Արատավոր ավանդույթ դարձած նախատոնական թանկացումներն այս տարի ավելի շատ ու ավելի բուռն են արտահայտվում։ Մտեք որեւէ վաճառակետ, եւ մթերքների գները 50, 100, 200 դրամով բարձրացած կտեսնեք։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հետ ներկա եւ սպասվելիք թանկացումների վերաբերյալ զրույցը, ի վերջո, հանգեց մասնավորեցման ասպարեզում պետության վարած քաղաքականությանը, որն, ըստ տնտեսագետի, երեւույթի խորքային դրդապատճառն է։
¬ Ուրիշ երկրներում Նոր տարուց առաջ էժանացումներ են լինում եւ ոչՙ հակառակը։ Մեզ մոտ փորձում են առիթից օգտվել, փոխանակ այս ընթացքում գներն իջեցնելու եւ շրջապտույտից մեծ գումար վաստակելու։ Բայց չեմ կարծում, թե օգուտ են անում։ Դա մի պատճառ։ Իրականում սա նաեւ արդեն թանկացած հացի եւ գազի, ջրի, հոսանքի սպասվելիք թանկացումների արձագանքն է։
- Բայց սպասվելիք թանկացումների մի մասը (գազ, հոսանք) կարծես թե բացառեցին պաշտոնյաները։
¬ Նրանք, ովքեր այդ մասին հայտարարություններ են արել, իրավասու չեն նման խոստումներ տալուՙ ոչ ԱԺ նախագահը, ոչ վարչապետը, ոչ էլ երկրի նախագահը։ Այդ ասպարեզներն արդեն նրանց չեն պատկանում։ 1 տարուց ավելի սեփականաշնորհվել են բաշխիչ էլեկտրացանցերը, եւ միայն մասնավոր ձեռներեցը կարող է հայտարարելՙ թանկացնո՞ւմ է, թեՙ ոչ։ Պետությանը չեն պատկանում ոչ ջուրը, ոչ գազը, ոչ էլ էլեկտրաէներգիան։ Ավելինՙ վերջին դեպքում ոչ միայն բաշխիչ ցանցերը, այլեւ արտադրող ձեռնարկությունները վաճառվեցին։ Թեեւ ցանցերը սեփականաշնորհելիս խոստացան, որ դա չի վերաբերելու արտադրողներին։ Բայց ընդամենը մի քանի ամիս անց կոպտորեն դրժեցին խոստումը։ Խոսքը եւ Հրազդանի ՊՇԵԿ-ի մասին է, որ «Գույք պարտքի դիմաց» անհեթեթ բանաձեւով սեփականաշնորհվեց, եւ «Սեւան-Հրազդան» կասկադի, որի 100 տոկոս բաժնետոմսերը նվիրեցին Ռուսաստանին, խոսքը նաեւ լիազորագրային կառավարման, այսինքնՙ ամբողջությամբ տնօրինման հանձնված ատոմակայանի մասին է։
- Այդ դեպքում ո՞րն է բնական մենաշնորհների հանձնաժողովի անելիքը, եթե սակագների թանկացումները որոշում է մասնավորը։
¬ Դա պարադոքս է, այո, որովհետեւ էներգետիկայի բնագավառն այլեւս պետական մենաշնորհ չէ։ Վնասարար քաղաքականություն է իրականացվել։ Խախտվել են մասնավորեցման բուն սկզբունքները, եւ սեփականաշնորհվել են ոչ թե այն ձեռնարկություններն ու ոլորտները, որոնք պարապուրդի են մատնվել, այլ նրանք, որոնք շահույթով են աշխատումՙ նույն «Արմենտելը», կոնյակի գործարանը, ավիացիան, որոնք մենաշնորհի են վերածվել։ Բոլոր այն ոլորտները, որոնք բնական մենաշնորհներ ենՙ սեփականաշնորհելու ժամանակ պետությունը պարտավոր է վերահսկիչ փաթեթն իր ձեռքում պահել։ Ավելին, ըստ միջազգային օրենքի, օրինակ, ավիացիայի ոլորտը պետությունը չպետք է օտարի, որովհետեւ այդ դեպքում օտարում է ոչ միայն սեփականությունը, այլեւ օդային տարածքները վերահսկելու պատասխանատվությունը։ Եթե նույնիսկ համարենք, որ պետությունը լավ ձեռներեց չէ, կարող էր այդ ձեռնարկությունները լիազորագրային կառավարման հանձնել մեկ այլ մասնագիտացված ընկերության։ Չինաստանը նույնիսկ մի ամբողջ տարածքՙ Հոնկոնգը, տվեց կոնցեսիայով, այսինքնՙ պահպանելով սեփականության իրավունքը, օտար ներդնողին հնարավորություն տվեց բիզնես ծավալել եւ հետո վերադարձրեց։
- Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել օտարին սեփական հարստությունը հանձնելու գլխապատառ շտապողականությունը։
¬ Նման օրինակներ ԱՊՀ ոչ մի երկրում ես չեմ տեսնում։ Ավելինՙ այն, ինչ անվանում ենք արտաքին պարտքՙ 1 մլրդ 100 մլն դոլար (որ ինքնին մեծ սպառնալիք է մեր տնտեսության համար), բացառությամբ Ռուսաստանի, որեւէ մեկին չենք շտապել վերադարձնել։ Սեփականաշնորհման հանձնված ձեռնարկությունները թերարժեքավորվեցին, ձեռնարկություններ, որոնք մեր արդյունաբերության եւ գիտատեխնիկական պոտենցիալի առաջատարն էինՙ թե՛ «Մերգելյանը», թե՛ «Մարսը», թե՛ «Ագարակը»։ Այս թերագնահատումները նոր սխալների հանգեցրին։ Պարզվեց, որ նոր սեփականատերերն այնքան էլ օրինապաշտ չեն անգամ իրենց երկրների օրենսդրության առջեւ։ Նկատի ունեմ Էռնեկյանին, որը հետախուզման մեջ է. նա իր երկրի օրենքները չի պահպանել, ուր մնաց մերը։ Նույնը վերաբերում է Անատոլի Չուբայսին, որի նկատմամբ, հայտնի է, ինչ վերաբերմունք ունեն Ռուսաստանի իշխանությունները, եւ նա, հավանաբար, պատասխանատվության կկանչվի մոտ ժամանակներս։ Միամտություն կհամարեի, եթե ասվեր, որ մեր իշխանությունները որեւէ տեղեկություն չունեին, թե ով է Էռնեկյանը կամ Չուբայսը։ Այնուամենայնիվ, չեմ ուզում միտում տեսնել, թե հանցավոր դաշինք է կազմվել հենց այդ կարգի եւ ոչ թե օրինավոր մարդկանց հետ։
- Պատեհապաշտության, պահից շահույթ կորզելու մեխանիզմն է հավանաբար գործում։
- Բնականաբար, դրանք կաշառքով միջնորդված գործարքներն են, դրանք մրցույթներ են, որոնք չեն կայանում։ Այլապես ինչպես հասկանալ այն իրողությունը, որ երբ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ բաշխիչ ցանցերի մրցույթ հայտարարեց, ընդամենը մեկ ընկերություն էր ներկայացվել։ Չապահովվեցին ոչ ֆինանսական հաշվետվությունների թափանցիկության, ոչ էլ մրցութային մյուս կարեւոր պահանջըՙ էներգետիկայի բնագավառում փորձը, որ այդ ընկերությունը չուներ։ Այդ պատճառով նախ գնեցին, հետո լիազորագրային կառավարման պայմանագիր կնքեցին այլ ընկերության հետ։ Հարց է ծագումՙ ի՞նչը խանգարեց կառավարությանը, որ ինքը նույն կերպ լիազորագրային կառավարման չհանձնեց բաշխիչ ցանցերը։
- Հետդարձի որեւէ ճանապարհ չկա՞, քանի որ այդ քաղաքականությունը սոցիալական պայթյունի սպառնալիք է հենց իշխանությունների համար։
¬ Միակ ճանապարհը բոլոր կասկածելի գործարքները վերանայելն է, ինչպես «Արմենտելի» պարագայում։ Թեեւ վերջին դեպքում հիմնավոր փաստարկներ կան, որ կառավարությունը շահագրգռված է ոչ այնքան գործարքը չեղյալ հայտարարել, որքան աղմուկ բարձրացնելովՙ հերթական կաշառքներն ապահովել։ Դեռ մարտ ամսից նա կարող էր հրավիրել այլ ընկերության, որ իրՙ կառավարության մասնաբաժնի չափով կարող էր ներդրումներ անել եւ մրցակցություն ապահովել։ Կարող էր լիցենզիան չեղյալ հայտարարել, որը դարձյալ չարվեց։
- Ուրեմն, ներկա եւ սպասվելիք թանկացումները դուք կապում եք միայն մասնավորեցման սխալ քաղաքականության հե՞տ։
¬ Անկասկած, դրանք միայն իշխանությունների անպատասխանատվության հետեւանքն են։ Հիմա էլ կոալիցիոն կառավարության ծրագրերը որեւէ ժամկետ չնշող, հեղհեղուկ նախագծեր ենՙ այն էլ անփույթ կազմված, որոնք չեն էլ նշում, թե օրենքը չկիրառվելու դեպքում ո՞վ է պատժվելու ու պատասխան տալու։
Այսօրվա արդեն արձանագրվող թանկացումները նաեւ համատարած անվստահության, անորոշության մթնոլորտի, իշխանությունների նկատմամբ նաեւ ձեռներեցների հավատի կորստի հետեւանք են, որոնք եւս փորձում են հնարավորինս արագ շահույթներ ապահովել։ Ինչո՞ւ են Արեւմուտքում այս օրերին էժանացումներ լինում, որովհետեւ այնտեղ կա այդ վստահությունը։ Ավելինՙ այս ամենը կարող է հանգել նաեւ սոցիալական լարվածության սրման ու պայթյունի։ Եթե իշխանություններն ուշքի չգան...
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ