Գիրք հրատարակելն այսօր Հայաստանում դժվարին խնդիր է։ Գրահրատարակչության ոլորտի հանդեպ անտարբերության պայմաններում, երբ գրքի նկատմամբ հարկման նույն չափանիշներն են գործում, ինչ որեւէ շահութաբեր բնագավառում, լուրջ եւ սկզբունքային գրահրատարակչական ծրագիր իրականացնելը գրեթե անհնար է։ Նման գործընթացները վստահաբար իրականանում են համառ ճիգերի եւ անբացատրելի նվիրումի շնորհիվ։
«Սարգիս Խաչենց» հրատարակչությունը քայլ առ քայլ շարունակում է կյանքի կոչել, իր որդեգրած ծրագիրը։ ՚Իմացություն՚ գրադարան մատենաշարով հրատարակչությունն ընթերցողին է ներկայացրել համաշխարհային փիլիսոփայական մտքի նվաճումներից Պիեռ Տեյար դը Շարդենի «Մարդու ֆենոմենը», Ռ. Շտայների «Ազատության փիլիսոփայությունը», Պլոտինոսի «Էննեադների» V գիրքը, Բլեզ Պասկալի «Մտքերը», Բերգսոնի «Բարոյականության եւ կրոնի երկու աղբյուրները», Կանտի «Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի», Լայբնիցի «Մետաֆիզիկական երկեր», Քսենոփոնի «Սոկրատյան երկեր» աշխատությունները։
Հրատարակչության հերթական հատորըՙ թվով 41-րդը, բովանդակում է ֆրանսիացի փիլիսոփա Անրի Բերգսոնի երկու կարեւորագույնՙ «Մետաֆիզիկայի ներածություն» եւ «Ստեղծարար էվոլյուցիա» աշխատությունները։
Գիրքը հրատարակվել է «Բաց հասարակության ինստիտուտ. Օժանդակության հիմնադրամ-Հայաստան» եւ Բուդապեշտի «Բաց հասարակության ինստիտուտ. Հրատարակչական գործի զարգացման կենտրոն» կազմակերպությունների դրամաշնորհով։ Ֆրանսերենից թարգմանել է Ամալյա Մուրադյանը, Բերգսոնի կենսագրության եւ նրա աշխատասիրությունների մասին առաջաբանի հեղինակը եւ գրքի խմբագիրը երիտասարդ փիլիսոփա Սերգեյ Ստեփանյանն է։
Անրի Բերգսոնը ծնվել է Փարիզումՙ 1859 թ. Լեհաստանից Ֆրանսիա ներգաղթած ազգությամբ հրեա կոմպոզիտոր Միշել Բերգսոնի ընտանիքում։ Լիցեյ Կոնդորսեում ստացած դասական կրթությամբ Բերգսոնը փիլիսոփայություն շարունակում է ուսումնասիրել Փարիզի Բարձրագույն Նորմալ դպրոցում։ Զբաղվել է ուսուցչությամբ, գլխավորել Կլերմոն-Ֆերանի Բլեզ Պասկալի անվան լիցեյի փիլիսոփայության ամբիոնը։
«Մետաֆիզիկայի ներածություն» (1903), «Ստեղծարար էվոլյուցիա» (1907), «Բարոյականություն եւ կրոնի երկու աղբյուրները» (1932) աշխատությունները համաշխարհային հռչակ են բերել փիլիսոփային։ Ժամանակին գիտնականի վաստակը գնահատվել է ըստ արժանվույն, նա ընտրվել է Բարոյական եւ քաղաքական գիտությունների ակադեմիայի նախագահ եւ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1932 թ. Անրի Բերգսոնն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Վախճանվել է նացիստական օկուպացիայի դաժան տարիներինՙ 1941 թ.։
Բերգսոնը թեեւ սեփական փիլիսոփայական դպրոց չի ստեղծել, սակայն ունեցել է գաղափարական բազմաթիվ հետեւորդներ տարբեր ոլորտներում։ Բերգսոնյան մտքի ազդեցություններն են կրել Ֆրանսիայումՙ կրոնական էվոլյուցիոնիստներ Է. Լը Ռուան եւ Պ. Տեյար դը Շարդենը, ԱՄՆ-ում պրագմատիզմի ներկայացուցիչ Ու. Ջեմսը։ Գիտակցության եւ հիշողության մասին նրա տեսության ազդեցությունը նկատելի է հոգեբաններ Վ. Ռայխի եւ Կ. Յունգի աշխատություններում։ Բերգսոնյան ազդեցություններից դուրս չի մնացել XX դարի գեղարվեստական միտքը։ «Գիտակցության հոսք» կոչվող գրական ուղղության ներկայացուցիչները (Պրուստ, Ջոյս, Ֆոլկներ) որոշակիորեն ելել են ժամանակի - հիշողության բերգսոնյան հասկացություններից։
Անրի Բերգսոնը ներկայացնում է «Աշխարհի բացարձակ էության լիակատար ճանաչողության պահանջ» առաջ քաշող փիլիսոփայական մի համակարգ, որը «ներառում է թե՛ իմացաբանություն, թե՛ գոյաբանություն, թե՛ բարոյագիտությունՙ «մերժված մետաֆիզիկայի» վերակենդանացման կամ ավելի ճիշտՙ անմահության պաշտպանականի լույսի ներքո»։ Իր առաջինՙ «Փորձ գիտակցության եւ անմիջական տվյալների մասին» ներքին ու արտաքին փորձերի տարբերության վերաբերյալ աշխատության մեջ Բերգսոնը գտնում է, որ տարածական աշխարհը (արտաքին փորձը) ճանաչողության օբյեկտ կարող է դառնալ ներքին փորձում։ Այդ ներքին փորձըՙ գիտակցությունը, ժամանակայինի (ներկայի, անցյալի եւ ապառնիի) միակ կրողն է, ըստ որում անցյալը եւ ապագան իմաստավորվում են ներկայում։
«Մետաֆիզիկայի ներածություն» աշխատության մեջ իբրեւ նորի գոյացման ճանապարհ Բերգսոնն ընդունում է ինտուիտիվ եղանակը կամ կյանքի փիլիսոփայությունը։ Ճանաչողության երկու եղանակներից մեկըՙ «իրից դուրս», կատարվում է բանականության միջոցով. առարկան դիտարկվում է որեւէ տեսանկյունից, որի դեպքում հնարավոր է դառնում կազմել միայն վերացական հասկացություններ (անկենդան վերարտադրություններ)։ Այն տալիս է մասնակի, ոչ երբեք ամբողջի ճանաչողության հնարավորություն։ Երկրորդ եղանակըՙ թափանցել իրի մեջ, թույլ է տալիս ինտուիցիան։
«Բերգսոնի փիլիսոփայությունն իր մեջ միավորում է մտքի անվերջ հին եւ միանգամայն ժամանակակից տարրեր։ Այն չի տրվում տրանսցենդենտալ խորհրդածությունների, որոնք կարող էին խարխլել եւ թուլացնել մետաֆիզիկական վերջին պրոբլեմներըՙ լուծելու իր նախնական մղումը։ Այսուհանդերձ, հիշյալ փիլիսոփայությունը համոզված է, որ աշխարհն իր հիմքում լիովին իռացիոնալ է եւ որ մարդն իբրեւ փիլիսոփա պետք է լինի ոչ թե ինտելեկտի, այլեւ ստեղծարարության հանդեպ կենդանի կամքի կրող» (Ռ. Կրոներ)։
«Ստեղծարար էվոլյուցիա» աշխատության մեջ համընդհանուր էվոլյուցիան դիտարկվում է իբրեւ սաղմի զարգացման ընթացք, իսկ այդ սաղմը ոգին է։ Էվոլյուցիան աշխարհում ոչ թե մատերիայի, այլ ոգու էվոլյուցիա է։ Էվոլյուցիոն գործընթացները կարող են հայտնվել շրջապտույտի մեջ, եթե մատերիայի դիմադրությունը գերազանցի կենսական մղմանը (մատերիան դիտվում է իբրեւ «կենսական մղումի կանգառի պահ»)։ Բայց եւ ստեղծարարության տանող ինտուիցիան կանխում է շրջապտույտըՙ դառնալով առաջմղիչ գործոն։
«Բերգսոնի փիլիսոփայությունն այսօր հիշվում է գլխավորապես իր իմացաբանական դրույթների եւ էվոլյուցիայի հասկացության առիթով։ Հետաձիգ հայացքին Բերգսոնը ներկայանում է որպես իր ժամանակի զավակ, եւ միայն խոր ուսումնասիրությունը կարող է նրա փիլիսոփայության ակտուալ արժեքը զատել պատմական արժեքից», ասվում է գրքի առաջաբանում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ