ կար, կարծում եմ, ստորացված էակ էր։

- Այդ ռեժիմի տակ ինչպե՞ս եք կարողացել ստեղծագործել, չե՞ն եղել արդյոք պարտադրանքներ։

- Իմ բախտը բերել է, ես չեմ ենթարկվել միջամտության։ Ինձանից ավելի կարեւոր մարդիկ էին, որ ենթարկվում էին ճնշումներու եւ հալածանքներու։ Մինասի, Փարաջանովի պես սքանչելի արվեստագետներին պետությունը նայում էր իբրեւ թշնամու։

- Այսօր Հայաստանում ինչպիսի՞ն է արվեստագետի վիճակը։

- Ես գտնում եմ, որ նորմալ վիճակ է, արվեստագետին չեն խանգարում, ուղղակի կամ անուղղակի չեն միջամտում իր գործերին։ Ինչպես ամեն տեղ է, ես նկարում եմ իմ պատասխանատվությամբ, ոեւէ հավակնություն չունեմ, որ որեւէ մեկը պարտավոր է զբաղվել ինձանով կամ հետաքրքրվիլ իմ գործերով, բայց ես կուզեմ, որ մարդիկ հետաքրքրվին։

- Պետության որեւէ աջակցություն չպիտի՞ լինի։ Խորհրդային իշխանություններն արվեստագետին, այնուամենայնիվ, կարեւորում էինՙ բնականաբար օգտագործելով գաղափարախոսությանը ծառայեցնելու նպատակով։

- Եթե ցույց էր տալիս, թե պաշտպանում է մշակույթը, ի վերջո մեկ նպատակով էր անում, որ իրեն ծառայեն, արվեստագետը կատարե պատվերը։ Պատվեր կատարելը չի կարող խանգարել արվեստագետին անպայման, ամբողջ հին հունական, եգիպտական, քրիստոնեական արվեստը հիմնականում պատվերներու վրա էր։ Եթե նկարիչը սիրով է անում պատվերը, կարող է օգտակար, իսկապես ժողովրդի համար գործ ստեղծել։ Երբ պարտադրում են ասել ոչ թե ճշմարտությունը, այլ կեղծիքը, ո՛չ պետությանն է օգուտ տալիս, ո՛չ իրեն։ Պետք է ըսել, որ խորհրդային պետությունը միլիարներ ծախսած է արվեստի վրա եւ ստեղծած գործերու մեծ մասն այսօր չեն պահվել, որովհետեւ արվեստագետը համոզմունքով չի արել։

- Դուք պատվերներ չե՞ք ստացել այդ տարիներին։

- Ոչ։ Ես պատվերներ չեմ կատարել։ Թումանյանի 100-ամյակի առիթով մի նկար արեցի։ Սովետական Միության սպարտակիադա կար մարզական, առաջարկեցին, մի նկար արեցի, ուղարկեցի Մոսկվա. ինձ բրոնզե մեդալ տվին։

Հասարակությունն է պահում արվեստագետին։ Հասարակությունը պետք է բարեկեցիկ ըլլա։ Հիմա կա մի փոքր խումբ, որ ապրում է բարեկեցիկ կամ ճոխության մեջ, բայց նա էլ տակավին չի հասել այն վիճակին, որ հովանավորի արվեստագետին։ Եթե հասարակությունը հարստանում է, ինքնաբերաբար գիրք, նկար է գնում, թատրոն է հաճախում։ Այս իմաստով հասարակության հետ կապված է արվեստագետի վիճակը, ոչ թե պետության։ Մենք, որովհետեւ վարժվել էինք, թե պետությունը պետք է անի, անշուշտ, եթե հարուստ ըլլար, կարող էր որոշ պատվերներ տալ։

Դժվար է ասել, ինչպես է երկիրը դառնում բարեկեցիկ։ Աշխատանք չկա։ Ամերիկայի մեջ պետությունը չի ստեղծում աշխատանք, մարդիկ են ստեղծում, պետությունը տուրքեր է վերցնում։ Այսօր ժողովուրդը Հայաստանում ամեն բանե առաջ պետք ունի աշխատանքի։ Ուշադրություն ըրե, որ աշխարհի ամենեն զարգացած երկիրներու մեջ առաջին մտահոգությունն այն է, որ չաշխատող մարդ չմնա երկրին մեջ, դա իրենց համար փորձանք է։ Անշուշտ, բարեբախտաբար, դուրսեն օգնում են հայերն իրարու։ Սակայն, ես չէ, որ պիտի ըսեմ, ամեն մարդ կտեսնե, որ ողորմելի վիճակ է։

- Արդյոք դա՞ է արտագաղթի պատճառը։

- Արտագաղթը նոր չէ, որ սկսվել է, որովհետեւ անհանգիստ են նյութապես, ինչու չէ, նաեւ բարոյական անվստահություն կա, անորոշություն է ստեղծված երկրին մեջ, դա հիմք է ստեղծում, որ մարդիկ թողնեն, գնան։ Բայց մյուս կողմեն նաեւ քաջալերվում է դուրսեն։ Ես պարզ տեսնում եմ, որ այդ երկիրները ուզում են թուլացնել Հայաստանը, տկարացնել, որ իրենց համար դուրսեն ավելի հեշտ ըլլա ուզածնին ընելը։

- Ինչպե՞ս կարելի է կանխել արտագաղթը։ Ինքներդ դրսից եք եկել, ի՞նչն է ձեզ պահում այս հողի վրա։

- Անկեղծորեն ինձ միլիոն անգամ այս հարցը տվել են։ «Ինչո՞ւ եկաք այստեղ»։ Եկել եմ, որովհետեւ երկիրս է եւ ուզում էի գալ, չէի իմանում սովետական ռեժիմն ինչ է։ Հայաստանը մի տեղ էր, դա էլ սովետական պետության սահմաններու մեջ էր։ Երկու Հայաստան չկար, որ նախընտրեիրՙ սա թե՞ նա։ Կամ պետք է ընդունեիր երկիրդ, մտածեիր, որ ռեժիմը, որում քո երկիրը գոյություն ունի, լավ ռեժիմ է, ադկե ավելի բնական զգացողություն չեմ պատկերացնում։ Անշուշտ, ուրիշ հարց է, երբ եկանք, տեսանք, որ սա բռնատիրություն է, դժվար երկիր է, մարդկանց մեծ մասը չընդունեց, եւ երբ ժամանակը եկավ, թողեցին, գնացին։ Հիմա դժբախտաբար եկողները չեն, որ գնում-հեռանում են, այլ այն մարդիկ, ովքեր ծնվել, մեծացել են այս երկրի մեջ։ Կարելի է ասել, որ Եղեռնից հետո ամենամեծ աղետն այս արտագաղթն է։ Եթե Եղեռնից հետո ստիպեցին մարդկանց, որ թողնեն իրենց երկիրը, հիմա կամավոր են թողնում։ Ո՞ւմ է պետք այն երկիրը, եթե մեջը բնակչություն չկա եւ նրա լեզվով խոսող չկա։ Ամեն մարդ արժեք մըն է երկրի համար, եւ եթե մենք ուզում ենք պետություն ստեղծել, սրանից ավելի մեծ կորուստ չկա։ Մեր ժամանակի մեծ մղձավանջն է սա։

- Համաձա՞յն եք արդյոք այն կարծիքին, որ Հայաստանից եթե այս արտահոսքը չլիներ, սփյուռքը կկորցներ հայկական նկարագիրը։

- Սփյուռքին 50 տարվա ժամանակ տուր, նա չի լինի էլ։ 50 տարի վերջ եթե աշխարհ գանք, կտեսնենքՙ ոչ Ամերիկայի մեջ հայ կա, ոչ Ֆրանսիայի մեջ։ Սփյուռքը այնպիսի օտարություն է, այնպիսի միջավայր է, որ դու չես կարող երկար ժամանակ դիմադրել այդ ճնշումին։ Հայաստանի ժողովուրդը սփյուռքը չի ճանաչում։ Եվ չի իմանումՙ ինչ է կատարվում։ Եղեռնից հետո ի պատիվ հայերու պիտի ըսել, ուր գնացին, որովհետեւ խելք ունեին ե՛ւ կարողություն, ե՛ւ նկարագիր, փորձեցին կազմակերպվիլ իբրեւ հայկական համայնքներ, բնականաբար մեծ ուշադրություն դարձրին դպրոցներ, եկեղեցիներ, միություններ հիմնելուն։ Հրաշալի էր սկիզբը։ Այդ սերունդն ամեն ճիգ անում էր, որ իր երեխաները հայկական կրթություն ստանային, բայց հաջորդ սերունդն իր երեխաներին պարտավոր էր ուղարկել տեղվույն համալսարանները, սովորել տեղվույն լեզուն, մշակույթը, բայց երրորդ սերունդը գիտե, որ ինքն արդեն օտար է։

- Այսինքնՙ սփյուռքում հայությունը երկար չի՞ կարող դիմադրել։

- Էհ, չի կարող, ինչպե՞ս դիմադրի եւ ինչո՞ւ։ Եթե դու փորձում ես հայ մնալ եւ Ամերիկայի մեջ պիտի մնաս, ամերիկացի դարձիր, եթե փորձում ես հայ մնալ, որպեսզի մի օր վերադառնաս, արդեն ուրիշ պատմություն է։ Եղեռնից 30 տարի վերջ, 1945-46 թթ., մեծ խումբ մը (հարյուր հազարանոց) եկավ հայրենիք, պահել էին իրենց հայությունը, որպեսզի Հայաստան գային, բայց Հայաստանը չկարողացավ ընդունել նույնիսկ այդ մարդկանց։

- Ե՞րբ եք սկսել նկարել։

- Նկարել եմ փոքր տարիքից։ Կրնամ ըսել, որ մնայուն կերպով որոշել եմ, որ նկարիչ պիտի ըլլամ 30 տարեկանիս։ Մի երկար ժամանակ թողնելով նկարչությունըՙ հետո անդրադարձել եմ, որ ես ուրիշ ելք չունիմ։

- Ինչո՞վ էիք զբաղվում ժամանակավոր դադարի ընթացքում։

- Հավանաբար ոեւէ օգտակար բան չէի անում։ Քանի որ գտնում եմՙ եթե մարդ ունի Աստուծմե տրված որոշ հատկություններ (եւ ամեն մարդ ունի) եւ եթե չի գիտակցում, չի կենտրոնանում այդ բարիքի վրա, ինքը անպայման շատ սխալ բաներ է անում։ Անշուշտ, եթե ճշտվեր մարդոց կարողությունները, մարդն իր ունակություններուն համապատասխան ապրեր, ավելի լավ կանցներ կյանքը։ Բայց դժբախտաբար աշխարհն այնքան դաժան է դարձել, որ զարգացած կոչված երկիրներու մեջ մարդու ծնված օրեն մինչեւ մեռած օրը կյանքը ծրագրված գնում է, ինքը չի անդրադառնում, որ իր կյանքը իրենը չի, ուրիշինն է։ Անշուշտ, չի կարելի բոլորի կյանքը ծրագրել, բայց որոշ սիստեմ ստեղծված է, որում մարդիկ գալիս են, ծնվում, աշխատում ու մեռնում...

- Անիմաստ չի՞ արդյոք դառնում կյանքը։

- Դե գիտես, փիլիսոփաներն ասում են, որ կյանքն անիմաստ է, աբսուրդ է եւ այլն։

- Դուք ի՞նչ եք մտածում։

- Գիտես, եթե մտածես, որ կյանքն անիմաստ է, ուրեմն քեզ բաժանում ես քեզ շրջապատող մարդկանցից։ Ես գտնում եմ, որ մարդ արարածի բոլոր ուրախությունները, տխրությունները, ձախորդությունները պայմանավորված են մարդկային հարաբերություններով, եւ դու չես կարող խուսափիլ այն ուրախություններից, որ քեզ ուրիշը կարող է պատճառել եւ փոխադարձաբար։ Աբսուրդ մտածող մարդը պետք չունի ուրիշներու հետ հարաբերության։ Ինքնաբերաբար մեկուսացված է։

Բայց ես գտնում եմ, որ մարդը չի կարող խուսափել ուրիշներու հետ փոխհարաբերություններից։

- Գուցե անորոշությո՞ւնն է մարդուն հասցնում աբսուրդի գաղափարին։

¬ Այսպիսի խորհրդածություն ընենքՙ մարդը հեղհեղուկ արարած է, ինքը մինչեւ վերջ չի կրնար ինքզինք ղեկավարել եւ չենթարկվիլ իրենից անկախ ազդեցություններու, պարտավորություններու։ Մարդը չգիտի իր ծննդի նպատակը։ Ես մի ընկեր ունեի, շատ համակրելի նկարիչ էր, այդ մասին փիլիսոփայում էինք մի անգամ։ Ըսիՙ մարդ չգիտի կես ժամ վերջն ինչ պիտի պատահի, ըսավ, որ այդպես էՙ արի երթանք խմենք։ Բայց եւ մարդու հնարավորություններն էլ անսահման են եւ, հրաշքն այն է, որ մարդը ստեղծագործում է, չի կարող կենալ առանց պրպտելու, հետաքրքրվելու։

- Մենակությունը դժվար տանելի բեռ է եւ մեր դարաշրջանի մարդու ողբերգությունը դա է։ Մարդու եսակենտրոնությունը բերում է միմյանց միջեւ օտարացման, ի՞նչ եք խորհում այս առիթով։

¬ Ամեն մարդ իր կյանքն ապրում է ինչպես ստեղծված է, ատոր համար է, որ մինակության գաղափարը մեջտեղ է գալիս, մենք մինչեւ որոշ տեղ միայն ի վիճակի ենք թափանցելու ուրիշներու մեջ։ Այստեղ է գալիս նաեւ պատասխանատվության հարցը, որ դուն քեզի բաժին ընկած պատասխանատվությունն ուրիշի վրա չգցես, ու չդատապարտես ուրիշներու։ Հաճախ սպասում ենք, որ դիմացինը մեզի պես ըլլա։ Ինչո՞ւ մենք չենք հավանում ուրիշներին, որովհետեւ, կարծում ենք, թե նրանք պարտավոր են մեզի պես մտածելու։ Բայց այդպես չէ, ամեն մարդ իրավունք ունի ըլլալու, ինչպես որ է ինքը։

Կյանքն այսպես է, մենք պիտի հասկնանք, որ ոչ թե մինակ ենք, այլ մեր կյանքն ենք ապրում։

- Ո՞րն է մտավորականի ձեր ընկալումը։

- Մտավորական բառը շատ գործածվող բառ մըն է։ Ես թերեւս մի քիչ ծայրահեղ պիտի ըսեմ։ Ես գտնում եմ, որ մտավորականն այն մարդն է, որ իր ամբողջ մտասեւեռումն իր ժողովրդի ֆիզիկականը եւ հոգեկանը պաշտպանե, չթողնի վտանգվե։ Կոմիտասն ամբողջ կյանքը մտածել է հայ երգը փրկել փչացումից։ Թամանյանը։ Թամանյանի շենքերը հանենք, Երեւան չկա։

Նրանք գալիս են չգիտես երբ, ինչպես եւ նրանց լավագույն օրինակը Քրիստոսն է, որ ուզում է մարդկությանն օգնել, բայց նրան խաչում են։ Սա այն տեսակ մարդու կերպարն է, որ գալիս է հասարակության մեջ այդ գործն անելու եւ չի կարող չանել։ Սոկրատը նույն բանն է արել Քրիստոսից հինգ դար առաջ, երբ նրան տանում են դատարան, իբր նա ապականում էր երիտասարդությանը, աշակերտներն ուզում են իրեն փրկել, Սոկրատն ասում էՙ ես մի քանի տարի կյանք ունեմ, թող հետո իրենք մտածեն, ես հանգիստ եմ, որ սխալ բան չեմ արել։ Մտավորականն այսպես եմ հասկանում, թե ոչՙ կրթությունը կամ զարգացումը, գիտելիք հավաքելը մտավորականության բան չէ անպայման, դա մեկ կողմն է։ Այդ տեսակ մարդը կրնա ամենամեծ վնասը պատճառել իր գիտությամբ, եթե չունի այդ հոգին։

- Վարպետ, ասացիք Քրիստոսը մարդ է։

- Մեր եկեղեցին ասում էՙ կատարելապես մարդ է եւ կատարելապես Աստված է։ Եթե կատարելապես մարդ է, ես այս պահին մարդու մասին եմ խոսում։ Հաճախ մենք նրա կատարելապես մարդկային մասը մեկ կողմ ենք թողնում, մտածում ենք, որ նա Աստված է։ Ոչ, նա նաեւ կատարելապես մարդ էր եւ ապրում էր մարդու բոլոր տանջանքները։ Ինչո՞ւ նա ասում էՙ ինձանից հեռու տար այս բաժակը, եթե կարող ես։ Ի՞նչ էր արել նա. մարդուն ուզում էր օգնել, սիրում էր, նրան ինչո՞ւ խաչեցին։

- Այ, ինչո՞ւ է հասարակությունն այդպիսի ընտրյալների խաչում, մերժում է բարությո՞ւնը, չի՞ ընդունում իրենից տարբերին։

- Հոգեկան տանջանք մըն է այդ բանն ինձի համար, չեմ կարող բացատրել։ Հակառակ այդ ամենի, նրանք գալիս են։ Կոմիտասի մասին մի հոդված էի պատրաստում, այդ ժամանակ էրՙ անդրադարձա, որ Քրիստոսի մարդկային մասը չենք տեսնում։ Իր պատգամներն ամենեն բարի եւ գեղեցիկ պատգամներն են, եւ կարեւորը, թե որքան մարդ կարող է իրագործել, մաքուր պահել դրանք։ Կառուցեցինք եկեղեցիներ, նկարներ, քանդակներ արեցինք, ծածկեցինք դրանք։ Ի՞նչ էին արել այս մարդիկը, որ թուրքերը կոտորեցին, ի՞նչ էին արել աքսորյալները սիբիրական, ի՞նչ էր արել Չարենցը։

- Պատգամներ կատարելն ավելի դժվար է, քան եկեղեցու քարե կառույցը սարքելը, եթե մարդկությունը հետեւեր այդ պատգամներին, այսպիսին չէր լինի, դյուրին ճանապարհն է թերեւս ընտրել։

- Անշուշտ, նպատակն այդ է եղել, բայց չի գնում այդ ճանապարհով։

Վարպետի հետ իր գույների, իր նկարչության մասին շատ քիչ զրուցեցինք, դա ուրիշ խոսակցություն է, ասաց։

- Իդեալական վարպետը, որ Հայաստանի իրական գույները կտեսնե, Սարյանն է։ Ես նկարիչ եմ, նկարում եմ, չեմ մտածում, թե նկարներս ինչ տպավորություն կգործեն մարդոց վրա։ Ես ինչ կարողանում, այն եմ անում։ Գիտես, նկարն էլեկտրական լարի պես բան մըն է, պետք է մեկ կողմեն էլեկտրականություն մտնի այդ լարի մեջ, մյուս կողմեն դուրս գա։ Եթե ես կարողանում եմ էլեկտրականություն անցկացնել դրա միջով, ուրեմն հասել եմ նպատակիս։ Ու եթե ապրել եմ մի բան ու դա արձանագրում եմ, պետք է հասնի քեզ։ Ես մեկ բան եմ մտածում, իմ գործս լավ անեմ։ Եթե իմ գործն օգուտ մը կբերե իմ ժողովրդիս, թող մեծ բառեր չհնչեն, հասել եմ նպատակիս։

- Վարպետ, եղե՞լ են այնպիսիք, ովքեր իրենց մեկնաբանություններով կարողացել են թափանցել ձեր մեջ, վերարտադրել ճիշտ ձեր ապրումը, մտածումը։

- Ընդհանրապես նկարը բան մըն է, որ պիտի նայիս, խոսակցության շատ կարիք չկա։ Քու ըսածը հետաքրքրական հարց է այն իմաստով, որ սովետական ռեժիմի մեջ ապրելով եւ գալով դուրսեն, ինձ սիրող արվեստաբաններն ամեն ինչ արեցին, որ ինձ պաշտպանեն, եւ իրենց մեկնաբանություններու խորքը, նպատակը դա էր, ավելինՙ ես նրանց նայում եմ որպես իմ ընկերների, ոչ թե իմ գործս մեկնաբանողների։

Դա ինձ օգնեց, որ ես կամաց-կամաց ձուլվիմ այս հասարակությանը, ես բոլորովին չեմ բողոքել, ոեւէ պահանջ չեմ դրել, ասենք, որ 5 տարի Լենինականում արվեստանոց չունեի, հիմա տես, ինչ արվեստանոց ունիմ, եւ արվեստանոցը ոչ թե լյուքս է, շքեղություն, այլ անհրաժեշտություն մըն է։ Ես իմ տան փոքր մի անկյունում 5 տարի աշխատել եմ, բայց ոչ ընկճվել եմ, ոչ բողոքել, մեկ մտահոգություն ունեցել եմՙ կարողանամ անել, ինչ որ ուզում եմ։

- Արե՞լ եք դա։

- Կարծում եմ, որ արել եմ այնչափ, որչափ որ հնարավոր էր։

Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ

Հ. Գ. Հաջորդ այցիս վարպետին հանդիպեցի ավելի մտաբեռ։ Կարդաց Կոմիտասի մասին իր գրած խոհերը, մտորումներ այն մասին, թե որքան շատ ենք զգում մենք Կոմիտասի նման անհատների կարիքն այսօր։ Ինքըՙ նկարիչը, Կոմիտասի շարունակողներից մեկն էՙ մեր ժամանակների Հայաստան աշխարհի գույների լավագույն մեկնաբանը։ Ափսոսանք ապրեցի, որ այդ պահի իր մտքերն ու խոհերը չգրառեցի։ «Հոգ չէ, ասաց, երբ էլ գաս, կխոսիմ այսպես, իմ մտածածս է։ Դուն կերթաս հիմի, ես կնկարեմ ու մտքերս իրենք իրենց կմենախոսեն...»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4