«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2003-12-11 | #229, 2003-12-12 | #230, 2003-12-13


ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԴԵՌ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ԲԱՅՑ ԵՂԱԾԸ ԱՐԴԵՆ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ Է

Բանավեճերը կշարունակվեն հաջորդ տարի

Զանգվածային լրատվության օրենքի նախագիծը, որ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, լրագրողական դաշտը բաժանեց 2 բանակի։ Առաջինի կազմում են Ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը։ Նրանք օրինագիծը համարեցին բավականին հաջողված, միաժամանակ ընդգծելով որոշ դրույթների փոփոխության անհրաժեշտությունը։ Իսկ երկրորդը, ի դեմս «Մամուլի ազգային ակումբի», բոյկոտեց օրինագիծը եւ շարունակում է պահանջել ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հրաժարականըՙ նրան մեղադրելով «կեղծարարության» համար։ Թե որքանով է նրանց բողոքն արդարացի, ժամանակը ցույց կտա, միայն նշենք, որ հակառակ կողմը ԱԺ հանձնաժողովի աշխատանքը գնահատեց որպես բոլոր առաջարկներն առաջին անգամ համակարգելու եւ ամենայն ուշադրության արժանացնելու ընդօրինակելի փորձ։

Ստորեւ ներկայացնում ենք հիշյալ օրինագծի մի քանի դրույթների փոփոխությունների անհրաժեշտության մասին մեր զրույցը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

¬ Զանգվածային լրատվության օրենքի ո՞ր դրույթներն եք համարում թերի եւ հղկման արժանի։

¬ Օրինագծի որոշ դրույթներ իսկապես հղկման կարիք ունեն ոչ այն իմաստով, որ վտանգում են խոսքի կամ մամուլի ազատությունը, այլ ունեն պրոֆեսիոնալ մոտեցման կարիքՙ զուտ որակի առումով։ Դա ամենից առաջ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների սահմանմանը. չնայած բավականին աշխատանք կատարվեց, բայց դեռեւս գտնված չէ զանգվածային լրատվամիջոցները երկրորդական նշանակություն ունեցող տեղեկատվական միջոցներից տարբերակող ճշգրիտ սահմանումը։ Կան սկզբունքային նշանակություն ունեցող մի քանի այլ դրույթներ, օրինակ, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության խնդիրը։ Օրենքում այդ խնդիրը լուծվում է մի տեսակ անիմաստ ձեւով. մի կողմից հասարակությանը հնարավորություն չի տրվում որոշելու, թե քաղաքական ինչ ազդեցությունների են ենթարկվում լրատվամիջոցները, մյուս կողմից պահանջ է ներկայացվում, որպեսզի յուրաքանչյուր լրատվամիջոց պարբերաբար տեղեկություններ հրապարակի իր տարեկան եկամուտների ու ծախսերի մասին։ Մեր համոզմամբ, նման ձեւակերպումը ավելորդ տեխնիկական խնդիրներ կառաջացնի, լրատվամիջոցների վրա տույժեր կսահմանի։ Քանի որ դա Եվրախորհրդի պահանջն է, ոչ մեզ, ոչ էլ այլ կազմակերպության չհաջողվեց այդ դրույթը հանել։ Բայց պետք չէ նահանջել, այլ շարունակել համոզել Եվրախորհրդի փորձագետներին, որ այդօրինակ դրույթը մեզանում աշխատող չէ։ Նրանք իհարկե հասկանում են, բայց կան հանձնարարականներ, որոնց կատարումը պարտադիր է Եվրախորհրդին անդամակցող յուրաքանչյուր երկրի համար։ Հուսանք, որ ամեն ինչ դեռ կորած չէ եւ ինչ¬որ բան դեռ կարելի է փոխել։ Հաջորդ սկզբունքային խնդիրը, որն, ըստ իս, չափազանց կարեւոր է լրատվական շուկան ազատ դարձնելու իմաստով, առնչվում է պետական կառավարման մարմիններին սեփական լրատվամիջոց ստեղծելու հնարավորությունից զրկելուն, որը, ցավոք, որեւէ արձագանք չստացավ քննարկումների ժամանակ։

¬ Կարծում եք, որ պետական մարմինները հեշտությա՞մբ կհրաժարվեն իրենց քարոզչամիջոցներից։

¬ Մենք, իհարկե, չենք պնդում, որ այդ դրույթն անմիջապես սկսի գործել։ Հասկանալի է, որ ժամանակ է պետք, գուցե 1¬2 տարի, մինչեւ պետական մարմիններին ենթակա լրատվամիջոցները դառնան մասնավոր։ Խոսքն առաջին հերթին թերթերի եւ լրատվական գործակալությունների մասին է, քանի որ, եվրոպական չափանիշների համաձայն, հանրային ռադիո եւ հեռուստատեսություն գոյություն ունեն բոլոր երկրներում։ Եթե կամենում ենք տեղեկատվական բնագավառում ազատ շուկա ունենալ, ուրեմն Արմենպրես, «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ այլ լրատվամիջոցներ պետք է այդ քայլին դիմեն։

Նախատեսել ենք փոփոխություն մտցնել նաեւ այն դրույթում, որը լրագրողներին արգելում է տարածել գաղտնի համարվող տեղեկությունները։ Բոլորիս հայտնի է, որ պետական, բանկային կամ այլ տիպի գաղտնիքների տարածումն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ։ Հետեւաբար, միանգամայն ավելորդ է դրա զետեղումը նաեւ զանգվածային լրատվության օրենքում, այն էլՙ այնքան խիստ նախադասությամբ, որ ուղղակի փչացնում է օրենքը։ Եթե պետական անվտանգության կամ գաղտնիք պարունակող այլ ոլորտի պաշտոնյան չի պահում գաղտնիությունը, ապա որեւէ լրագրող անզոր է կանխելու դրա տարածումը։ Այնպես որ, լրագրողի պատասխանատվությունն այդ խնդրում մեծ չէ, եւ բնավ կարիք չկա նրա առջեւ լրացուցիչ արգելք դնելու։

¬ Դուք նշեցիք բավականին ուշագրավ փոփոխություններ, որոնք առայժմ բացակայում են օրենքում։ Միաժամանակ գո՞հ եք եղածից։

¬ Այո, թվարկածս փոփոխություններով հանդերձ, այս պահին դժվար էր ակնկալել ավելի գոհացնող լրատվության օրենք, քանի որ չկային համապատասխան առաջարկներ։ Դրանից կարելի է հանգեցնել, որ առայժմ այնքան պրոֆեսիոնալ չենք կատարյալ օրենք ստեղծելու համար։ Բայց եղածն արդեն իսկ մոտ է եվրոպական չափանիշներին, ի դեպ, քիչ երկրներ կան, որոնք ավելի ազատական օրենքներ ունեն։ Այս օրենքը ներառում է այնպիսի սկզբունքներ ու գաղափարներ, որոնք մեր երկրի օրենսդրության մեջ առայժմ տեղ չեն գտել։ Հենց որ տեղ գտնեն, ամենայն հավանականությամբ, լրատվության օրենքն իր ուժը կկորցնի։ Իսկ երբ սկսեն գործել լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմները, ապա լրագրողների իրավունքների ու պարտականությունների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ կդառնա, քանի որ իրավունքները կպաշտպանվեն գործող օրենքներով, իսկ պարտականություններըՙ ինքնակարգավորման եղանակով։ Իդեալական վիճակը հենց դա է, եթե մի քանի տարի անց միասնաբար հասնենք դրան, ապա կունենանք լրատվական ազատական դաշտ, որը կլինի բոլորիս հաղթանակը։ Դրա համար դեռ ժամանակ է պետք։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4