«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2003-12-10 | #228, 2003-12-11 | #229, 2003-12-12


ՌԵՅՄՈՆԴ ՏԱՄԱՏՅԱՆԻ «ՍՓՈՓԻՉ» ՄՐՑԱՆԱԿԸ

Նյու Յորքում բնակվող հայտնի բժիշկ եւ գյուտարար Ռեյմոնդ Տամատյանը, որը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (նկարահանման) գյուտարարներից մեկն է, սակայն այս տարի չարժանացավ Նոբելյան հանձնախմբի մրցանակին, ստացել է մեկ ուրիշ գիտական մրցանակ, որը կարելի է «սփոփիչ» անվանել։ Բրիտանական «Նեյչըր» հանդեսը հաղորդում է, որ Շվեդիայի Օռնկոլդսվիկ քաղաքի «Իդե ֆորում» գիտական ընկերության ներկայացուցիչները հենց Նոբելյան մրցանակների հանձնման օրըՙ դեկտեմբերի 10-ին թռել են Նյու Յորք եւ Տամատյանին ոսկե մեդալ հանձնել բժշկության բնագավառում նրա ձեռքբերումների համար։

«Դա, իհարկե, Նոբելյան մրցանակ չէ, բայց նրանց կողմից մեծ սիրալիրություն էր ինձ մրցանակ հանձնելը», հայտարարել է Տամատյանը։ Հիշեցնենք, որ բժշկության եւ բնախոսության գծով 2003 թ. Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացի Փոլ Լոթերբուրին եւ բրիտանացի Փիթեր Մենսֆիլդինՙ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդի հայտնագործման համար։ Այդ եղանակը թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության եւ վնասակար ճառագայթման հետազոտել մարդու ներքին օրգաններն ու հյուսվածքները։

Տամատյանի կարծիքով, Լոթերբուրի եւ Մենսֆիլդի աշխատանքը կառուցվել է իր արտոնագրած հիմնարար հայտնագործության վրա։ Բժշկության ասպարեզում 2003 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունների հրապարակումից հետո Տամատյանը ԶԼՄ-ների միջոցով Լոթերբուրից եւ Մենսֆիլդից պահանջել էր ուղղել անարդարությունը եւ իր հետ կիսել մրցանակը։

Ի դեպ, Նոբելյան մրցանակի շնորհման կանոններն արգելում են փոփոխել անվանակարգիչ հանձնաժողովի որոշումները։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4