«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2003-12-12 | #230, 2003-12-13 | #231, 2003-12-16


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԸ

Հողին հանձնվեց բոլոր ժամանակների ամենանշանավոր ադրբեջանցու մարմինը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ալիեւը լալիս էր Ելցինի կրծքին, վստահեցնելով, թե ադրբեջանցիները սիրահարված են Ռուսաստանին, եւ նույնն անում էր Անկարայում, պնդելով, որ Թուրքիան իրենց երկրորդ հայրենիքն է», ամերիկյան Քլիվլենդ քաղաքի կլինիկայում վախճանված Հեյդար Ալիեւի մասին նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը։

Ալիեւը, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է ուրբաթ երեկոյան սրտի անբավարարությունից, երեկ հողին հանձնվեց Բաքվի պանթեոնումՙ կնոջՙ Զարիֆա Ալիեւայի կողքին։ Հուղարկավորությանը մասնակցելու էին գնացել աշխարհի մի քանի տասնյակ պետությունների ներկա եւ նախկին նախագահներ, վարչապետներ, որոնց թվում Թուրքիայի նախագահ Սեզերը, վարչապետ Էրդողանը, ՌԴ ղեկավար Պուտինը, Շեւարդնաձեն, Նազարբաեւը, Բուրջանաձեն, Կուչման։

Կյանքի 80 տարիներից մոտ 30-ն Ալիեւը եղել է Ադրբեջանի առաջնորդը։ Ըստ տարբեր աղբյուրների, Ալիեւը ծնվել է 1921, 1922 կամ 1923թթ.։ Պաշտոնական տեղեկատվությամբ, Հեյդար Ալիեւը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին Նախիջեւանում, երբ Ալիեւների ընտանիքը նոր էր Հայաստանից տեղափոխվել ինքնավար հանրապետություն, ութ երեխաներից 3-րդն էր։

Տարածված մեկ այլ կարծիքի համաձայն, Ալիեւը ծնվել է 1921 թ. կամ 1922 թ.Հայաստանի Սիսիանի շրջանի Ջոմարթլի գյուղում։ Չար լեզուները նշում են, թե Ալիեւը, որ Բաքու տեղափոխվել է պատանի հասակում եւ խաղացել տեղի թատրոնում, ծննդյան ստույգ թվականը փոխել էՙ Հայրենական մեծ պատերազմից խուսափելու նպատակով։ Հաշվի առնելով, որ արդեն նախագահ եղած տարիներին Ալիեւի շրջապատում փոքր թիվ չէին կազմում ազգությամբ քուրդ գործիչները, ադրբեջանական ընդդիմությունը ժամանակին պնդում էր, թե Ալիեւն ինքն արմատներով քուրդ է։

Անշրջելի ընթացքը դեպի իշխանական բուրգի գագաթ Ալիեւն սկսում է 1950-ական թթ., երբ աշխատակցում է ստալինյան տխրահռչակ ՆԿՎԴ-ինՙ խորհրդային ԿԳԲ-ի նախատիպին, արդեն 1967-ին ղեկավարում էր ադրբեջանական ԿԳԲ-ն, երկու տարի անց Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարն էր։

Խորհրդային Ադրբեջանիՙ Ալիեւի ղեկավարած 13 տարիներին Բրեժնեւը 3 անգամ այցելել է Բաքու, արժանանալով արքաներին վայել հյուրասիրության ու մեծամեծ նվերների։ Վաքսբերգը «Խորհրդային մաֆիա» գրքում գրում է, որ շողոքորթությունների անկրկնելի վարպետ Ալիեւն այցելություններից մեկի ժամանակ Բրեժնեւին նվիրել է 226 հազար ռուբլի արժողությամբ ադամանդյա մատանի։

Սակայն Ալիեւին Կրեմլ է տանում Անդրոպովըՙ 1982 թ.-ին, Մոսկվայում նա զբաղեցնում է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախարարի տեղակալի պաշտոնըՙ մինչեւ 1987 թ.-ը։ Ալիեւը դարձավ Գորբաչովի «պերեստրոյկայի» «զոհը». 1987 թ. նա ազատվում է աշխատանքից, նույն տարի տանում սրտի առաջին տագնապը։

Շուրջ 3 տարի ապրելով Մոսկվայում, Ալիեւի անունը շրջանառության մեջ է դրվում 1990 թ. հունվարիՙ Բաքվի հայկական ջարդերից, ապա դրան հետեւած ադրբեջանական ջարդերից հետո։ Ալիեւի ուղղակի կապն այս ողբերգություններին չի հաստատվում, սակայն այս դեպքերից հետո նա սկսեց նոր արշավը արդեն դեպի անկախ Ադրբեջանի գահ։

1991 թ. սեպտեմբերի 3-ին նա ընտրվում է Նախիջեւանի խորհրդարանի նախագահ, կարողանալով հավասարակշիռ քաղաքականություն վարել Իրանի եւ Թուրքիայի միջեւ, միաժամանակ կիսաանկախ վիճակում մնալ Բաքվում իշխանության եկած Մութալիբովի, ապա Էլչիբեյի իշխանությունից։

«Ժողովրդականորեն ընտրված նախագահ Էլչիբեյը դիմել է փախուստի, ենթարկվելով վարկաբեկված հին կոմունիստ Ալիեւի ճնշմանը եւ երիտասարդ, սակայն նույնպես վարկաբեկված արկածախնդիր Սուրեթ Հուսեյնովի հետապնդումներին», Ադրբեջանում 1993 թ. հունիսյան պետական հեղաշրջման մասին գրեց ազդեցիկ «Վաշինգտոն փոստը»։

Հեղաշրջման կազմակերպիչ Ալիեւը «Սովետսկայա Ռոսիա» թերթում այսպես է ներկայացնում 1993 թ. դեպքերը. «Հանցագործները փորձում էին զինաթափել Հուսեյնովի կորպուսը, սպանել նրան։ Սուրեթի տանկերը շարժվեցին Բաքու։ Էլչիբեյը հասկացավ, որ տանուլ տվեց։ Նա որոշեց ինձ հրավիրել Բաքու, որ փրկեմ իրավիճակը։ Բաքվից զանգում էր Նախիջեւան, սակայն հեռախոսը չէի վերցնում։ Հունիսի 7-ին Բաքվից ինքնաթիռ ուղարկեցին, սակայն ես հետ ուղարկեցի։ Հունիսի 8-ին նորից ինքնաթիռ ուղարկեցին։ Հունիսի 9-ին Սուրեթի զորքերը շարժվում էին Բաքու։ Էլչիբեյը նորից ինքնաթիռ ուղարկեց, աղաչում էր գալ։ Ես համաձայնեցի»։

Հետագա մի քանի տարիներին արդեն Ադրբեջանի նախագահ Ալիեւը չեզոքացրեց կամ բանտ նստեցրեց գրեթե բոլոր այն գործիչներին, որոնց օգնությամբ ինքն իրականացրել էր հեղաշրջումը եւ զավթել իշխանությունը։

Ադրբեջանում պետական, ռազմական հեղաշրջումը տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմիՙ հայկական ուժերի համար ծանր ժամանակահատվածում։ Ալիեւի իշխանության գալուց հետո հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Էլչիբեյի ժամանակներում զավթված Մարտակերտը, ապա հաջորդաբար Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Ղուբաթլուն, Հորադիզը, Զանգելանը կամ այն ամենը, ինչ Ալիեւն իսկ հորջորջում էր 20 տոկոս, որն իրականում 8 տոկոս է։ 1993 թ. վերջերին իշխանությունը զավթած Ալիեւը մի վերջին փորձով փորձեց հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն։

1994 թ. մայիսին ղարաբաղյան ճակատում հաստատվեց հրադադար, ինչը եւ պահպանվում է մինչեւ օրս։ Ալիեւն այդ օրերին Բրյուսելում էր, ապա ժամանեց Թուրքիա, որտեղից դատապարտեց հրադադարը, թեեւ ինչպես պնդում են այդ ժամանակներում Ադրբեջանում բարձր պաշտոններ զբաղեցնող պետական գործիչները, Ալիեւը կողմ էր հրադադարին։

Բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալը Ղարաբաղի մասին պատմող «Սեւ այգի» գրքում գրում է, որ Ալիեւը թեեւ հայկական կողմի հետ բանակցությունների պատրաստակամությանը, պատրաստ չէր խաղաղության եւ ոչ էլ պատերազմի։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ինչպես տասնյակ պետությունների առաջնորդներ, իր ցավակցությունն է հղել Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւին։ Ի դեպ, Ալիեւը Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցություններն սկսել է դեռ 1993 թ., երբ վերջինս ԼՂՀ առաջնորդն էր։ Քոչարյան-Ալիեւ երկու գաղտնի հանդիպումները տեղի են ունեցել 1993 թ. աշնանը Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Հետագայում, սկսած 1999 թ.-ից, նրանք հանդիպել են ավելի քան 20 անգամ, սակայն ղարաբաղյան բանակցությունները տարբեր պատճառաբանություններով մտել են փակուղի։

Հեյդար Ալիեւն անկախ Ադրբեջանը 10 տարի ղեկավարելուց հետո իշխանությունը եւ Ղարաբաղի խնդիրը փոխանցեց որդունՙ 42-ամյա Իլհամին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4