Ժնեւում այսօր ակնկալվում է Քոչարյան-Ալիեւ հանդիպում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (ՏՀՀԳ) մասնակցելու նպատակով Ժնեւում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Պաշտոնապես չի հաստատվում կամ ժխտվում Քոչարյան-Ալիեւ հանդիպման հավանականությունը։
Դեկտեմբերի 5-8-ը տարածաշրջանային այցով Բաքու, Երեւան, Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնային նպատակը Քոչարյանի եւ Ալիեւի առաջին շփումը հաստատելու փորձն էր։ Եթե Ժնեւում չկայանա նախագահների առաջին հանդիպումը, ապա դա կնշանակի, որ միջնորդների վերջին այցն անպտուղ էր։ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ նման հանդիպում այսօր կայանալու է։
Պաշտոնական Ստեփանակերտը հիացած չէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդմիջված երկկողմ հանդիպումները շարունակելու հեռանկարով, հատկապես որ պարզ չէ, թե ղարաբաղյան կողմը երբ է միանալու բանակցային գործընթացին։
«Առանց ԼՂ մասնակցության անհնար է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, եւ համանախագահները համաձայն են մեր տեսակետին», Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպումից հետո ասել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանըՙ հիշեցնելով, որ դեռեւս ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներում հստակ ամրագրված է, որ հակամարտության կողմեր են ԼՂ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը։
Նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը համանախագահների այցի նախօրեին Ստեփանակերտում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ նշել էր, որ ղարաբաղյան կարգավորման դիվանագիտության լրջագույն սխալը ԼՂ-իՙ բանակցային սուբյեկտից օբյեկտի վերածվելու փաստն է։ Ղարաբաղը պետք է բանակցություններում լինի սուբյեկտ եւ կրկին դառնա տարածաշրջանային էական գործոն, ասել էր Պետրոսյանը։
Պարզ չէ, սակայն, թե ԼՂՀ իշխանությունների մտահոգությունն առաջին հերթին ում է ուղղվածՙ Հայաստանի՞ն, Արդբեջանի՞ն, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբին։
ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ բանակցային ֆորմատում արձանագրվել է տրանսֆորմացիա, նախկինում տեղի ունեցող եռակողմ հանդիպումները փոխվել են Քոչարյանի եւ Ալիեւի ուղղակի շփումներով։
«ԼՂ-ում ոչ ոք չի կասկածում, որ նախագահ Քոչարյանը պաշտպանում է Ղարաբաղի ժողովրդի շահերը։ Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները միշտ չէ, որ կոնկրետ խաչաձեւվում են ԼՂ ապագա կարգավիճակի ճշգրտման շուրջ։ Որպես հարեւան պետություններ նրանք (նախագահները) ունեն նաեւ այլ հարցեր։ Մինչդեռ Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի հարաբերություններում ԼՂ կարգավիճակի խնդիրն ամենաէականն ու վճռորոշն է, ահա թե ինչու ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ օրինական իշխանությունները պետք է ընդգրկվեն, որպեսզի քաղաքական առումով պաշտպանված լինի ԼՂ ժողովրդիՙ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով արտահայտված կամքը», ասաց Աթանեսյանը։
Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ուղղակի բանակցություններ սկսելու Ստեփանակերտի հետՙ պայմանով, որ Երեւանը մի կողմ քաշվի։
«Դա հայկական երկու պետություններին գժտեցնելու փորձ էր։ Կար ժամանակ, երբ Ադրբեջանը մերժում էր Հայաստանի մասնակցությունը բանակցություններին, այսօր նույն մոլեռանդությամբ մերժում է ԼՂ-ի մասնակցությունը։ Սա խոսում է Ադրբեջանի քաղաքականության անորոշության մասին, Բաքուն չունի հստակ պետական դոկտրինա, ինչը շատ վտանգավոր է։ Ավելի լավ է ունենալ կոշտ դիրքորոշում, քան անորոշ դիրքորոշում, որովհետեւ այդ դեպքում բանակցային գործընթացը կարող է դադարեցվել», ասաց Աթանեսյանը։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի արտահայտութամբՙ ԼՂ-ն բովանդակությամբ սուբյեկտ է, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով դարձավ օբյեկտ։
«Մեր մասին խոսում են, բայց մենք չգիտենք, թե ինչի մասին են խոսում։ Եթե փորձեն այսուհետեւ այդ ճանապարհով գնալ, ապա հարցը մտնելու է փակուղի։ ԼՂ-ն ոչ թե դժգոհում է, այլ նշում, որ Հայաստանին դրել են մի վիճակի մեջ, երբ ՀՀ-ն է հայտնվել խնդրի հիմնական տերը։ ԵԱՀԿ-ի վարքը Մերձդնեստրի դեպքում ցույց տվեց, որ այդ կազմակերպությունը տապալեց (կարգավորման ջանքերը)։ Որպեսզի նույնը չկրկնվի, մենք պետք է երեք կողմով բանակցենքՙ Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան, հետագայում Հայաստանը բանակցային գործընթացում պետք է կամաց-կամաց զիջի ԼՂՀ-ին», ասաց Միրզոյանը։
ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի նախագահ Արթուր Մոսյանի կարծիքովՙ ղարաբաղյան կողմը դուրս է մնացել ոչ թե բանակցային գործընթացից, այլՙ բանակցող կողմ լինելուց։
«Մեզ թվացել է, որ սա ոչ բնական երեւույթ է, որովհետեւ ԼՂ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Սա անթույլատրելի է, ԼՂ-ն պետք է լինի բանակցող կողմ։ Մենք դեմ չենք, որ Հայաստանը լինի բանակցող կողմ, բայց ԼՂ-ն պետք է անպայման լինի», ասաց Մոսյանըՙ հավելելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանիՙ վերջերս հայտնած տեսակետը. «Հայաստանը պետք է անի քայլեր, որոնց իրավունքն ունի, ԼՂ-ն պետք է անի քայլեր, որոնց իրավունքը միայն ինքն ունի»։
Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Ղուկասյանը նշել էր, որ բանակցություններում առանց ԼՂ-ի ներգրավման ցանկալի արդյունքը պրոբլեմատիկ կլինի։ «Մեզ համար բանակցություններն ինքնանպատակ չեն, այլ վերջնական կարգավորման հասնելու միջոց, որով ԼՂ-ն խորապես շահագրգռված է», ասել էր Ղուկասյանը։
Ի դեպ, Բաքվում լույս տեսնող «Ազադլիգ» թերթը դեկտեմբերի 9-ի համարում գրում է, թե Ռուսաստանը կողմերին ներկայացրել է կարգավորման մի նախագիծ, ըստ որի հայկական կողմը զորքերը դուրս է բերում Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Զանգելանի շրջաններից, որոնցով անցնում է երկաթուղին, ինչի դիմաց Ադրբեջանը բացում է երկաթգիծը եւ, փաստորեն, Հայաստանի հետ հաստատում տնտեսական հարաբերություններ։ Հետեւում է Թուրքիայի քայլը. Անկարան բացում է Հայաստանի հետ սահմանը։