«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2003-12-11 | #229, 2003-12-12 | #230, 2003-12-13


ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՙ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության վերարտադրության վրա ոչ այնքան ազդում են պատերազմները, որքանՙ երկրի ներքաղաքական անկայունությունը։ Գուցե թե սա վիճահարույց է տվյալ երկրի առանձնահատկություններով պայմանավորված, սակայն ԼՂՀ-ի պարագայում, համենայն դեպս, վիճակագրական թվերն այդ են հուշում։

Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներովՙ 1994 թ. ԼՂՀ-ում ծնվել է 1800 երեխա։ Այս թվանիշը որոշ տատանումներով պահպանվել է նաեւ հետագա չորս տարիներին։ Իսկ ահա 1999 թվականին ծննդաճը հանրապետությունում կազմել է 1602 երեխա։ Արդեն 2000 թվականից ծնունդների թիվը կրկին սկսել է աճել։

Համապատասխանաբար, թվային տատանումներ են գրանցվել նաեւ ամուսնությունների վիճակագրությունում։ Եթե 1995 թ. ԼՂՀ-ում ամուսնությունների թիվը եղել է 770, որը հետագա չորս տարիներին զգալի աճ է ունեցել, ապա 1999-ին այդ թիվը նվազել ու հասել է 643-ի։

Խորամուխ լինելով նշված թվերի քաղաքական բնութագրումներում, ակնհայտ է դառնում, որ անգամ պատերազմական գործողությունների շրջանում ավելի շատ երեխա է ծնվել (համապատասխանաբարՙ ամուսնություններ են եղել), քան հրադադարից հինգ տարի հետո։ Ռազմագործողությունների հետեւանքով բնակչության թվային կորուստներին զուգահեռ մեծանում է գոյատեւման ռեակցիան, ինչը թեկուզ բնազդային, այնուհանդերձ, ծնելիության բարձրացման կարեւոր խթան է։

Միեւնույն ժամանակ իրադարձությունների խրոնիկան պարզորոշ հիշեցնում է, որ 1998-99 թվականներին ԼՂՀ ներքաղաքական վիճակն անկայուն է եղելՙ կապված որոշ ռազմաքաղաքական ուժերի իշխանական նկրտումների հետ։ Անշուշտ, ներքին անկայունությունը բացասաբար է ազդում հասարակական տրամադրությունների վրա, որի անմիջական հետեւանքը բնակչության վերարտադրող խավի հոռետեսությունն է ու պասսիվությունը բնականոն գործընթացներից։

Ներքաղաքական կայունությունն, այսպիսով, ազդեցիկ գործոն է բնակչության արդյունավետ վերարտադրության հարցում։ Չշոշափելով ներքին կայունության քաղաքական մյուս բաղադրիչները, փաստենք, որ այս առումով հասարակական-քաղաքական ուժերից նույնպես շատ բան է կախված։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4