«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2003-12-05 | #225, 2003-12-06 | #226, 2003-12-09


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԼԵՈ ՀԱՄԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նոյեմբերի 8-ին Նյու Յորքում 83 տարեկանում մահացավ ՀԲԸՄ «Արարատ» անգլիատառ գրական ամսագրի երկարամյա խմբագիր Լեո Համալյանը։

Նյու Յորքի Քորնել եւ Կոլումբիա համալսարաններն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ, դասավանդել է Նյու Յորքի քոլեջում, Թենըսիի, Համբուրգի, Փարիզի, Կոլումբիայի, Նյու Յորքի համալսարաններում, նաեւ Դամասկոսում եւ Թեհրանում։

Դոկտ. Համալյանն զբաղվել է նաեւ գրական գործունեությամբ, հեղինակել եւ խմբագրել է բազմաթիվ գրքեր եւ գրական հանդեսներ, իր հոդվածներով նպաստել է հայ գրականությունն օտարներին ծանոթացնելուն։ Հիշատակելի հատորները Լեո Համալյանի գրչին պատկանող «Այրէՙ կարդալէ ետք», «Այնպէսՙ ինչպէս ուրիշներ կը տեսնեն մեզ», «Հայկական պատկերը գրականութեան ընդմէջէն» եւ «Մարդն ու գրողը վերայիշուած»ՙ նվիրված Ուիլյամ Սարոյանին, գրքերն են։

Լեո Համալյանը նաեւ այն գրականագետն է, որի նկատող հայացքի ներքո հայտնաբերվեցին ամերիկյան գրականության մեջ առաջին քայլերն անող բազմաթիվ հայ տաղանդներ, որ հետագայում աճեցին գրական անդաստանումՙ իրենց թիկունքում ունենալով փորձառու գրականագետի հովանավորությունը։

Այս կորուստը ոչ միայն իր ընտանիքի եւ մերձավորների ցավն է, այլեւ հայ եւ օտար գրական այն մեծ ընտանիքի, որ բարեբախտություն է ունեցել ճանաչելու Լեո Համալյանին։

Լոս Անջելեսի «Նոր օր» շաբաթաթերթի այս տեղեկությունը եզրափակվում է ժողովրդային համատարած հուշահանդեսի կազմակերպվելիք ծրագրի մասին իրազեկությամբ։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4