Ըստ այդմ, ժողովրդավարական գործընթացներն այս երկրներում դանդաղել են
«Եվրախորհրդի պարտավորությունների հետ կապված մենք լուրջ խնդիրներ չունենք։ Մեզ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ մեր մոտեցումներն արդեն արտահայտել ենք։ Այս արտահերթ նստաշրջանում երրորդ ընթերցմամբ կընդունվի այլընտրանքային ծառայության օրենքը, որում Եվրախորհրդի առարկությունները մեծ մասամբ հաշվի են առնվել», Եվրախորհրդի հետ մեր հակասությունների լուծման վիճակն այսպես գնահատեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Եվրախորհրդի փորձագետների ներկայացրած տարբերակի վրա է հենվում նաեւ տարակարծություններ առաջացրած մյուսՙ օմբուդսմենի նշանակման օրինագիծը։
Եհովայի վկաների գրանցումը կիրականացվի, սակայն, ոչ թե 2003 թ. դեկտեմբերից, ինչպես առաջարկվում է, այլ միայն այն ժամանակ, երբ նրանք իրենց կանոնադրությունը կհամապատասխանեցնեն գործող օրենքներին ու սահմանադրությանը։ Եվ այս պարտադրանքն անփոփոխ է մնալու։ Ընդհանրապես, ըստ Ա. Ռուստամյանի, Եվրախորհրդի առաջին զեկույցում Հայաստանին ներկայացված սեղմ ժամկետներն իրատեսական չեն զուտ օրենքների հղկման ու փորձագիտական քննություն առնելու տեսանկյունից։ Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի ստրասբուրգյան նիստում 2004 թ. հունվարի 27-ին Հայաստանը կներկայանա արդեն իրեն առաջադրված փոփոխությունների տարբերակներով։
Ստրասբուրգյան նստաշրջանում կլսվի Հայաստանի զեկույցը եվրոպական պարտավորությունների կատարման ընթացքի մասին։ Ադրբեջանի պարտավորությունները կքննարկվեն ժողովրդավարական կառույցների գործունեության, իսկ Վրաստանինըՙ բազմակարծության առկայության համատեքստում։
Իսկ ընդհանրապես, ԱԺ-ում երեկ հրավիրված ասուլիսը նվիրված էր դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նիստին։ Արմեն Ռուստամյանը նշեց, որ հանձնաժողովը գնահատելով Ադրբեջանի, Ռուսաստանի ու Վրաստանի քաղաքական ու ժողովրդավարական զարգացումները, իբրեւ բնորոշիչներ առանձնացրել է հիմնականում ընդհանուր բնույթի թերություններ, որոնք հատկանշական են համարել նաեւ ԱՊՀ մյուս երկրների համար։ Դրանք հիմնականում վերաբերել են ընտրությունների թափանցիկության բացակայությանը, կեղծիքներին, բազմաքվեարկություններին ու հետընտրական բռնություններին։ Սակայն Ադրբեջանի համեմատ Հայաստանի համար իբրեւ դրական բնորոշիչ նշվել է, որ հետընտրական ժամանակաշրջանում մեզանում այնպիսի լարվածություն չստեղծվեց, ինչպես Ադրբեջանում։ Այս կարգի խնդիրների լուծումը մինչեւ հիմա էլ պարտադրվում է Ադրբեջանին։ Այստեղ, մինչ օրս, օրինակ, չի լուծվել քաղբանտարկյալների հարցը։
Զեկուցողները ծայր անհանգստություն են հայտնել հատկապես Ադրբեջանում կատարված բռնարարքների առթիվՙ Ադրբեջանը ոստիկանական պետության վերածվելու սպառնալիքի առաջ է, դա անհանդուրժելի է մի երկրի համար, որը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Մոնիտորինգի հանձնաժողովը չի դադարեցնելու իր դիտարկումներն Ադրբեջանում մինչեւ ժողովրդավարական նորմերին համապատասխան խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը։
Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ մի հիշատակում չի եղել, ըստ Ա. Ռուստամյանի, ադրբեջանցիների պաթոսն այս առթիվ խիստ նվազել էր, եւ նրանց կողմից անմտություն կլիներ այդ խնդիրը շոշափել, երբ ներքին կյանքում ավելի լուրջ ու խոցելի պրոբլեմներ ունեն։ Հանձնաժողովի նիստում Վրաստանի մասին եվրապատվիրակության պատրաստած զեկույցը եղել է հիմնականում տեղեկատվական բնույթիՙ կապված հետընտրական իրադարձությունների հետ։ Քննարկվել է նաեւ նոր, բարդ իրավիճակը, որում հայտնվել է Վրաստանը։ Անկախ ամեն ինչից, եվրոպացիները կարծիք են հայտնել, որ պետք է խստացնել ու պնդել ժողովրդավարական մեխանիզմների ու նորմերի պահպանության վերաբերյալ պահանջներն առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում։
Թեեւ դրանց քիչ ժամանակ է մնացել, Վրաստանը պիտի հասցնի իրականացնել իրեն առաջադրված խնդիրներըՙ ընտրական օրենքի, ընտրական համակարգի բարեփոխումների եւ ընտրությունների կազմակերպման հստակ կարգի վերաբերյալ։ Եվրախորհուրդը պատրաստ է հատկապես վերջին խնդիրը լուծելու համար ֆինանսական մեծ աջակցություն ցույց տալ Վրաստանին։ Եվրախորհրդի ղեկավարությունը մտադիր է ներկայացուցչական բարձր մակարդակով եւս վերահսկել ընտրությունները։
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Ռուսաստանին տրված գնահատականի էությունը եղել է հետեւյալը. «Պուտինը հաղթեց, չնայած կոնկրետ թեկնածու չէր, եւ մարտի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում եւս հաղթելու է»։ Արձանագրվել է զգալի առաջխաղացում ռուսաստանյան ընտրությունների անցկացման կարգում։ Իբրեւ մտահոգիչ իրողություն նշվել է պետական հեռուստատեսության միակողմանի, ոչ արդար քարոզչությունը։ ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից Ռուսաստանն այնքան էլ շահեկան դիրքերում չէ, եւ այս երկրին Եվրախորհրդի առաջարկը վերաբերել է ԶԼՄ-ների բարեփոխմանը։
Ըստ հանձնաժողովի վերջնական եզրահանգման, ժողովրդավարական գործընթացներն ընդհանրապես 3 երկրներում էլ դանդաղել են, եւ կոչ են արել իշխանություններինՙ լրատվամիջոցների կարգավիճակը բարելավելով նպաստել նաեւ ժողովրդավարության առողջացմանը։
Ավելացնենք նաեւ, որ դեկտեմբերի 16-20-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է Շոտլանդիայում կայանալիք Հարավային Կովկասի միջխորհրդարանական նիստին, որի նախօրեին, ըստ ադրբեջանական աղբյուրների, տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ