Մոսկվացի հայ բժիշկն անդրադառնում է համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրեսին
Մոսկվացի բժիշկ, թիվ 23 կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ, բժշկագիտության թեկնածու Ռոլանդ Մեհրաբյանի գրասեղանի վերեւում փակցված է համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրեսի հավաստագիրը, սեղանի վրա պատվավոր տեղ է գրավել գունազարդ ծրագիր-հրավերը։ Զգացվում է, որ աշխատասենյակի տերը հպարտանում է իր «հուշամատյանով»։
- Կյանքիս անմոռանալի ու հուզիչ օրերից էին, - ասում է բժիշկ Մեհրաբյանը։ - Նորից հայրենիքում էի, եւ որ ամենակարեւորըՙ հայրենի ալմա-մատերումՙ այժմ արդեն Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Ծանոթ լսարանները, լաբորատորիաները, ամբիոնները... Ափսոս չկային իմ դասախոսները...
- Ծանոթանալով միջոցառման մասնակիցների ցուցակին, այն տպավորությունն ես ստանում, որ տեղի մասնագետներից հետո ամենապատկառելին մոսկովյան ներկայացուցչությունն է եղել։
- Մեր պատվիրակությունն, իրոք, մեծաքանակ էր։ Քանի որ կոնգրեսը մասնագիտական էր, ապա մեծ հետաքրքրություն էին դրսեւորել նաեւ մոսկվացի ոչ հայ բժիշկներՙ հայտնի վիրաբույժներ, գիտնականներ եւ այլն։ Լ. Ռոշալի ներկայությունն արդեն շոյիչ էր։ Արժե հատուկ նշել, որ կոնգրեսը կազմակերպված էր գիտական ու տեխնիկական բարձր մակարդակով։
- Իսկ ի՞նչ կասեք ձեր պատվիրակության հայ մասնակիցների մասին։
- Ամենատպավորիչն այն էր, որ հայերիս մոտ 80 տոկոսը Երեւանի բժշկական ինստիտուտի շրջանավարտներ էինքՙ այսօր արդեն բժշկագիտության բնագավառի ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտության դոկտորներ, գիտական ու պետական մրցանակների դափնեկիրներ։
- Համագործակցության կամուրջներ ստեղծվեցի՞ն։
- Ըստ էության, մենք վաղուց ենք համագործակցումՙ գլխավորապես կադրերի պատրաստման, դիսերտացիաների պաշտպանության, գիտական լրատվության փոխանակման ասպարեզում։ Նոր հանդիպումները, շփումներն, անշուշտ, կընդլայնեն փոխհամագործակցության շրջանակները։ Պատահական չէ, որ բոլորս էլ ակտիվորեն մասնակցում ենք Մոսկվայի ազգային-հասարակական կյանքին, Ռուսաստանի հայերի միության գործունեությանը, օգնում ենք մեր հայրենակիցներինՙ մոսկվացի թե հայաստանցի։
- Ի՞նչ կասեք Հայաստանի ներկա բժշկական մակարդակի մասին։
- Ինչպես ասում ենՙ հաճելիորեն զարմացած էի. մակարդակը բավականին բարձր է։ Զգացվում է, որ տեղի մեր գործընկերներն ակտիվ հարաբերությունների մեջ են շատ երկրների մասնագետների հետՙ հայ թե այլազգի, եւ Հայաստանում ինքնուրույն կամ նրանց աջակցությամբ արմատավորում են բժշկության արդիական նվաճումները, նորագույն տեխնիկան եւ այլն։ Դա հերոսություն է մեզ հայտնի քաղաքական-տնտեսական բեկումների պայմաններում։ Չարժե խորանալ նեղ մասնագիտական խնդիրների մեջ, բայց կոնգրեսում քննարկված հարցերը, կրկնում եմ, բարձր մակարդակի էին։
- Կմասնակցե՞ք հաջորդ կոնգրեսին։
- Հաճույքով։ Արդեն պատրաստվում ենք։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա