Հունանյանները, Գրիգորյանը, Գալստյանը, Բեջանյանը, Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, իսկ Ստեփանյանըՙ 14 տարվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանն այսօր հրապարակեց «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով դատավճիռը։
Դատարանը, ապացուցված համարելով ամբաստանյալների մեղքը, վճռեց Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանինՙ 14 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանը վճռեց թողնել անփոփոխ, պատժի ժամկետը համարել ձերբակալման օրվանից։
Դատարանը նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները դատավճռով համապատասխանեցրեց այս տարվա օգոստոսի 1-ից գործողության մեջ մտած նոր քրեական օրենսգրքի դրույթներին։ Ըստ որի, ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց պետական իշխանությունը յուրացնելու, ահաբեկչության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության, ահաբեկչության հանցափորձի, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու հոդվածներով։
Դատավճռով ամբաստանյալներից կբռնագանձվի 9 մլն 789. 565 դրամ, իրեղեն ապացույցները կմնան քրեական գործում։
Հիշեցնենք, որ դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ նոյեմբերի 14-ին։
1999 թ. ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Դատավարությունը սկսվել էր 2001 թ. փետրվարի 15-ին, եւ այս ընթացքում կայացել է 297 նիստ։ Քր. գործով կար 91 տուժող, 8 իրավահաջորդ, 123 վկա, իսկ ԱԺ շենքին հասցված նյութական վնասը կազմում է 9 մլն 789. 565 դրամ։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանումՙ 15 օրվա ընթացքում։ Հնգօրյա ժամկետում դատավճիռը կտրամադրվի ամբաստանյալներին եւ դատավարության մյուս մասնակիցներին։ Այն նաեւ ամբողջությամբ կհրապարակվի մամուլում։
Մեղադրող Գ. Ավետիսյանը, դատավճռի հրապարակումից հետո պատասխանելով Արմենպրեսի թղթակցի հարցին, հայտնեց, որ դատավճիռը բավարարում է մեղադրող կողմին։ Նկատենք, որ ամբաստանյալ Ա. Կնյազյանի համար մեղադրողները միջնորդել էին 15 տարվա ազատազրկում, մինչդեռ դատարանն ավելի խիստ պատիժ սահմանեցՙ ցմահ ազատազրկում։ Տուժող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով Արմենպրեսի թղթակցի հարցինՙ արդյոք գո՞հ է դատավճռից, նշեց, որ ինքը միջնորդել էր գնդակահարություն մեղադրյալների համար, մինչդեռ օրենքով ամենախիստ պատիժը ցմահ բանտարկությունն է։