«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ԳՅՈՒՂՆ ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԷԼ ՈՒՆԵՑԱՎ

- Մենք եկել ենք Էջմիածնից, բերել ենք մեր օրհնությունը սուրբ վայրից, որ հավելյար դարձնենք ձեր տոնըՙ գեղատես եկեղեցու վերաբացումը։

Այս խոսքերով սկսեց իր օրհնության խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տավուշի մարզի նախկին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղի Ս. Գայանե եկեղեցու բացման արարողության ժամանակ։ Նա անձամբ մատուցեց օծման արարողությունը։

Եվ այսպես, մեկամյա վերականգնողական ծավալուն աշխատանքներից հետո հեռավոր սահմանամերձ գյուղում վերստին իր դռները բացեց տասնամյակներ շարունակ լռության մատնվածՙ Աստծո հետ հաղորդակցման սքանչելի մի օջախ։ Կարելի էր պատկերացնել ոսկեվանցիների եւ բազում հյուրերի ուրախությունը, հպարտությունը, շնորհակալությունը։ Կառույցն իր միջոցներով կյանքի է կոչել մոսկվացի ճանաչված գործարար ու բարերար Արթուր Բաղրյանը, կատարելով իր կնոջՙ արմատներով ոսկեվանցի Գայանե Բաղրյանի (օրիորդական ազգանունովՙ Բաբաջանյան) փափագը։

Արթուր Բաղրյանը բնիկ ղարաբաղցի է, պաշտոնաթող սպա։ Մոսկվայում հիմնել է «Ուրարտու մոտորս» բազմաճյուղ բարգավաճ ֆիրման, որը դարձել է նաեւ մոսկվացի հայերի սիրած վայրերից մեկն այն պարզ պատճառով, որ կոնցեռնի տարածքի գեղատեսիլ մի անկյունում տեղ է գտել հայաքար գողտրիկ մի մատուռՙ հասակ առած նույնպես նրա բարերարությամբ։

Սակայն Ոսկեվանի աստվածահաճո իրադարձությունն, անշուշտ, շատ ավելի խորախորհուրդ էր ու նշանակալի։ Լինելով այդ տարածաշրջանի ծնունդ, կարող եմ նորեն հավաստել, որ այդ վայրերում մի քանի սերունդ իրոք մեծացել է, կաթողիկոսի խոսքերով ասած, համատարած անհավատության ու աստվածամերժության պայմաններում։ Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ հոգեւոր արժեքները նվազ խոցելի են նյութականի համեմատ. դյուրաբեկ է ոգին, հավատքը կորցրած ազգը։ Ցավալի էր տեսնել, որ մարդիկ նույնիսկ խաչակնքել չգիտեն, եւ դա նրանց մեղքը չէ։ Եվ բերկրալի է, որ եկեղեցին կրկին մտնում է հայ մարդու կյանքի մեջ, նրա հարկի տակ Աստված խոսում է իր Որդու հետ, պատգամում սեր, եղբայրություն, կամեցողություն, գեղեցկություն։ Եվ Էջմիածնի գնահատանքի ու օրհնության արտահայտությունը եղավ այն, որ հայոց հայրապետն ազնիվ մոսկվացու կուրծքը զարդարեց Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւովՙ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանով։

Երջանիկ էր Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, որի հոգեւոր սանն է Բաղրյանը։ Նույնպիսի պայծառ զգացումներով էր տոգորված Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, որը հնարավորություն էր ստանում հոգեւոր նոր օջախի միջոցով հողին կապելու հայ գյուղացուն, տվյալ դեպքում նաեւ սահմանամերձ հայ պաշտպանին։

Արարողությանը ներկա էր մարզի ղեկավարությունըՙ մարզպետ Արմեն Ղուլարյանի առաջնորդությամբ։

«Տեր եւ տիկին Բաղրյանների բարեգործությունը չի բավարարվում միայն եկեղեցու վերանորոգմամբ, ասաց նա։ Նրանք միաժամանակ գյուղում ստեղծել են մարզադպրոցՙ բոլոր հարմարություններով, մասնակցում են մի քանի գյուղերի գազավորման աշխատանքներին։ Եվ, որ նույնքան կարեւոր է, մշակել եւ իրագործում են իտալական տեխնիկայի ու տեխնոլոգիայի միջոցով մեր մարզի որոշ շինաքարեր արդյունահանելու եւ Եվրոպա արտահանելու ծրագրեր։ Մենք արդեն բազում հավաստիացումներ ունենք, որ Արթուր Բաղրյանի խոսքն ու գործը իրարից չեն տարբերվում։ Եվ մեր ամենայն աջակցությունն ենք խոստանում այդ գերազնիվ հայրենասերին, հիրավի գործարար մարդուն», ասաց մարզպետը։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4