Հիստերիայից տանջվում են նաեւ վրաց հատուկ ծառայությունները
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանի պետանվտանգության նախարարության արտաքին հետախուզության ղեկավար Ավթանդիլ Իոսելիանին Թբիլիսիում լույս տեսնող հայատյաց «Ջորջիան թայմս» թերթին տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանը կարող է շահագրգռված լինել Վրաստանում շիկացնելու իրավիճակը։
«Ասվում է, որ Հայաստանի որոշ ուժեր ջանում են Վրաստանում շիկացնել իրավիճակը, որպեսզի մեր երկրում չիրականացվեին մեծ էներգետիկ նախագծեր, եւ այդ ուղիներն անցնեին Հայաստանով։ Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկությունը» հարցին Իոսելիանին պատասխանել է. «Անշուշտ, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ որեւէ այլ երկիր շահագրգռված են, որ իրենց տարածքում իրականացվեին լուրջ նախագծեր, բայց ես չեմ կարող ասել, թե մեր հայ եղբայրները իրենց կտանջեին նրա համար, որպեսզի էներգետիկ ուղիները չանցնեին Վրաստանի տարածքով»։
«Նրանք (հայերը) ցանկություն ունեն, ես չեմ թաքցնում, եւ նրանք չեն թաքցնում, բայց չեմ կարծում, թե հայերը կգնային նման արմատական քայլի։ Այստեղից հետեւում է, որ Հայաստանի դիրքը հաշվի առնելով, նրանք շահագրգռված կլինեին շիկացնել իրավիճակը Վրաստանում։ Հնարավոր է, որ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք աշխատում են այդ ուղղությամբ, բայց այն, ինչի մասին խոսում եմ, դա հայկական քաղաքականությունը չէ», ասել է Իոսելիանին։
Երբ նախկին նախագահ Շեւարդնաձեի համախոհներից Իրինա Սարիշվիլի-Ճանտուրիան հայտարարում է, թե «նոյեմբերի 23-ին Վրաստանում հաղթեց ոչ թե Շեւարդնաձեին ընդդիմադիր քաղաքական ուժը, այլՙ հայկական լոբբին», կարելի է ուշադրություն չդարձնել այս տիկնոջ խոսքերին։ Երբ Շեւարդնաձեի մեկ այլ համախոհ Իրակլի Գոգավան հայկական սփյուռքի ձեռքի գործ է համարում Վրաստանում իրականացված պետական հեղաշրջումը, այս պարոնին կարելի է համարել հիմար։ Ինքըՙ Շեւարդնաձեն, բազմիցս կրկնել է, որ հեղաշրջման հետեւում էին ԱՄՆ-ը, Թբիլիսիում Վաշինգտոնի դեսպան Մայլսը եւ Սորոսի հիմնադրամը։
Երբ Շեւարդնաձեի մեկ այլ համախոհ, խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Ռչեուլիշվիլին հեգնորեն ասում է, թե «Բուրջանաձեին, Ժվանիային եւ հայերին շատ է սիրում» կամ Ժվանիային պիտակում «արվամոլ եւ հայ», կարելի է դա էլ անուշադրության մատնել, համարելով, որ խորհրդարանի փոխնախագահը պաշտոնական տեսակետներ չի արտահայտում։
Սակայն անհասկանալի է, երբ Վրաստանի թիվ 2 հետախույզ Իոսելիանին է հայտարարում, որ «Հայաստանի դիրքը հաշվի առնելով, նրանք շահագրգռված կլինեին շիկացնել իրավիճակը Վրաստանում»։ Թերեւս, Հայաստանի դիրքը հաշվի առնելու դեպքում պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ կարեւորություն ունի Վրաստանը Հայաստանի համար։
Նմանօրինակ հայտարարությունները կաթիլ առ կաթիլ նստվածք են թողնում շարքային վրացու եւ շարքային հայի հոգեբանության մեջ, եւ եթե այսօր Վրաստանում կան որոշակի հակահայկական տրամադրություններ, ապա դրանք արդյունք են վերջին մի քանի տարիների, հատկապես վերջին մեկ տարվա վրացական մամուլի եւ քաղաքական գործիչների հակահայ հայտարարությունների։
Ի դեպ, երեկ նույն Իոսելիանին հայտարարել է, որ վրաց հատուկ ծառայություններն ունեն տեղեկություններ, որ արաբական որոշակի երկրներ նախապատրաստվում են դիվերսոն գործողություններ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա։