Վանաձորում տարեսկզբին հեղուկ գազը վաճառվում էր 350 դրամով, ապա մեկ կիլոգրամի արժեքը դարձավ 400, իսկ վերջին տասնօրյակում արդեն վաճառվում է 450 դրամով։
Պատճառաբանությունները բազմազան եւ եւ ոչ համոզիչ։ Շրջիկ վաճառք իրականացնող մատակարարներից մեկը պատճառաբանում է, որ Ռուսաստանում նույնպես հեղուկ գազը թանկացել է, մյուսը դա պայմանավորում է Վրաստանից Երեւան ներկրելով (իբր հարեւան հանրապետությունում եւս թանկացել է)։ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության «Հայլեռտեխհսկողություն» տեսչության Լոռու եւ Տավուշի միջմարզային տեխնիկական հսկողության բաժնի պետ Ռուդիկ Ամիրխանյանից տեղեկացանք, որ Վանաձորում հեղուկ գազի վաճառքի թույլտվություն է տրվել 8 ՍՊԸ-ի։ Բոլորն էլ գազը ներկրում են Երեւանից, ուր վաճառվում է կիլոգրամը 350 դրամով։ Պարզ է, որ մեծածախ գինն անհամեմատ էժան է։
Մնում է ենթադրել, որ «լոռեցիական միամտությամբ» գազավաճառներն, օգտվելով համատարած թանկացումների խառնաշփոթից, որոշել են գերշահույթ ստանալՙ նկատի ունենալով հեղուկ գազի մեծ պահանջարկը։
Իսկ սպառողների բողոքները, ինչպես միշտ, մնում են անպատասխան, քանզի համապատասխան գերատեսչություններն «ավելի կարեւոր» գործերով են զբաղված։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ