«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՅՈՒՏԱՐԱ՞Ր Է, ԹԵ՞ ԽԱԲԵԲԱ

Երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Նորայր Սարգսյանի դատաքննությունը։ «Արդեն 8 ամիս գերմանական գաղտնի ծառայությունների գործակալները ուզում են Հայաստանում մշակված տեխնոլոգիական պրոցեսները, որոնք էներգիայի նոր աղբյուր արտադրելու համար են ստեղծված, տանել Գերմանիա», մինչ դատաքննության սկիզբն ասաց ամբաստանյալ Նորայր Սարգսյանը։ Խոսքը Սարգսյանիՙ էլեկտրական հոսանքի աղբյուրի գյուտի մասին է, որը գրավիտացիոն էներգիան փոխակերպում է էլեկտրականի։ Քանի որ Հայաստանում չկա հայտնագործության մասին օրենք, նա ասում է, որ ստիպված է եղել հովանավորներ գտնել արտասահմանում պատենդավորելու եւ իր գյուտի հիման վրա համապատասխան սարք ստեղծելու համար։ Ըստ Սարգսյանիՙ այդ գործակալները խաբել են, նրան մի քանի անգամ Ուկրաինա եւ Գերմանիա են տարել-բերելՙ ասելով, որ գնորդ են գտել։ Սակայն իրականում ոչ մի գնորդ էլ չի եղել։ Իսկ այժմ նրանից ուզում են հետ ստանալ Ուկրաինայում եւ Գերմանիայում ծախսված գումարները։

Տիգրան Մարգարյանը (որին Ն. Սարգսյանը մեղադրում է գերմանական գործակալ լինելու մեջ), Հմայակ Թումասյանը, Շահեն Քոսյանը, հույս ունեին գյուտի հաջողության դեպքում մեծ գումարներ ստանալ, բայց տեսնելով, որ հաջողությունը ուշանում է, դիմում են ոստիկանություն։

Այժմ ոստիկանությունը Նորայր Սարգսյանին մեղադրում է ՀՀ քր. օր. 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովՙ բանսարկությամբ ուրիշների գումարներին տիրանալու համար։

Երեկ դատաքննությանը ներկայացել էր տուժողներից միայն մեկըՙ Շահեն Քոսյանը։ Այնուամենայնիվ դատավորը որոշեց սկսել դատը։ Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգըՙ հարցաքննել տուժողներին, վկաներին, ապաՙ ամբաստանյալին։

Տիգրան Մարգարյանը Գերմանիայից նամակ էր ուղարկել, ուր գրել էր, որ խնդիրներ ունի, պարտքերի մեջ է, խնդրում է դատաքննության համար հիմք ընդունել իրՙ նախապես տված ցուցմունքները, քանի որ Հայաստան գալը խնդիրների հետ է կապված։

Հարցաքննության ժամանակ Շահեն Քոսյանը պատմեց, որ հեռուստատեսությամբ լսելով Նորայր Սարգսյանի գյուտի մասին, որոշել է հանդիպել նրան, միասին մի բան անել։ Նա սարքի աշխատանքներն ավարտելու համար 200 դոլար է տվել։ Որոշ ժամանակ անց, երբ պայմանավորվում էինՙ որտեղ փորձարկել սարքը, տուժողը առաջարկում է գնալ իրենց հողամաս, խորոված ուտել, կոնյակ խմել, սարքն էլ փորձարկել։ Սակայն Նորայր Սարգսյանը վախենում է, հրաժարվում։ Ապա ներկայացրեց Ուկրաինայում տեղի ունեցած հանդիպումները, ասաց, որ միայն դրանց հետ կապ ունի։

Ըստ սահմանված կարգիՙ պետք է հարցաքննվեին նաեւ մյուս տուժողները։ Նրանց բացակայության պատճառով դատարանը հետաձգեց դատը։ Որոշվեց շարունակել դեկտեմբերի 14-ին։ Դատավորն ասաց, որ եթե մյուս տուժողներն այդ օրը չներկայանան, դատարան կբերվեն ՆԳՆ միջոցով։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4