Հացի չարչրկված թեման հնարավոր է, որ արդեն առաջիկա օրերին բնակչության համար շահեկան լուծում ստանա, թեպետ գումարային առումով հացի գինը կառավարության միջամտությունից հետո այսօր իսկ վերադարձվել է նախկին մակարդակին։ Ընդ որումՙ եթե սպառողը շահի, ապա հացարտադրողների մի մասը չի բացառվում, որ տուժի։ Դա տեղի է ունենալու, եթե ԼՂՀ հարկահավաքները եւ համաճարակաբանության ծառայողներն անհրաժեշտ խստությամբ իրականացնեն կառավարությունում դեկտեմբերի 1-ի խորհրդակցության ժամանակ վարչապետի տված հանձնարարականները։ Այդ օրը հերթական անգամ անդրադառնալով հացի թանկացման խնդրինՙ վարչապետ Անուշավան Դանիելյանը վերստին ընդգծել է, որ պետությունը չի կարող անտարբեր մնալ նման երեւույթների նկատմամբ։ Ըստ էության, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հացարտադրողների մի մասը հանցավոր համաձայնության գալով իրար հետՙ կտրուկ բարձրացրել է հացի գներըՙ ստանալով գերշահույթներ։ Մինչդեռ, ինչպես ընդգծվել է նշված խորհրդակցությունում, հացի թանկացումը կապ չունի ցորենի եւ ալյուրի գնաճի հետ։
Վարչապետը շեշտադրելով սպառողների շահերի պաշտպանությունը, որն ամրագրված է օրենքով, նշել է, որ չպետք է թույլ տալ հացի շուկայում որեւէ արտոնյալություն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում չորս անգամ այս խնդրին անդրադառնալը պահանջադրել է համակողմանիորեն ուսումնասիրել վիճակը եւ պարզել, որ շատ հացարտադրողներ չեն պահպանում հացի քաշի, տեսականու եւ որակի ստանդարտները, ինչպես նաեւ չեն ապահովում սանիտարահիգիենիկ պայմանները։ Այս ամբողջի հետ առկա է նաեւ հացի ինքնարժեքի ոչ ճիշտ որոշումը։ Հացարտադրողների մի զգալի մասը, ըստ ուումնասիրությունների, հարկերից խուսափելու նպատակով հաճախ թաքցնում է իրական տվյալները եւ կեղծ հաշվետվություններ ներկայացնում։
Խորհրդակցությունում նշվեց, որ Արցախում հացի առավելագույն գինը չպետք է հատի 100 դրամի սահմանագիծը, որի կապակցությամբ որոշում է ընդունվել ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կվերահսկի եւ կհամակարգի հացարտադրողների գործունեությունըՙ պաշտպանելով նաեւ սպառողների շահերը։
Կառավարության այս խստապահանջությունը ենթադրում է որոշ հացարտադրողներիՙ ոլորտից դուրսմղում, որովհետեւ հազիվ թե վերջիններս ի վիճակի լինեն ապահովել պահանջվող չափանիշները։ Համենայն դեպս, վարչապետը հրապարակայնորեն նկատել է տվել, որ ինքը թույլ չի տա այս իրավիճակի շարունակում։
Հնարավոր չէ՞ր արդյոք հացարտադրության ոլորտում ավելի վաղ հայտնաբերել վերոհիշյալ թերացումներն ու մեղավորներին պատժել։ Եվ, առհասարակ, սա վերջի՞ն թանկացումն է լինելու գոնե տեսանելի ապագայում։ Հարցերին սպառիչ պատասխան կարելի է տալ թերեւս այն բանից հետո, երբ հացարտադրման չափանիշներն իրոք կապահովվեն բոլոր հացարտադրողների կողմից, եւ մեղավորներն էլ իսկապես կպատժվեն։ Իսկ այդ բոլորի իրականացման համար, թվում է, պարտադիր չէ, որ գործադիր իշխանությունն անպայման միջամտի։ Խնդրի դրական լուծումը թերեւս կարելի է ակնկալել ենթադաս իրավասու կառույցների ամենօրյա պարտականությունների ճիշտ կատարման մեջ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ