«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՄՙ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԲՆԱԿՖՈՆԴՈՎ

Սպիտակի երկրաշարժից անցել է արդեն 15 տարի, եւ այսօր մենք գրեթե նույնքան անպաշտպան ենք բնությունից ի վերուստ մեզ առաքված աղետի հանդեպ, ինչ 15 տարի առաջ։ Մեծ աղետի ամենաշոշափելի արդյունքը թերեւս Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծումն էր, որը կարճ ժամանակաշրջանում դարձավ տարածաշրջանի ամենահզոր կառույցը։ Ստեղծվեցին արագ արձագանքման, փրկարարական ջոկատներ, որոնք աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած աղետների ժամանակ կարողացան հասնել ու օգնել մարդկանցՙ ցուցաբերելով մասնագիտական բարձր որակներ։ Իհարկե, երկրաշարժից 15 տարի անց բնակչությունն անհամեմատ ավելի տեղյակ է, թե ինչպես է իրեն պահելու ցնցումների ընթացքում, գոնե տարրական գիտելիքներ ունի նաեւ առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

Միջազգային տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ բնակչության գոնե տեսական պատկերացումները հնարավոր եղավ հստակեցնել։ Սակայն ամենը միայն տեսության ասպարեզում։ Հենց այն պատճառով, որ մոլորակի ոչ մի կետում ոչ մի գիտնականի չի հաջողվել կանխատեսել որեւէ երկրաշարժի օրն ու րոպեն, ճակատագրական արհավիրքի դեմ պայքարելու գլխավոր միջոցը դառնում է գլխի վերեւ ամուր տանիք ունենալը։ Աղետի գոտում կարծես թե այդ խնդիրը լուծվել է։ Երկարատեւ դադարից հետո 2000 թ. այստեղ բուռն շինարարություն ծավալվեց։ Գոնե այս տարածքի բնակչության համար ամուր պատ ու առաստաղով տուն ունենալը հոգեբանական պարտադրանք է դարձել։ Սակայն սեյսմակայուն շինարարությամբ կարող է հատկանշվել միայն երկրաշարժի գոտին, եւ ոչ ավելին։ Հանրապետության բնակչության մի զգալի տոկոսՙ 450 հազար մարդ ապրում է բազմաբնակարան շենքերում, որոնք տարիներ ջեռուցվել-չջեռուցվելու փորձություններին ենթարկվելով, չնորոգվելով ու չամրանալով, խոցելի թիրախ են դարձել ընդերքի նույնիսկ համեստ ցնցումների համար։ Բայց երբ մարդ գլխացավ պատճառող որեւէ հոգս է ունենում, կամ երբ կանգնում է վիհի եզրին, սովորաբար աշխատում է այդ մասին չմտածել կամ հայացքը ներքեւ չի խոնարհում։ Հիմա մենք այդ վիճակում ենք։

Երեկ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը ասուլիս էր հրավիրելՙ պատմելու, թե փորձանքի, աղետների, արհավիրքների ժամանակ պետությունն ու հասարակությունը որքանո՞վ են պատրաստ դիմագրավելու։

Դատելով նրա լավատեսությունից, մեր վիճակն այս առումով այնքան էլ վատ չէ։ Հատկապես փրկարարական ջոկատների կազմակերպումն ու դրանց մասնագիտական որակը բարձր գնահատեց գեներալ-մայորը։ Ինչ վերաբերում է Երեւանի սեյսմիկ ռիսկի գնահատմանը, ապա, ըստ Հ. Հարոյանի, «ոչ ոք չի կարող ասելՙ 5 թե՞ 10 բալի կդիմանան շենքերը», եթե Աստված չանի, փորձանք լինի։ Բայց նույնիսկ վարչության հին շենքը 7 բալի փորձարկման դիմացել է։

Չնայած վարչությունում գեոինֆորմացիոն նորագույն սիստեմներ կան, որոնք գործում են մաթեմատիկական մոդելավորման սկզբունքով, բայց համակարգային ուսումնասիրություններ չեն կատարվել։ Ե՛վ շենքերի, ե՛ւ իրավիճակային գնահատումներ կլինեն եկող տարի։ Որ հանրապետական բնակֆոնդում բազմաթիվ են վթարային, կիսավթարային, քայքայված ու կիսաքայքայված շենքերը, գեներալ-մայորը չի ժխտում, բայց այդ շենքերի ճակատագրի, դրանց ամրացման խնդիրը համարում է բնակարանատերերի խնդիրը, քանի որ մեզ մոտ բոլորն ապրում են սեփականաշնորհված բնակարաններում։

«Ազգի» դեկտեմբերի 4-ի համարում արձանագրել էինք, թե բնակֆոնդի ճակատագրին վերաբերող նույնօրինակ հարցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նույն պատասխանը տվեց։ Երեւում է, մեր իշխանությունները հաստատապես ձեռ են քաշել պրոբլեմից, մինչդեռ երկրաշարժի դեմ միջոցառումներ մշակելիս առաջինը շենքերի ամրացման մասին պետք էր մտահոգվել։ Եվ եթե դա չի արվում, մնացյալ ամեն ինչն իմաստազրկվում է։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4