«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Բաժանորդները հայտնվել են անորոշ վիճակում

Չնայած տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից «Արմենտելին» ուղղված պաշտոնական գրությանը, որով արգելվում էր 2004 թ.-ի հունվարի 1-ից կիրառել նոր սակագներ, այդուհանդերձ, հեռահաղորդակցության ոլորտի մենատեր ընկերությունն արդեն սկսել է կյանքի կոչել իր նոր որոշումը։ Մասնավորապես, համաձայն այդ որոշման, այս տարվա դեկտեմբերի 1-ից կդադարի գործել կանխավճարային համակարգը։ «Արմենտելը» դադարեցրել է կանխավճարների ընդունումըՙ ակնհայտ հակամարտության մեջ մտնելով Հայաստանի կառավարության հետ։ Ընկերության այդ քայլի առնչությամբ ներկայացրած բացատրությունն անփոփոխ է։ Ինչպես նշեցին հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Արմենտելը» ղեկավարվում է թ. 60 լիցենզիայի դրույթներով։

Տրանսպորտի եւ կապի նախարարության դիրքորոշումն էլ մնացել է նույնը. լիցենզիայով նախատեսված է սակագների փոփոխման կարգ, եւ «Արմենտելի» վկայակոչած տարբերակով սակագների փոփոխության կարգը չի կարող այժմ գործել։ Նախարարության լրատվական ծառայությունից վերստին հայտնեցին, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընկերության դեմ։

Դարձյալ առաջին հերթին եւ ամենից շատ տուժում են հասարակ սպառողները։ Նրանք հայտնվել են մի տեսակ երկատված վիճակումՙ չիմանալով ում հավատալ եւ ինչպես վարվել։ Այս համապատկերում իշխանություններիՙ բաժանորդներին ուղղված «Արմենտելին» դատի տալու կոչերը, առնվազն անիրատեսական են։ Խնդիրը միայն այն չէ, որ մեր դատարանների եւ դատավորների օբյեկտիվությանը բնակչության գերակշիռ մասը իրավացիորեն չի հավատում։ Պարզապես մարդիկ հոգնել են ամեն ինչի համար անընդհատ եւ հիմնականում անարդյունավետ պայքարելուց։ Եվ, ի վերջո, սա ոչ թե ինչ-որ մեկի անձնական, այլ ամբողջ հասարակությանը վերաբերող խնդիր է, որի կարգավորումը այդ նույն հասարակության շահերը պաշտպանելուն կոչված իշխանությունների պարտականությունն է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4