Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա կատարած այցելության շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկի հյուրընկալությամբ Երեւանում են գտնվում Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի 7 անդամներ, որոնք երեկ հանդիպեցին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Մինչ Հայաստան ժամանելը տնօրենները եղել են Բոսնիա-Հերցեգովինայում, Սերբիայում, Կոսովոյում։ Երեւանից այսօր նրանք կմեկնեն Բաքու։
Ներկայացնելով տնօրենների խորհրդի կառուցվածքը, գործադիր տնօրեն Յահյա Ալյահյան (Սաուդյան Արաբիայից) հայտնեց, որ ՀԲ տնօրենների խորհուրդը կազմված է 24 անդամից, որոնք ներկայացնում են 182 երկրեր։ Գործադիր տնօրեններից յուրաքանչյուրի պաշտոնավարման ժամկետը 2 տարի է։ Նմանատիպ այցերի ժամանակ սովորաբար պատվիրակության կազմում ընդգրկվում է 6-8 գործադիր տնօրեն։ Այնուհետեւ, անդրադառնալով Հայաստանից ստացած տպավորություններին, ՀԲ ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք տպավորված են Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, մասնավորապես տնտեսական աճի բարձր տեմպերով։ Նա իր գոհունակությունը հայտնեց նաեւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ), դատական համակարգում ընթացող փոփոխությունների եւ հակակոռուպցիոն ծրագրի առկայությունից եւ ներկաների անունից հավաստիացրեց, որ Համաշխարհային բանկը կշարունակի օժանդակել Հայաստանի զարգացմանը։
Հայաստանում ՀԲ ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնն իր հերթին տեղեկացրեց, որ ներկայումս մշակվում է Հայաստանին հաջորդ 4 տարիների աջակցության ռազմավարությունը, որը կյանքի կկոչվի 2004թ.-ից։ Հիմնականում բանկն օժանդակելու է ԱՀՌԾ-ին, կրթության եւ առողջապահության խնդիրներին։ «Մենք աջակցելու ենք, որպեսզի տնտեսական աճի արդյունքներն զգան բոլոր քաղաքացիները», նշեց հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Վրաստանի իրադարձությունների առնչությամբ այս տարածաշրջանը ՀԲ տնօրենների խորհրդում ներկայացնող Ադրիանուս Մելկերթը նշեց, որ ակնհայտ էր ընտրությունների հրապարակված արդյունքների անհամապատասխանությունը Վրաստանի ժողովրդի կամքին։ Նա կարեւորեց կայուն ժողովրդավարության առկայությունը այդ երկրում, ասելով, որ դեռեւս պետք է սպասել նոր ընտրությունների արդյունքներին։
Սակայն բանկի Հայաստան այցելած տնօրենները, պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, առավել հանգամանորեն անդրադարձան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը եւ Համաշխարհային բանկի կողմից այդ ծրագրի համաֆինանսավորմանը։ Ասես արդարացում հնչող նրանց պատասխաններում ՀԲ մասնակցության գլխավոր հիմնավորումն այն էր, որ այս նախագիծը ձեռնարկել են մասնավոր կառույցները, որից հետո միայն բանկը որոշել է մասնակցել նախագծի իրականացմանը։ Եթե լինեն այլ նմանատիպ նախագծեր, որտեղ ընդհանուր փաթեթով կարգավորված կլինեն քաղաքական, տնտեսական, բնապահպանական խնդիրները, ապա ՀԲ պատրաստ է իր մասնակցությունն ունենալ դրանցում եւս։ Տնօրենները նաեւ հավաստիացրին, որ բանկը նման կոնֆլիկտային գոտիներում որեւէ նախագծի մասնակցելով, կողմերից ոչ մեկի կողքին չի կանգնում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ