«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


«ԲԱԶՈՒՄ ՖԻՐՄԱՆ» ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին Վանաձորի «Բազում ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկությունը 2 միլիոներորդ արտադրանքն առաքեց ամերիկյան «Ամերեքս գրուպ» կազմակերպությանը։ Խորհրդանշական «Հայաստան» մարզահագուստը կտրվի անձամբ «Ամերեքս գրուպի» նախագահ Աիրա Գենգերին։

Այդ օրն ԱՄՆ առաքվեց 30.240 միավոր 9 տեսակի հագուստեղեն։ Ինչպես տեղեկացանք «Բազում ֆիրմայի» գործադիր տնօրեն Յուրա Միքայելյանիցՙ այդ նշանավոր իրադարձության առթիվ ձեռնարկությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 մլն դրամ եւ հաջորդՙ 3 միլիոներորդ արտադրանքի առաքման կապակցությամբ եւս ձեռնարկությունը որոշել է նույնքան գումար փոխանցել հիմնադրամին։

«Բազում ֆիրման» այն եզակի հիմնարկներից է, որ 1988-ի երկրաշարժից 18 օր հետո վերսկսեց իր աշխատանքը։

1996-ին արդեն աշխատողների թիվը 400-500 էր։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն (այժմՙ խորհրդի նախագահ) Ռաֆայել Մխիթարյանը գերխնդիր էր համարում առկա հզորությունների պահպանումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։

1996-ին «Բազում ֆիրման» սկսեց գործակցել ամերիկյան «Ամերեքս գրուպ» կազմակերպության հետՙ ԱՄՆ առաքելով կանանց, տղամարդու եւ մանկական բաճկոններ, կիսատաբատներ եւ այլն։

Մինչեւ 2000 թ. ձեռնարկությունը գտավ ֆինանսական ծանր վիճակից դուրս գալու ելքեր. մարվեցին պետբյուջեին եւ մատակարար կազմակերպություններին ունեցած պարտքերը, մասնակի նորոգում կատարվեց արտադրամասերում, հիմնովին նորոգվեցին մասնաշենքերի տանիքները։ 2000 թ. ապրիլին ԱՄՆ առաքվեց միլիոներորդ արտադրանքը։

Վերջին երեք տարիները «Բազում ֆիրմայի» համար վերելքի տարիներ էին։ 2002 թ. ձեռք բերվեց ճապոնական «Թաջիմա» ֆիրմայի 12 գլխիկանոց, 9 թելանոց ժամանակակից կարի մեքենա, որն ապահովում է արտադրանքի բարձր որակ։ Ձեռնարկության զարգացումն է հավաստում նաեւ այն փաստը, որ եթե միլիոներորդ արտադրանքն առաքելու համար պահանջվեց 3,5 տարի, ապա 2 միլիոներորդը թողարկվեց 2 տարի 7 ամիս հետո։ Եթե նախկինում արտադրանքի ընդհանուր ծավալի 2 տոկոսն էր սպառվում ներքին շուկայում, ապա այժմՙ 12 տոկոսը։

Ինչպես տեղեկացրեց Յուրա Միքայելյանը, անցած տարիներին ներքին շուկայում սպառվել են շուրջ 100 հազար միավոր հագուստեղեն եւ լայն սպառման ապրանքներ։ Այժմ ձեռնարկությունն արտադրում է շուրջ 60 տեսակի տղամարդու, կանանց, մանկական բաճկոններ, կիսատաբատներ, վերնահագուստ եւ այլն։

Այսօր ֆաբրիկայում աշխատում է 855 մարդ, ովքեր, չնայած պատվերների հետ կապված կարճատեւ պարապուրդներին, գոհ են աշխատանքի պայմաններից։ Վանաձորում կարի նախկին միավորման բազայի վրա բացի «Բազում ֆիրմայից» ձեւավորվել են նաեւ «Դավգար», «Սարտոն», «Վանակար», «Գլորիա» ՍՊԸ-ները, որոնք այսօր շարունակում են մնալ Լոռու մարզի թեթեւ արդյունաբերության առաջատար հիմնարկները։ Առաջին չորսի խորհրդի նախագահը Ռաֆայել Մխիթարյանն է, եւ բոլորի ընդհանուր աշխատողների թիվն անցնում է 2 հազարից։ Միայն այս տարի ստեղծվել է շուրջ 150 նոր աշխատատեղ։ 1998-ից «Ամերեքս գրուպը» պատվիրատու կազմակերպություն է վերոնշյալ բոլոր ձեռնարկությունների համար։

«Բազում ֆիրման» համագործակցության հեռանկարներ ունի նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։

Գործադիր տնօրեն Յուրա Միքայելյանի հավաստմամբՙ ընդլայնվում են նաեւ արտադրանքը ներքին շուկայում իրացնելու հնարավորությունները, որոնք պայմանավորված են ե՛ւ որակով, ե՛ւ շուկայականից անհամեմատ էժան գներով։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4