«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2003-12-10 | #228, 2003-12-11 | #229, 2003-12-12


ԲԱՑԱՌԵԼ ԿԵՂԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Օրերս ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարը հրաման է ստորագրել, որով շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան բաժինների վարիչներին ու հանրակրթական դպրոցի տնօրեններին հանձնարարել է ուժեղացնել սովորողների գիտելիքների գնահատման վերահսկողությունը։ Արտաքուստ զուտ գերատեսչական նշանակության թվացող այս հարցը ունի ավելի ծանրակշիռ շարժառիթ։ Դրա համար հիմք են ծառայել նախարարության ուսումնասիրությունները։ Պարզվել է, որ դպրոցական գնահատականները հաճախ չեն արտացոլում աշակերտների փաստացի գիտելիքները, ինչը բուհական քննությունների ժամանակ ավելի տեսանելի է դառնում։ Մեծ քանակ են կազմում այն դեպքերը, երբ շրջանավարտն ավարտական քննությունները հանձնում է գերազանց, սակայն բուհական քննությունների ժամանակ ստանում է անբավարար գնահատական։ Այս դիտարկումն արվել է Արցախի պետհամալսարանի ընդունելության քննությունների եւ ԼՂՀ ԿՄՍ նախարարության միջնակարգ կրթության վարչության եւ շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) ԿՄՍ բաժինների կողմից ստուգողական գրավոր աշխատանքների արդյունքների համադրության վրա։ Գնահատականների արհեստական բարձրացումը, նախարարության ղեկավարության կարծիքով, ենթադրում է ուսուցչի որոշակի շահագրգռություն այս հարցում։ Ընդ որումՙ բացառելի չէ նաեւ նրանց կաշառվածության հանգամանքը։ Եթե դրան ավելացնենք, որ ընթացիկ տարում 140 հոգի (հիմնականում գյուղաբնակներ) Արցախի մայր բուհ են ընդունվել դպրոցում տրված հավաստագրերով, առանց քննություններ հանձնելու, ապա պատկերն ավելի համոզիչ կդառնա։ Ի դեպ, 2002 թ. այս կարգով ԱրՊՀ է ընդունվել 100 գյուղաբնակ շրջանավարտ։

Այս ամենն, անշուշտ, ազդում է դպրոցի հեղինակության վրա, որը նախարարության մշակած բարեփոխումների շրջանակներում, մեղմ ասած, չի տեղավորվում։ Նախարարի վերոհիշյալ հրամանն էլ հենց կազմված է նույն այս մտահոգություններից։ Հրամանով չեն նախատեսվում կեղծ գնահատականներ նշանակած ուսուցիչների վարչական պատիժներ, առայժմ միայն նախազգուշացնող բնույթ ունի։ Սակայն կրկնվելու դեպքում կկիրառվեն խիստ պատիժներ։

Առհասարակ նման երեւույթներն Արցախի կրթական համակարգում բացառելու համար նախարարությունը չի բավարարվել սոսկ հրամանագրումով։ Անցած օրերին նախարար Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ կազմված աշխատանքային խումբը նախաձեռնել է շրջայցեր տարբեր շրջաններ, որտեղ հանդիպելով տվյալ վարչատարածքն ընդգրկող դպրոցների տնօրենների եւ վարչակազմիՙ այդ ոլորտի պատասխանատուների հետ, քննարկվում են կատարված ստուգումների արդյունքներըՙ համարժեք գնահատական տալով ի հայտ բերված զեղծարարություններին։

Ինչպես «Ազգի» թղթակցին հայտնել է ԿՄՍ նախարարության մամուլի պատասխանատուն, այդ աշխատանքային հանդիպումները տեղերում կշարունակվեն նաեւ առաջիկայում։ Թվում էՙ նման հետեւողականություն դրսեւորելու դեպքում իրոք հնարավոր կլինի կանխարգելել դպրոցներում առկա բացասական երեւույթները։ Բայց ձեռնարկման գործնական արդյունքը, թերեւս, կերեւա միայն հաջորդ տարվա դպրոցների ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների ժամանակ։ Անշուշտ, ուռճացված գնահատականներ նշանակելուց ուսուցիչներին որոշ առումով զերծ կարող է պահել նաեւ նրանց աշխատավարձերի բարձրացումը։ Հիշեցնենք, որ 2004 թվականից ԼՂՀ-ում ուսուցիչների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել շուրջ 40 տոկոսով։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4