«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


«ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ 15-18 ՏՈԿՈՍՈՎ»

Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շուրջ կեսը օտարերկրյա ներդրումներն ենՙ անգլիական, հունական, պարսկական, ռուսական։ Առավել մեծ տեսակարար կշիռ սրանցից ունի ռուսական կապիտալըՙ շուրջ 15 մլն դոլար։ Սակայն ԿԲ նախագահը ընդգծեց, որ որոշ ռուսական ներդրումներ եկել են օֆշորային գոտիներից եւ հնարավոր չէ ասել, թե դրանք ուղղակի ռուսական ներդրումներ են։

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ բանկային համակարգի հաճախորդների քանակը ավելացել է։ Ըստ նրա, դա պայմանավորված է բանկերի նոր ծառայությունների մատուցմամբ, մասնավորապես պլաստիկ քարտերի թողարկմամբ։ Ծրագրվում է վերջիններիս քանակը հասցնել մինչեւ 50 հազարի։ Բանկերում ավելանում են նաեւ ավանդների ծավալներն ու ավանդատուների թիվը։ Այստեղ որակական փոփոխություններ են ակնկալվում 2005 թ.-ից սկսած, երբ կսկսի գործել ավանդների ապահովագրման հիմնադրամը։

Անդրադառնալով մասնավոր տրանսֆերների այս տարվա ծավալներին, ԿԲ նախագահը նշեց, որ այս տարի դրանք կավելանան 15-18 տոկոսովՙ գերազանցելով տարեկան 450 մլն դոլարի ցուցանիշը։ Մեր կողմից ավելացնենք, որ արտասահմանից Հայաստանում ապրող բարեկամներին փոխանցվող գումարները փաստորեն կազմում են գրեթե այնքան, որքան Հայաստանից արտահանման ծավալներն են։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4