«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2003-12-11 | #229, 2003-12-12 | #230, 2003-12-13


ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸՙ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՄԲ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախատոնական թանկացումների թեման Ամանորի նախօրյակին կարծես թե ավանդական է դառնում։ Այս առումով եւս մենք հավակնում ենք բացառիկ լինելու։ Եթե ամբողջ աշխարհում դեկտեմբերն ու հունվարը համարվում են խոշոր զեղչերի եւ նվերների ժամանակաշրջան, ապա Հայաստանում Նոր տարին հայրենի գործարարներն օգտագործում են բնակչության մնացածՙ գերակշիռ մասի հաշվին հնարավորինս շատ հարստանալու նպատակով։ Այս տարին եւս բացառություն չկազմեց։ Ավելին, համառորեն շրջանառվող լուրերը էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագների թանկացման մասին, հացի թանկացումը հավելյալ իրարանցում ստեղծեցին շուկայում, որից չհապաղեցին օգտվել եւ արտադրողները, եւ առեւտրականները։ Երկուսն էլ համերաշխորեն ձեռնամուխ եղան ապրանքների մեծածախ եւ մանրածախ գների բարձրացմանը, իբր սպասվելիք թանկացումներից չտուժելու համար։ Սակայն ակնհայտ է, որ նպատակն այս օրերին խիստ մեծացած պահանջարկը (կարելի է անվանել ճարահատյալ պահանջարկ) բավարարելն է։ Ի վերջո, նման առիթ, բնակչության կեսից ավելին աղքատ համարվող երկրում, կլինի մեկ էլ հաջորդ տարի այս օրերին։

Ամենամակերեսային դիտարկումներով սննդամթերքի գներն այս օրերին աճել են 25-30 տոկոսով։ Խոսքն առավելապես մսամթերքների, ձվի, զանազան քաղցրավենիքների, կոնֆետների, մրգերի մասին է։ Եթե վերջին մի քանի տարիներին միջին հայկական ընտանիքին առնվազն 100 դոլարին համարժեք դրամ էր անհրաժեշտ տոնական համեստ սեղան ունենալու համար, ապա այժմ, ամենահամեստ հաշվարկներով, նվազագույն անհրաժեշտ գումարը կազմում է 150 դոլարին համարժեք դրամը։ Իհարկե, այս հանգամանքն այնքան էլ չի հետաքրքրում ոչ խոշոր, ոչ մանր բիզնեսի ներկայացուցիչներին։ Դա զարմանալի չէ, զարմանալին նրանց մոտեցումներն ու արդարացումներն են։

Երբ արտադրողին հարցնում են, թե ինչով է բացատրվում, ենթադրենք, ձվի գների աճը, պատասխանում է, որ դրա պատճառը ոչ թե Նոր տարին, այլ կերային կուլտուրաների թանկացումներն են։ Վաճառողն էլ թանկացման պատճառը, բնականաբար, համարում է արտադրողի գների բարձրացումը, առանց նշելու, որ ինքն էլ թանկացման սեփական բաժինն ունի։ Էլ չենք խոսում ներմուծողների մասին, որոնց մասնակցությունը թանկացումների ընդհանուր պատկերում բնավ էլ ամենահամեստը չէ։ Եվ բոլորը միաբերան ասում են, որ «մեր ժողովուրդը մեղք է» կամ «ի՞նչ են մտածում իշխանությունները»։

Վերջին հարցն իսկապես տեղին է, բայց դա նախատոնական գերշահութաբեր առեւտուր իրականացնողները չէ, որ պետք է ուղղեն։ Այդ գառան անմեղությամբ տրվող հարցի հեղինակները հենց նույն իշխանությունների աջակցությամբ եւ մասնակցությամբ են բարձրացնում ապրանքների գները։ Նրանք իզուր են կարծում, որ երեսպաշտություն անելով կարող են թաքցնել, որ ստանալով գերշահույթներ, հարկային պարտավորությունները եւ մաքսային վճարները շարունակում են վճարել նախորդ ամիսների պես։ Հասկանալի է, որ հարկային կամ մաքսային համակարգերի աշխատակիցները դա հենց այնպես չեն անում։

Ո՞րն է ելքը, ի՞նչ կարող է ձեռնարկել սովորական սպառողն այս իրավիճակում։ Կարելի է ասելՙ ոչինչ։ Ժամանակին թվում էր, թե արձագանքելով տեղական արտադրողների «օգնենք մեզ, գնենք մերը» կոչին, կարող ենք հուսալ նրանց համարժեք վերաբերմունքը թեկուզ «գնեք մերը եւ չեք վնասի ձեզ» կարգախոսով։ Սակայն պարզվեց, որ տեղական արտադրողներն առանձնապես չեն տարբերվում ներկրողներից եւ առեւտրականներից։ Միակ սփոփանքն այս օրերին տեղական արտադրողներից «Գրանդ քենդիի» հայտարարությունն էր սեփական արտադրանքի գներն անփոփոխ թողնելու մասին։ Եթե նկատի ունենանք, որ այս ընկերությունը եւս նախորդ տարիներին զերծ չէր մնացել սեփական արտադրանքը թանկացնելուց, ապա հույս ունենանք, որ նրա այս տարվա քայլին կհետեւեն նաեւ մյուս արտադրողները։ Իսկ մինչ այդ կշարունակենք մնալ հայրենի իշխանությունների «հոգատարության» եւ հայրենի գործարարների «հայրենասիրության» միջեւ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4