«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2003-12-05 | #225, 2003-12-06 | #226, 2003-12-09


ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է

Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 7-ին դարձյալ եղան Ստեփանակերտում։ Վերջին անգամ նրանք, ոչ այս կազմով, ԼՂՀ մայրաքաղաքում եղել են անցած տարվա սեպտեմբերին։ Մեկամյա ընդմիջումը, բնականաբար, կապված էր Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների հետ։ Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում կողմերի դիրքորոշումների մեջ, ի՞նչ նոր գաղափարներ են ծնվել հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ, առհասարակ, կա՞ արդյոք նոր հայացք ԼՂՀ կարգավորման լուծումներում։ Այս հարցերը հազիվ թե անմիջական պատասխան ունեն եռանախագահներիՙ տարածաշրջան կատարած այցելության համատեքստում։ Ակնկալիքներում, թերեւս, առաջնահերթը բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության հարցն է, որի կարեւորությունը նոր իրողություններում առավել մեծ շեշտադրում է ստանում։

Համանախագահները, ինչպես նախատեսված էր ծրագրով, կիրակնօրյա իրենց այցի ընթացքում հանդիպել են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ պաշտպանական եւ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները։ Հանդիպումից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն, նշեց, որ դա պարզապես հերթական հանդիպումն էր համանախագահների հետ եւ, ըստ էության, նրանց կողմից յուրօրինակ զոնդաժ է։ Չկային կոնկրետ առաջարկություններ, այլ կար փորձ հակամարտության բոլոր կողմերի կարծիքներն իմանալուՙ ընդհանուր իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Ղարաբաղյան կողմը ներկայացրել է իր տեսակետը եւ հույս ունի, որ հաշվի կառնեն համանախագահները առաջարկություններ պատրաստելու դեպքում։

Ա. Ղուկասյանը նաեւ փաստեց, որ ԼՂՀ ղեկավարության հետ Մինսկի խմբի նախագահների այսօրինակ քննարկումները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է գործընթացի մեջ։ Իսկ որպես ելակետային մոտեցումՙ ղարաբաղյան կողմից դրված է բանակցություններում ԼՂՀ ներկայացուցչի պարտադիր մասնակցության հարցը։

Ա. Ղուկասյանի խոսքերով, հանդիպմանը նոր գաղափարներ հնչել են, սակայն այսօր դեռեւս հստակ ձեւակերպումներ չկան եւ առայժմ վաղ է խոսել կոնկրետ առաջարկությունների մասին։ Գլխավոր մոտեցումն այն է, որ ղարաբաղյան կողմը չի փոխել իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցելու պատրաստակամության առումով, իհարկե, առանց որեւէ նախապայմանների։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք այսպես կոչվածՙ ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը բանակցություններում, նախագահն ասաց, որ անիմաստ է դա քննարկել, քանի որ նույն համայնքը ոչ մի պատասխանատվություն չի կրում որեւէ հարցում եւ իր հսկողության տակ որեւէ բան չունի։ Ու եթե խոսվում է ընդհանրապես ԼՂՀ-ում առկա համայնքների մասին, ապա պիտի հասկանալ նաեւ ռուսական, հունական, ուկրաինական համայնքներ։ Նախագահը վերստին հիշատակեց բուդապեշտյան որոշումները, որտեղ հստակորեն նշված են հակամարտության երեք կողմերըՙ Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։ Իսկ ադրբեջանական համայնքը բանակցություններում ընդգրկելու փորձերը, նախագահի բնութագրմամբ, քաղաքական սպեկուլյացիա են։

ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո անմիջապես լրագրողների հետ շփվել են նաեւ համանախագահներըՙ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի ընդգծված պատրաստակամությամբ։

Մեկնաբանելով ղարաբաղյան կողմի մասնակցության հնարավորությունը, վերջինս նշեց, թե կարելի է ժխտել, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է։ Դա հասկանալի է, որովհետեւ ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը կա հրադադարի վերաբերյալ համաձայնագրում։ Դա այսօր բանակցությունների քննարկման առարկա է, եւ համանախագահներից պահանջելՙ վերանայել ձեւաչափը, միայն իրենք այդ խնդիրը լուծել չեն կարող, պետք է պայմանավորվեն նաեւ կողմերը։

Ռուսաստանցի համանախագահը խոստովանեց, որ իրենց հասցեին սուր քննադատություններ հնչում են, ինչը պայմանավորված է հակամարտությանՙ տեւական ժամանակ լուծված չլինելով։ Մյուս կողմից, քննադատության պատճառ է նաեւ Մինսկի խմբի մեկամյա պասսիվությունը։

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո, Երեւան մեկնելուց առաջ, ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը մասնավոր այցով եղել է Շուշիում, ինչը նախապես ծրագրված չէր։ Նրա այդ այցի բուն շարժառիթը հայտնի չէ, որովհետեւ նա դրանից հետո չի հանդիպել լրագրողների հետ։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4