Յուրաքանչյուրն իր ընտրությունն ինքն է կատարում։ Երբ ԱՄՆ-ում կազմակերպված ցուցահանդեսներից հետո հաջողությունները սկսեցին «հետապնդել» նկարիչ Շմավոն Շմավոնյանին, նրան առաջարկվեց մնալ, խոստանալով սեփական պատկերասրահ եւ բարեկեցիկ վիճակներ, նկարչի ինքնասիրությունն, իհարկե, շոյվեց. ընդամենը այդքան։ Նա չուզեց մնալ եւ չուզեց, որովհետեւ. «ինձ զգում էի, ոնց որ օվկիանոսի հատակում»։ Ինքը բնության զավակ է, էության խորը թելերով անքակտելիորեն կապված իր հող ու ջրին։ «Բա չքայլե՞ս էս հողի վրա ոտաբոբիկ, փուշը ոտքդ չծակի՞։ Մարդուն իր արմատներով պետք է ճանաչել», ասում է նկարիչը։ Մեծ պապը գյուղի քահանան էրՙ պատկառելի արտաքինով, ազնվատեսք հոգեւորական։ Զարմիկները ցարական բանակի սպաներ, բժիշկներ են եղել, որոնց լուսանկարները շրջանակներով խնամքով պահում էր պահարանում։ Արվեստանոցում քիչ նկարներ կայինՙ մի քանիսը պատին։ «Իսկական նկարիչն իր մոտ նկար պիտի չունենա»։ Իմ հարցիցՙ «չե՞ք ափսոսում», տարակուսեց։ «Ինձնից հեռանալովՙ սկսում է նրանց նոր կյանքը, նրանք ապրում են ավելի կենսական ոլորտում»։
Երեւանում անհատական ցուցահանդես դեռ չի բացել։ 1992 թ.-ից արտերկրում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներՙ Ստամբուլում (1992), Ֆրանսիայում (1995), Բեյրութում, Անգլիայում (1996), Քուվեյթում։ Բոլորն էլ անցել են հաջողությամբ։ Քուվեյթում ցուցահանդեսից հետո արքայադուստրը հատուկ հրավեր է կազմակերպել նկարչի համար։
Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլ. Ստուպիշինը «Իմ առաքելությունը Հայաստանում» գրքում առանձին բաժին հատկացրել է Շմավոն Շմավոնյանին։
1999 թ. նկարիչը հրավեր է ստանում ԱՄՆ հայ համայնքի Սահակ-Մեսրոպ վարժարանի կողմից, նկարչի աշխատանքների ցուցադրությունը կազմակերպվում է «Ալբեր Բոյաջյան» պատկերասրահում։
Դրան նախորդել էր «Գլենդեյլ Մեմորիալ» հոսպիտալի պատվիրակության այցելությունը Հայաստանՙ հումանիտար եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Պատվիրակության փոխնախագահը նաեւ գեղանկարչության սիրահար էր եւ կոլեկցիոներ։ Միայն պատահականությամբ նա տեսնում է Շ. Շմավոնյանի նկարները եւ գնում։
2000 թ. ապրիլին հոսպիտալի հետ կնքած պայմանագրով քաղցկեղով հիվանդների համար կատարվում է դրամահավաք։ Բժիշկներից մեկի առանձնատանը տեղի ունեցած արարողության ընթացքում կազմակերպվում է նկարչի աշխատանքների ցուցադրություն։ Հասույթի 40 տոկոսը նվիրատվություն է կատարվում հիվանդանոցին։ Հոսպիտալի պատվերով կատարված «Հույսը» խոշորածավալ կտավըՙ հրեշտակային բարություն խորհրդանշող կերպարներով, հույսի թափանցիկ թեւերով, հավատի աստվածային խորհրդով, նվիրատվություն է արվում հիվանդանոցին։
Այս տարվա օգոստոսին նկարիչը դարձյալ հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից։ Այս անգամ էլ պատվիրատուն «Գլենդեյլ Մեմորիալ» հոսպիտալն էր։ «Հավերժություն» խորագրով մեծադիր կտավըՙ նվիրված սեպտեմբերի 11-ի զոհվածներն, իբրեւ նվիրատվություն հանձնվում է քաղաքապետարանին։
Այս ակցիան ուշադրությունից դուրս չմնաց ոչ պետական մարմինների, ոչ էլ լրատվամիջոցների տեսադաշտից։ «Լոս Անջելես թայմս»-ը, «Գլենդեյլ Նյուս-Պրեսս»-ը բավականին ուշագրավ հրապարակում կատարեցին անդրադառնալով հայ նկարչի ստեղծագործությանը, կենսագրությանը, ԱՄՆ-ում կազմակերպված ցուցահանդեսներին։ Ամերիկյան առաջատար թերթերից մեկիՙ ամբողջական էջի ծավալով, լուսանկարներով հոդվածն արտատպվեց նաեւ «Արմինյըն Օբզերվեր» շաբաթաթերթում։ Նկատենք, որ նկարչի նախորդ այցելության ժամանակ կատարված ակցիային անդրադարձել էր «Պասադենա ուիքլի» շաբաթաթերթըՙ շապիկի առաջին էջում զետեղելով նկարչի լուսանկարը, ներսում լրագրող Սեկլերի ստորագրությամբ մեծածավալ հոդվածը։
«Նա իր ոճին հասնում է հիմնականում վառ գույները մշակելով նկարչական բահիկով, որի օգնությամբ ստեղծում է ստվերներ ու նուրբ անկյուններ, որոնք միաձուլվում ենՙ դառնալով ճանաչելի առարկաներ։
Հայրենի բնանկարներն ու իր հայրենակիցների տոնակատարություններն են Շմավոնյանի ամենասիրած թեմաները։ Իսկ աղջիկները վառ ազգային տարազներով այնքան էլ բնորոշ չեն նկարչի վրձնին։
Շմավոնյանի երեւակայության վրա զգացվում է իմպրեսիոնիստ նկարիչների դրոշմը։ Նա կարծես իր նկարներով մոտենում է Սարյանի աշխատանքներին, գրում է «Պասադենա Ուիքլին»։
Շմավոնյանի «Հույս» նկարը կախվելու է Գլենդեյլի «Մեմորիալ» հիվանդանոցում, որը ոգեշնչող ազդեցություն կունենաՙ բերելով հանգստություն դժվար կացության մեջ հայտնված մարդկանց։ Ինչպես Գլենդեյլի «Նյուս-Պրեսսն» է գրում, «Հույս» նկարում պատկերված հրեշտակները պետք է պահապան լինեն հիվանդանոցի բնակիչներին»։
Իսկ վերջինՙ «Հավերժություն» կտավի նվիրատվությունն արժանացավ նաեւ ԱՄՆ պետական ատյանների ուշադրությանը, շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնվեցին նկարչին։
Նկարիչներից շատերը գտնում են, որ անկախությունն արվեստագետի համար դրսեւորման լավագույն հնարավորությունն է ստեղծում. «Եթե հարցնում ես, թե ի՞նչ տվեց անկախությունը մշակույթին, ապա կարելի է մի բան վստահաբար ասել, որ տվեց մշակույթը ապրանք դարձնելու շուկայական տեխնոլոգիան, որ ընդունված է ողջ աշխարհում։ Պետությունը պետք է ունենա որոշակի հայեցակարգՙ իր արվեստագետներին դրսում ճանաչելի դարձնելու քաղաքականությունը։ Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ այսքան նկարիչներ ու ձեռքի աշխատանքի վարպետներ ունենան, որոնք մի բան են անումՙ պահպանում են մշակութային ավանդները»։
Այս կարծիքին, սակայն, հակադրվում է դատարկ իրականությունը։ Եթե պետությունը դա չի անում եւ չի գնահատում իր արժեքները, գտնվում են ուրիշները, որ անում են դա։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ