Նոյեմբերի վերջին Ստեփանակերտում էր գտնվում ճանաչված կինոռեժիսոր Դոն Ասկարյանը։ Նա իր հետ յոթ ֆիլմ էր բերել, որոնցից երկուսը ցուցադրվել է Ստեփանակերտի կայազորային Սպայի տան դահլիճում։ Մշակութային իրադարձության առումով սա, իհարկե, արժանահիշատակ կարելի է համարել։ Հատկանշման է արժանի, որ Դոն Ասկարյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի մի շարք հեղինակավոր հեռուստակայաններովՙ բարձր գնահատականի արժանանալով։
Դոն Ասկարյանի ստեփանակերտյան առաքելության մեջ, սակայն, առավել ուշագրավը վերջինիս կողմից Արցախում կինոարտադրություն բացելու նպատակադրությունն է։ Այս մասին նա ակնարկել էՙ վկայակոչելով ԿՄՍ նախարարության պատրաստակամությունը տվյալ հարցում։
Դոն Ասկարյանի մեկնաբանմամբՙ կինոն ոչ միայն արվեստ է, այլեւ խոշոր բիզնեսի ասպարեզ, որով կարելի է երկիր պահել։ Ձեւակերպումն ուղղամտորեն չընդունենք, խոսքն արժեքավոր ֆիլմերով կինոշուկա ստեղծելու մասին է, որից ստացված եկամուտները մեր չափանիշներով կարելի է նույնիսկ հսկայական կոչել։ Անկասկած, Արցախի պարագայում դա նույնիսկ ուտոպիա է թվում, որովհետեւ այսօրվա դրությամբ ԼՂՀ-ում դեռեւս կինոստուդիայի սաղմեր չկան։ Կա պարզապես գաղափարը, որի առնչությամբ Դոն Ասկարյանն ուղղակի համոզմունքային մոտեցում ունի։
Քանի որ մեր միջավայրի համար այս ոլորտը միանգամայն նոր է, ուստի անծանոթ են նաեւ դրա ստեղծման իրական մեխանիզմները։ Սաՙ գործնական տեսակետից։ Իսկ ահա տեսական առումովՙ գաղափարի իրագործման հնարավորությունները բխում են այլ իրողություններից։ Ակնհայտ է, որ կինոնյութի համար միշտ էլ այժմեական են աշխարհաքաղաքական նոր կացությունները։ Օրինակ կարելի է բերել վերջին տասնամյակում տեղի ունեցած բալկանյան եւ մերձավորարեւելյան իրադարձությունները, որոնք ոչ միայն Հոլիվուդի համար գեղարվեստական վերարտադրության հարուստ նյութ են ծառայում։ Միեւնույն ժամանակ, չպիտի մոռանալ, որ թե՛ արվեստը, եւ թե՛ բիզնեսը միշտ էլ քաղաքականության ներազդեցությամբ են իրականանում։ Այս առումով ղարաբաղյան պատերազմը եւ դրանից արտածվող մյուս իրողությունները կինեմատոգրաֆիստների համար գայթակղիչ կարող են լինել։ Դոն Ասկարյանը գտնում է, որ առաջնայինը ոչ թե անհրաժեշտ գումարի կամ տեխնիկայի առկայությունն է, այլ մեծ ցանկությունը, որը պիտի ունենալ կինոարտադրություն հիմնելիս։
Կինոն աշխարհին ներկայանալու լավագույն միջոց է։ Ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ լուրջ գեղարվեստական ֆիլմեր ունենալովՙ միջազգային հանրությանն ավելի նպատակային կարելի է ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդրի իրավաքաղաքական ու պատմա-մշակութային նրբությունները, քան արվում է այսօր շատ ուղղություններով։ Այն, որ Ղարաբաղում կարող են հայտնվել նաեւ հոլիվուդյան աստղեր, որում համոզված է Դոն Ասկարյանը, եւս հավանական է։ Մեր հայրենակից ռեժիսորը հրավիրվել է Հոլիվուդում աշխատելու, եւ գուցե թե սա այն հազվագյուտ հնարավորությունն է Արցախը ներգրավելու կինոաշխարհի կախարդական ու գայթակղիչ կարուսելի մեջ։ Պտտվում է երկիրը ոչ միայն աշխարհագրական իմաստով. եթե խորհրդային նախկին այլախոհը ոչ մի աջակից չունենալովՙ երբեւէ կարողացել է արեւմտագերմանական (եվրոպական) կինոշուկայում «ոտքի տեղ բացել», ինչո՞ւ նույն այդ կինոնվիրյալի աջակցությամբ այսօր իրականանալի չէ ԼՂՀ-ում կինոստուդիա բացելու գաղափարը։ Մանավանդ որ խնդիրը նաեւ գերատեսչական լայն աջակցություն ունիՙ ի դեմս կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության։
Վերջին տարիներին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ուսանելու են ուղարկվել արցախցի երիտասարդներ, որոնք մեր վաղվա կինեմատոգրաֆիայի կադրային ներուժն են։
Մի քիչ բարձրագոչ է հնչում Արցախում սեփական կինոարտադրություն ունենալը, բայց համաձայնենք Դոն Ասկարյանի համոզչական մոտեցմանըՙ ամեն ինչ երկրորդական է մեծ ցանկության համեմատ։ Եվ սա, հատկանշենք, ռեժիսորի անձնական կենսափորձից բխող համոզմունք է։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ