«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՀԱՅԹԱՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ

Երեւանցի նկարիչներ Վարդան Թովմասյանի եւ Արա Հայթայանի մի շարք գործեր հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը ցուցադրվել են Փարիզի «Էվերար» պատկերասրահում։ «Աշխարհ» թերթից տեղեկանում ենք, որ 1948 թ. ծնված Վարդան Թովմասյանի գործերն արդեն մի քանի անգամ ներկայացվել են Փարիզի արվեստասերներին։ Նրա նկարները կրում են ուժեղ անհատականության կնիքը։

Վերջին ցուցահանդեսում ներկայացված էին Վարդանի 17 յուղաներկ կտավներ եւ 5 գծանկարներ։ Վարդան Թովմասյանի նկարներն աչքի են ընկնում կարմիր եւ կապույտ գույների գերակշռությամբ ստեղծված գունազուգորդություններով, հաճախ մեկ վրձնահարվածով նկարված կերպարների առատությամբ, գունազարդ ֆոնով։ Նրա գործերում մեծ տեղ են գրավում գունային հակադրությունները։ Տպավորիչ գծանկարները փոքր-ինչ հիշեցնում են Պիկասոյին։

Վան Գոգի երկրպագու Արա Հայթայանի գործերում մշտապես զգացվում է սիրելի նկարչի ներկայությունը։ Հայթայանի նախընտրած թեմաներն են նատյուրմորտը եւ աթոռի կամ ծառի հետ կապված վարիացիաները։ Նա նկարում է նաեւ միահյուսված ձեւերով, մթագնած գույներով բնապատկերներ, որոնք կազմում են յուրօրինակ ապակե նկարներ։ Ներկայացված էին նաեւ Արայի երկու հետաքրքրական ջրաներկ գործեր, որոնք նրա անհատականության վկայությունն են։ 1965 թ. Երեւանում ծնված Արա Հայթայանը 1992 թ. ավարտել է տեղի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4