«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2003-12-06 | #226, 2003-12-09 | #227, 2003-12-10


ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂՍԱԳՈՐԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Օտարամոլությունը խեղդում է մեր մայրենին

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ազգային ժողովի հերթական լսումներն այս անգամ նվիրված էին հայոց լեզվի անաղարտության պահպանման, լեզվաքաղաքականության ասպարեզում օրախնդիր դարձած շտկումներին ու վերասրբագրումներին։ Հրավիրված էին ականավոր լեզվաբաններ, կրթական, կառավարական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ պարզապես մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ առնչվում են մոռացված այս հիմնախնդրին։ Ե՛վ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, ե՛ւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ե՛ւ լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանը, ե՛ւ լեզվաբանության նահապետներ Գեւորգ Ջահուկյանն ու Հովհաննես Բարսեղյանն իրենց ելույթներում ուրվագծեցին պրոբլեմների նույն շրջանակը, որում հայտնվել եւ որի մեջ խեղդվում է հայերենը։

Սովորաբար ընդունված է ասել, թե հայոց լեզվի ուսուցումն սկսվում է դպրոցից։ Մշտապես երերուն, անվերջ փորձարարությունների ենթակա հաստատությունում այսօր մոռացվել է պատմական այս կարեւոր գործառույթը։ Հայոց գրականության, գրքի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, որ արթուն մնացին նաեւ խորհրդային տարիներին եւ ուսուցչից ու ծնողից փոխանցվում էին դպրոցականին, վաղուց մարել են։

Այսօր երեխայիՙ հայերենի հետ ամենաակտիվ հաղորդակցումն սկսվում է փողոցից։ Երեւանի ցանկացած թաղամասում գովազդների ու ցուցավահանակների տիրապետող լեզուն անգլերենն է, երկչոտ, վախկոտ հայերենը հազիվ է երեւում օտար տառ ու խոսքի կողքին։ Անգլերենի հանդեպ անհասկանալի ակնածանք տածող գործարարները նույնպես անբացատրելիորեն ու անպատիժ շարունակում են օտարապաշտությունը։ Ոչ Եվրոպայում, ոչ էլ ԱՊՀ որեւէ երկրում սեփական լեզվամշակույթի հանդեպ նման արհամարհալից վերաբերմունքի չես հանդիպի։ Գործող օրենսդրությամբ այս կարգի օրինախախտումը պատժվում է ընդամենը 8 հազար դրամ տուգանքով։ Եվ գիտակցաբար թե անգիտակից մեր տնտեսվարողները նախընտրում են վճարել այդ 8 հազար դրամը, իսկ ցուցանակը թողնել տեղում։

Առանց օրինագծի խստացման ավերված այս դաշտը հնարավոր չէ կանոնակարգել։ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովն արդեն նախատեսել է վերջ տալ օրինախախտների հանդեպ զիջողամիտ, բարյացակամ վերաբերմունքին, եւ առաջիկայում տուգանքաչափ կսահմանվի 300 հազար դրամը։ Ի դեպ, նորաձեւությանը տուրք տալով, շատ գործարարներ օտար անվանումների դիմում ենՙ հաճախ նույնիսկ առանց իմանալու, թե ինչ է նշանակում, օրինակ, իրենց նախընտրած ֆիրմային անվանումը։ Բարձր լսարանից պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իրազեկեց «Ավշարի» տնօրենին, որ ավշարն ընդամենը թուրքական ցեղերից մեկի անունն է, որ գոյություն է ունեցել 16-րդ դարում։

Լեզվական բացահայտ անփութություն են ցուցաբերում նաեւ ԱԺ պատգամավորները, վերին ու ստորին ոլորտների պաշտոնյաները։ Մի ժամանակ ԱԺ-ում գործում էր էթիկայի հանձնաժողով, եւ լեզվի տեսչության պետի կարծիքով, այն վերականգնելու անհրաժեշտությունը խիստ կարեւորվել է։ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանի համոզմամբ էլ, ԱԺ պատգամավորների համար հայոց լեզվի ուսուցման դասընթացներ պետք է կազմակերպել։

Առանձին խնդիր է պաշտոնական գրագրությունը հայալեզու դարձնելը։ Արդյունավետ կառավարման համար, հատկապես դատաիրավական ոլորտում օրենքները մեկնաբանելիս լեզվաքաղաքական միասնական սկզբունքներ կիրառելը կապահովագրի թյուրըմբռնումներից։

«Հայոց լեզուն եթե ծայրահեղ վաղնջական չէ, ապա հնագույններից է, եւ աշխարհի շատ լեզվաբաններ այսօր հայերեն են ուսումնասիրումՙ պարզելու իրենց ցեղակցությունը։ Բայրոնըՙ Մխիթարյանների մոտ ուսանելով մեր լեզուն, ասել էՙ ինչ եվրոպացի քաղաքակիրթ մարդ, որ հայերեն չգիտի։ Եվ այդպիսի հայերենն այսօր վտանգված է», իր խոսքն այսպես սկսեց լեզվաբան Հովհաննես Բարսեղյանըՙ իրավամբ նկատելով նաեւ, որ լեզվի խնդիրը նաեւ թաղապետների ու քաղաքապետի խնդիրն է, ովքեր համր հանդուրժողականություն են ցուցաբերում քաղաքը համակած օտարամոլության տենդի նկատմամբ։

Հայերենի աղարտման ընդհանուր կաթսայում պատկառելի ներմուծում են անում զանգվածային լրատվության, ռադիոյի եւ հեռուստատեսության լրագրողներն ու հաղորդավարները։ Հատկապես վերջիններս մասնագիտական «հնարքի» նոր արտահայտություն են որդեգրելՙ մեր լեզվին, «ոչ հարազատ», օտարահունչ արտասանությունը, առոգանությունն ու շեշտադրումները։

Սոս Սարգսյանն ուշադրություն հրավիրեց հեռուստաֆիլմերի ու կինոֆիլմերի հայերեն թարգմանությունների վրա։ Խնդիր, որի մասին նույնիսկ չի հիշատակվում այսօր, բայց որ նույնպես դավադիր առաքելություն է իրականացնում։ Հեռուստասերիալները թարգմանվում են վատ, բզկտված հայերենով, առանց մասնագիտական ու գեղարվեստական որեւէ նշույլի առկայության։ Խորհրդային տարիներին «Հայֆիլմը» տարեկան 100 ֆիլմ էր կրկնօրինակում, եւ դրանց գեղարվեստական բարձր արժեքն այսօր էլ փայլուն է ու մնայուն է լինելու։ Հանրային հեռուստատեսության առաջին ալիքի նախաձեռնությամբ թարգմանությունները վնասից բացի ոչինչ չեն տալիս հեռուստադիտողին։

Պատմական ճակատագրի բերումով մեր լեզուն երկատվել է 2 ամբողջությանՙ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի։ Հայերենի բարձրագույն խորհրդի նախագահ, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի մտահոգությունը վերաբերում էր տարիներ չարչրկված խնդրինՙ պե՞տք է արդյոք միասնականացնել ուղղագրությունը, թե՞ ոչ։ «Մեր 2 գրական լեզուները պետք է զարգանան ինքնուրույն, պետք է մշակվեն ու զարգանան զուգահեռաբար, առանց սակայն հեռանալու իրարից», այսպիսի լուծում առաջարկեց նա, իր բնորոշմամբ, այն «ղալբ» մասնագետներին, ովքեր պնդում են 2 լեզուների միաձուլման անհրաժեշտությունը։ Դրանք 2-ն էլ կազմակերպված, կազմավորված, հարուստ ու ճկուն բառաֆոնդով կառույցներ են, որոնցից ոչ մեկը չի կամենա զիջել դիրքերը։ Եվ անհասկանալի է նույնպես, թե ինչպե՞ս է ստեղծվելու նրանց միջին խառնուրդը։ Ճանաչված լեզվաբանի համոզմամբ, պարզապես պետք է հնարավորինս մերձեցնել նրանց, չթողնել, որ շատ հեռանան իրարից։ Օրինակ, տերմինաբանության մեջ ընդունել այնպիսի օրենքներ, որոնք պարտադիր կլինեն երկուսի համար էլ։

Հայոց լեզուն անմրցակից պիտի լինի իր հայրենիքում։ Ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ կարելի է սպասել միայն օրենսդրության խստացմամբ, պետականորեն աջակցելով այն կառույցներին, որոնք նվիրվել են լեզվապահպանման գործին։ Եվ ներհակ մոտեցումներն այլեւս անթույլատրելի են։ Օտարին լայն ասպարեզ տվող եւ դրանով իսկ հայերենի տարածքը նեղացնողները չեն գիտակցում, որ ազգային ոգին ու մտածողությունը սպանելու մեղսագործություն են իրականացնում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4