Այլ ոչ թե Թուրքական պատմագիտական ընկերությունը
Դեկտեմբերի 12-ին «Ազգը», հենվելով թուրքական «Ռադիկալ» եւ «Միլիեթ» թերթերի վրա, տեղեկացրել էր Վիեննայի համալսարանի նախաձեռնության մասին, ըստ որի ենթադրվում է հայ եւ թուրք գիտնականների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճի ծավալումը։ Դրա նախորդ օրըՙ դեկտեմբերի 11-ին, նախաձեռնությանը «Հայլուր» ծրագրով անդրադարձավ նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։
Թեեւ «Հայլուրը» նույնպես հենվել է «Ռադիկալի» վրա, սակայն այս թերթի տեղեկությունն այդ ծրագրում վերագրվեց թուրքական մամուլին եւ հեռուստաէկրանից հաղորդվեց «Թուրքական պատմության միության» նախաձեռնության մասին։ Այնուհետեւ մտացածին այս միությունը դարձավ «Թուրքիայի պատմության ինստիտուտ», որի անվան հետ էլ պայմանավորվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու նպատակով արված առաջարկը։
«Հայլուրը», վկայակոչելով ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանին, ընդգծեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանակցությունների անընդունելիությունը եւ եզրակացրեց, որ հակառակ թուրք պատմաբաններիՙ հայ պատմաբանները հերքում են Ցեղասպանության համատեղ քննարկման թուրք պատմաբանների հրավերի փաստը։
Անճշտություններն ակնհայտ են։ Այն առումով, որ Թուրքիայում որպես այդպիսին «Թուրքական պատմության միություն» կամ «Թուրքիայի պատմության ինստիտուտ» գոյություն չունի։ Խոսքը տվյալ դեպքում Քեմալ Աթաթուրքի անձնական միջնորդությամբ դեռեւս 30-ական թթ. սկզբներին ստեղծված Թուրքական պատմագիտական ընկերության մասին է։ Ընդ որում, «Ռադիկալի» տեղեկության մեջ, որը հաստատում է նաեւ «Միլիեթը», Յուսուֆ Հալաչօղլուն, որպես Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ, վկայում է ոչ թե Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային հրավերով դիմելու, այլ Վիեննայի համալսարանից այդպիսի հրավեր ստանալու մասին։ Ապա եւ ավելացնում, որ նշված համալսարանը համանման առաջարկ է ներկայացրել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային։
Այլ կերպՙ Հայոց ցեղասպանության շուրջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ Թուրքական պատմագիտական ընկերության մասնակցությամբ բանավեճ ծավալելու նախաձեռնությունը պատկանում է Վիեննայի համալսարանին, այլ ոչ թե վերոհիշյալ ընկերությանը։ Անկախ Հայոց ցեղասպանության հարցին ընկերության մոտեցումից, Վիեննայի համալսարանի նախաձեռնությունը վերջինին վերագրելը լուրջ վրիպում է, որովհետեւ դրանով նախաձեռնության էությունն է փոխվում։
Իբրեւ վրիպում ավելի քան լուրջ է Հայոց ցեղասպանության շուրջ բանակցությունների անընդունելիության պայմանավորումը ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչի խոսքերով, առավել եւս դրանց հիման վրա հետեւության հանգելը, թե «հայ պատմաբանները հերքում են Հայոց ցեղասպանությունը համատեղ քննարկելու թուրք պատմաբանների հրավերի փաստը»։
Եթե «Հայլուրի» աղբյուրը «Ռադիկալն» է, ապա այս թերթը, վկայակոչելով Հալաչօղլուին, պարզորոշ գրում է. «Քննարկումներին որպես կողմ մասնակցելու են Թուրքական պատմագիտական ընկերությունը եւ Հայաստանի Գիտությունների ակադեմիան»։ Այսինքնՙ Վիեննայի համալսարանը հրավերն այս երկու կազմակերպություններին է ուղարկել։ Ահա թե ինչու հրավերին թուրքական կողմից անձամբ արձագանքում է ընկերության նախագահ Հալաչօղլուն։ Ուրեմն, հայկական կողմից էլ պետք է պատասխանի ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը կամ վիցեպրեզիդենտ Վլադիմիր Բարխուդարյանը, եթե ոչՙ գոնե ակադեմիայի նախագահությունը։
Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճ ծավալելու նախաձեռնությամբ Վիեննայի համալսարանը չի կարող Թուրքական պատմագիտական ընկերության պարագայում հրավերը հասցեագրել այդ ընկերության նախագահին, իսկ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դեպքումՙ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնին, այլ ոչ թե ՀՀ ԳԱԱ նախագահությանը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ