«Հարցը գումարին չի վերաբերում, այլ խաբեությանը», նշել է միլիարդատեր Քըրք Քըրքորյանը դուրս գալով «Կալեբ բոգզ» դաշնային շենքից, որտեղ լսվում է դատական գործն ընդդեմ «Դայմլեր»-«Կրայսլերի»։ Ինչպես արդեն հաղորդել ենք մեր շաբաթ օրվա համարում, 86-ամյա ֆինանսիստն այդ ավտոընկերության դեմ դատական գործ էր հարուցել 2000 թվին, երբ թերթերում կարդացել էր «Դայմլեր»-«Կրայսլերի» նախագահ Յուրգեն Շրեմպի մեկնաբանությունները, թե 1998-ին կայացած «հավասարների միաձուլումն» իրականում «Կրայսլերի» կլանումն էր «Դայմլեր-Բենցի» կողմից։
Ի լրումն դրա, էլ. փոստով ստացված հաղորդագրության մեջ «Դետրոյթ նյուս» թերթի լրագրող Էդ Գարստենը տեղեկացնում է. «Քըրքորյանի «Տրասինդա» ներդրումային ֆիրման «Կրայսլերի» ամենամեծ բաժնետերն էր այդ ժամանակ։ Սովորաբար նման միաձուլումների դեպքում բաժնետերերին դրամական պարգեւ է հասնում, եւ Քըրքորյանը, որն իրեն խաբված է զգում, ցանկանում է վերականգնել իր իրավունքները եւ փոխհատուցում ստանալ վնասների դիմաց։
Անցյալ չորեքշաբթի օրը կայացած դատական նիստում ելույթ ունենալով, «Կրայսլերի» նախագահ Ջեյմս Հոլդենը, որին 2000 թվին աշխատանքից հեռացրել էին, փաստորեն պաշտպանել էր «Դայմլեր»-«Կրայսլերի» դիրքորոշումըՙ զայրացնելով Քըրքորյանին եւ հավաստիացնելով, որ իրոք այդ ժամանակ գործարքը «հավասարների» միջեւ էր կայացել։
Քըրքորյանն առավել վրդովվել է, երբ «Դայմլերի» դատապաշտպան Ջոնաթան Լերները խաչաձեւ հարցաքննության ժամանակ բացահայտել է, որ միլիարդատերը ցանկանում է հետ գնել բաժնետոմսերըՙ «Դայմլերի» արժեթղթերի գինը բարձրացնելու նպատակով, եւ որ նրա առաջարկը մերժվել է ղեկավարության կողմից։
1999 թվի հունվարին 108 դոլարի ռեկորդային բարձրության հասնելուց հետո «Դայմլեր»-«Կրայսլերի» արժեթղթերի գինը զգալիորեն նվազել էր, հասնելով դատավարության օրը 39.44 դոլարի։
«Այնքան ժամանակ, որ ղեկավարությունը խմբային էրՙ հավասարի իրավունքներով, եւ Ռոբերտ Իթոնն էր այնտեղ, մենք հանգիստ էինք, բայց նրա հրաժարումից հետոՙ 2000 թվին Շրեմպը դարձավ միանձնյա ղեկավար», ասել է Քըրքորյանը, խաբված զգալով, քանի որ Իթոնը իր ժամկետը լրանալուց մեկ տարի շուտ հրաժարական տալով հավաստիացրել է, որ մեկ ուրիշը կնշանակվի իր տեղը, բայց իրականում ոչ ոք չի նշանակվել։
«Ֆայնենշլ թայմս» թերթում Շրեմպի կատարած մեկնաբանությունները, որ ծրագրվում է «Կրայսլերը» դարձնել «գործող մասնաճյուղ», զգաստացրել են Քըրքորյանի թիմին եւ մղել դատական գործ հարուցելու։ Նրանք խաբված են զգացել իրենց։ Իսկ ավտոընկերության գործերի վատթարացման պատճառը վերջին տարիների տնտեսության զարգացման տեմպերի դանդաղեցումն է եղել, մրցակցության սրումը եւ պահանջների հարաճուն թափը։
Հ. Ծ.