Այսօր ՀՀ-ում գործում է 49 կուսակցություն։ Երեկ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումից հետո վերագրանցման արդյունքները։ Նոյեմբերի 17-ը կուսակցությունների վերագրանցման դիմումների վերջին օրն էր։ Օրենքի համաձայնՙ մինչ այդ վերագրանցման չդիմած կամ մերժված կուսակցությունները ենթակա են լուծարման։
Ըստ Տ. Մուկուչյանիՙ ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքը լիովին տարբերվում է մինչ այդ ընդունված «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքից։ Սույն օրենքով խստացվել են կուսակցության կանոնադրությանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ղեկավար մարմինների ընտրության ողջ ընթացակարգը, լիազորությունները, սեփականության միջոցների գոյացման աղբյուրները եւ այլն։ Փաստորեն, նախկինում հանրապետությունում գրանցված բոլոր կուսակցությունները վերագրանցման խնդիր ունեին։
Օրենքի ընդունումից հետո դաշտում կար 116 կուսակցություն, որոնք 1 տարվա ընթացքում պետք է վերագրանցվեին իրենց հիմնադիր փաստաթուղթըՙ կանոնադրությունը եւ ծրագիրը համապատասխանեցնելով գործող օրենքի պահանջներին եւ այդ մասին ծանուցելով լիազոր մարմնին։
Վերագրանցման համար դիմել է 55 կուսակցություն, որից 8-ը մերժվել է, իսկ 2-ը գրանցվել էր օրենքի ընդունումից հետո եւ վերագրանցման կարիք չուներ։
Մերժում ստացած կուսակցություններն են Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ազգային միասնության ուխտ» հասարակական քաղաքական կազմակերպությունը», «Արցախ-Հայաստան» հասարակական քաղաքական կազմակերպությունը, «Թագավորական կուսակցությունը», «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը, «Ազատ Հայք առաքելություն» կուսակցությունը, «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը։
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը դիմել է Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Տ. Մուկուչյանը ներկայացրեց այն հիմնականը, որի պատճառով կուսակցության դիմումը մերժվել էր։ «Կանոնադրությունը ճիշտ կարված, ստորագրված, կնքված չէր, սահմանված չէր այն մարմինը, որը սահմանում էր կուսակցության անդամավճարները. կանոնադրությունը կուսակցությանը հնարավորություն էր տալիս միջոցներ գոյացնել վիճակախաղերի, աճուրդների միջոցով, մի բան, որ արգելված է ոչ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին», ասաց փոխնախարարը։
«Կուսակցության հիմնական առաքելությունը, ի տարբերություն հասարակական կազմակերպության, քաղաքական պայքարին մասնակցելն է եւ սահմանված ճանապարհով իշխանություն ստանալը», ասաց Տիգրան Մուկուչյանը։ «1 անձՙ նախագահ» կազմ ունեցող կուսակցություններից դաշտը մաքրելու համար օրենքը մի կետ է սահմանելՙ եթե կուսակցությունը խորհրդարանական երկու ընտրություններում անընդմեջ չի հաղթահարում 5 տոկոսի արգելքը, ենթակա է լուծարման։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ