«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓԱԿ ՊԱՀԵԼ ԴԺՈԽՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Սիրիական հիմնախնդիրները հայ լրագրողի աչքերով

Նույն վերնագրով իմ նախորդ հրապարակմանն («Ազգ», դեկտեմբերի 3) ի հավելումն նշեմ, որ Սիրիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ-ի Սենատի ընդունած վերջին բանաձեւը («Ազգն» այդ առթիվ իր ընթերցողներին հանգամանալից տեղեկատվություն է ներկայացրել) Դամասկոսի բարձր շրջանակներում, իմ տպավորությամբ, երկակի ազդեցություն էր թողել։ Մի կողմից, դա ընդունում էին իբրեւ իրենց երկրի վրա հնարավոր ագրեսիայի նախապատրաստման արտահայտություն, որից, իհարկե, ամենեւին հիացած չէին։ Մյուս կողմից, բանաձեւի ընդունման եւ Սիրիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման միջեւ հակասություն էին տեսնում։ Դեսպանը, ավելի ճիշտՙ դեսպանուհին, ժամանելու է դեկտեմբերին, եւ վարչապետ Օտրին չէր թաքցնում, թե Վաշինգտոնի կոշտ բանաձեւն ու դեսպան առաքելուց չհրաժարվելն իրենց համար առնվազն տարօրինակ են։ Հիշյալ բանաձեւի առանձին կետեր ուղղակի ծաղրում էին։ Օրինակ, նույն Օտրին, համընդհանուր քրքիջի ուղեկցությամբ, դիմեց լսարանին. «Վաշինգտոնի բանաձեւը նախատեսում է սահմանափակել «Սիրիական ավիաուղիներին» պատկանող օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի տարածքով։ Բայց ի՞նչն են սահմանափակելու, եթե սիրիական ինքնաթիռներն առանց այն էլ չեն թռչում ԱՄՆ-ի տարածքի վրայով...»։

Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Սիրիայի հույսը, եթե հակառակ սպասելիքներիՙ չհաջողվի «փակ պահել դժոխքի դարպասները Մերձավոր Արեւելքում», այսինքնՙ խուսափել նոր պատերազմից։ Առաջին հույսը քաղաքական միջոցներն ենՙ համաարաբական համերաշխության հաստատումը, հատկապես Եգիպտոսի հետ տարաձայնությունների հաղթահարումը, ինչպես նաեւ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի վերանորոգումը, որի ժամկետն ավարտվել է 2001-ին, եւ որը պիտի որ թարմացվի եկող գարնանը։ Երկրորդ հույսը ներքին ռեսուրսներն են։ Ըստ վարչապետ Օտրիիՙ իրենց էներգետիկ ճգնաժամ չի սպառնում («Մեր նավթի պաշարները կսպառվեն մինչեւ 2010 թվականը, սակայն մեծ քանակությամբ գազ ունենք»)։ Երկիրն ապահովված է ցորենի 2 տարվա անձեռնմխելի պաշարով, ձիթայուղի անհրաժեշտ քանակությամբ. ունեն 70 միլիոն ձիթենու ծառ եւ այս ցուցանիշով 2-րդն ենՙ Թունիսից հետո։ Ապահովված են սեփական բամբակով (աշխարհում 3-րդն են), սպառման ապրանքների արտադրությամբ (որքան նկատեցիՙ նույնիսկ գերարտադրության ճգնաժամի նշաններ էին երեւում, թեեւ իրենք դա ժխտում էին)։ Գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ հիմնահարցը ոռոգման ջուրն է, բայց դա էլ այժմ փորձում են հաղթահարելՙ ցնցուղային ոռոգման տեխնոլոգիա կիրառելով, ինչը մեծապես նվազեցնում է ջրի կորուստները (այժմ իրենց բոլոր հողատարածքների 15 տոկոսն այդ տեխնոլոգիայով են ոռոգում)։ Մի խոսքով, հնարավոր նոր պատերազմի դեպքում պարենային եւ սպառման ապրանքների ճգնաժամից չէին վախենում։ Կապի եւ տրանսպորտի միջոցներն էլ վատը չեն, գրեթե ամբողջովին ճապոնական են։ Կարծես թե սոցիալական ներքին պայթյունից վախենալու բան էլ չունենՙ իրականացնում են տարեկան մինչեւ 200 հազար նոր աշխատատեղերի բացման երկարաժամկետ ծրագիր, Դամասկոսի եւ Հալեպի շրջակայքում հիմնել են 3 նոր ինդուստրիալ քաղաքներ, որով հույս ունեն էապես կրճատել գործազրկությունը եւ թուլացնել սոցիալական լարվածությունը։ Վարչակազմը ժողովրդի լայն շերտերի սերն ու աջակցությունն է վայելում (համենայն դեպսՙ արտաքուստ միանգամայն այդ տպավորությունն էր)։ Չէին թաքցնում, որ առաջիկայում իրականացնելու են վարչական բարեփոխումներՙ «գիտական հիմքերի վրա դնելով այդ գործը»։ Լավ չհասկացա, թե դա ի՞նչ էր նշանակում, սակայն հավանաբար նկատի ունեն վարչակառավարչական մեծ ապարատի (1,2 մլն մարդՙ 17 միլիոնանոց երկրում) կրճատումը, ինչպես նաեւ հարկային բեռի թեթեւացումը։ Վերջին դեպքում նկատի ունեին մինչեւ 5000 լիրա (ԱՄՆ 100 դոլար) ստացող քաղաքացիներից հարկերի գանձման իսպառ վերացումը։ Չնայած այս ամենին, չի կարելի ասել, թե Սիրիան հիմա տնտեսական ու հատկապես ռազմական տեսակետից ուժեղ երկիր է, ընդունակ դիմակայելու Իսրայելի հնարավոր նոր հարվածին։ Երկրի տարեկան բյուջեն 8 միլիարդ դոլար է (մեկ շնչի հաշվովՙ մոտ 470 դոլար), եւ չնայած դա Հայաստանի համեմատ մոտ 3 անգամ շատ է, Իսրայելի համեմատ (որը, որոշ տվյալներով, տարեկան մինչեւ 18 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր է անում) այս ցուցանիշը խիստ փոքր է։ Ուժերի նման վիթխարի տարբերության դեպքում, որը Սիրիայի ղեկավարությունը, ինչ խոսք, հիանալի գիտակցում է, ենթադրել, թե Սիրիան պատերազմ է հրահրումՙ խրախուսելով ու հովանավորելով միջազգային ահաբեկիչներին, խիստ տարակուսելի է։ Որովհետեւ Սիրիան առնվազն անլուրջ ղեկավարություն պիտի ունենա, եթե հրահրի նման ինքնասպան պատերազմի սանձազերծումը։ Մինչդեռ գոնե իմ անձնական տպավորություններով, երկրի նախարարները, վարչապետն ու փոխնախագահը միանգամայն լրջմիտ ու սթափ անձնավորություններ էին։ Դամասկոսում գտնվածս օրերին «Շամ» հինգաստղանի հյուրանոցում առիթ ունեցա մտերմիկ-մարդավարի խոսելու Իրաքից ժամանած ցեղային մի քանի առաջնորդների (շեյխերի) հետ։ Շշուկներ կային, թե հանդիպել են նախագահ Բաշար ալ Ասադի հետ, եւ թե Սիրիայի նախագահը նրանց հորդորել է ձեռնպահ մնալ Իրաքում ամերիկացիների դեմ ահաբեկչական պատերազմը խրախուսելուց։ Իրաքյան ցեղային առաջնորդների հետ Սիրիայի նախագահի այս հանդիպման հավաստիությունը չեմ երաշխավորում, ոչ հաստատեցին, ոչ հերքեցին։ Սակայն չէին թաքցնում, որ Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի տապալումը ողջունում են (Սադդամի համար Սիրիայում էլ արցունք թափող չկար, նրան, ինչպես երեւում է, չեն սիրել ոչ Սիրիայի ղեկավարները, ոչ ժողովուրդը), միայն թե «ամերիկացիներին 3 ամիս ժամանակ ենք տվել, որ ժողովրդի վիճակը լավացնեն»։ «Իսկ եթե չլավացնե՞ն», հարցրի մոտ 45-50 տարեկան շեյխին։ «Այն ժամանակ կհրամայենք կրակել, մեզնից յուրաքանչյուրը 1 լավ զինված գունդ արժե», պատասխանեց շեյխը, ձեռքի լայն շարժումով ցույց տալով սրահում թեյ խմող իր մի քանի տասնյակ հայրենակիցներին...

Արեւմուտք-Արեւելք հարաբերությունները նոր զարգացումների նախաշեմին են։ Աստված բարին կատարի...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Դամասկոս-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4