«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2003-12-12 | #230, 2003-12-13 | #231, 2003-12-16


ԳՈՒՅՆԸ ՌՈՄԱՆՏԻԿ ՌԵԱԼԻԶՄԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ

Գույնի անհատական զգացողությունները վերաերանգավորում են աշխարհը։ Ու հաճախ թվում է, որ ճշմարիտ արվեստն առհասարակ կապ չունի ռեալ իրականության հետ։ Ի՞նչ ենք փնտրում ստեղծագործ աշխարհում, ի՞նչն է առավել ազդեցիկ դարձնում արարումը, ո՞րն է արվեստում ձգողականության գաղտնիքը։ Այս հարցերի ընկալման մեկնակետերը տարբեր են։ Իսկ խտացված գունաէներգիան ներքին ապրումի ժայթքում էՙ արտաքին, զգայական աշխարհին ուղղված, որի արտապատկերումը գրեթե ոչինչ է, եթե ներքին անկեղծ իմպուլսները բացակայում են։

«Արամե» պատկերասրահը մայրաքաղաքի մշակույթի գործուն կենտրոններից մեկն է այսօր, որ բացումից հետո ցուցադրությունները կազմակերպել է իր որդեգրած գեղագիտական սկզբունքներին եւ հայեցակարգին համապատասխանՙ ներկայացնելով հայ ժամանակակից գեղանկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունները, նախապատվությունը տալով դասական ակունքներից սնվող ռեալիստական արվեստի տարբեր ուղղություններին։ Պատկերասրահը ձեւավորել է նկարիչ-արվեստագետների համախոհների իր թիմը։ Պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանն իրենց գործունեության հիմնական նպատակը համարում է հայ գեղանկարիչներին միջազգային ասպարեզ դուրս բերելըՙ ցուցահանդեսներին մասնակցելու ճանապարհով, հասարակության մեջ տանել մշակութային քաղաքականությունՙ ներկայացնելով որոշակի ուղղության արվեստ, դրանով իսկ որոշակի գեղագիտական ճաշակ ձեւավորել։

Ինչ խոսք, պատկերասրահների գոյությունը մեծապես աշխուժացնում է քաղաքի մշակութային կյանքը, թեեւ դժվար է այսօր արվեստի օջախներ այցելելը դարձնել բնակչության կեցության մի մասըՙ հիմնականում սոցիալական սաստկացող ջղաձգում-պրկումների պատճառով, անշուշտ։ Պատկերասրահների այցելուն առայժմ արվեստագետ-արվեստասերների նեղ շրջանակն է։

Եկող տարի ցուցասրահն իր ցուցադրությունների էքսպոզիցիան կթարմացնիՙ ներկայացնելով անհատական եւ թեմատիկ նոր ցուցահանդեսներ։ 2004 թ. փետրվարին Նյու Յորքում կայանալիք արտէքսպոյին «Արամե» պատկերասրահն իր մասնակցությունը կբերի հինգ նկարիչների աշխատանքներով։

Արվեստասեր այցելուն յուրաքանչյուր լավ ցուցահանդեսի բացում ընկալում է իբրեւ տոն եւ հոգեկան վայելք։ Գունային այն լիրիկան, որ բացվեց ուրբաթ օրը «Արամե» պատկերասրահում, իրապես գեղեցիկի հետ հաճելի հանդիպում էր։ Ցուցահանդեսը, որ խորագրված էր «Ռոմանտիկ ռեալիզմ», իրականի եւ երեւակայականի հետ հանդիպավայր էր։ Ներկայացված շուրջ երկու տասնյակ արվեստագետներիՙ կերպարվեստի եւ քանդակի (բրոնզ, մարմար) աշխատանքները ռոմանտիզմի եւ ռեալիզմի սահմանագծերն էին շոշափում։ Գայանե Խաչատրյան, Ռուբեն Աբովյան, Գեւորգ Եղիազարյան, Տարոն Մուրադյան, Կայծակ Վանիկյան, Շոթա Ոսկանյան, Հարություն Հակոբյան, Կարեն Աղամյան, Վահագն Ջիվանյան եւ ուրիշներ. այս նկարիչներն էին «Արամե» պատկերասրահի ուրբաթ օրվա ցուցահանդեսի աշխատանքների հեղինակները։ Ժանրային ընդհանրություններից զատ նրանց արվեստին բնորոշ են հարուստ երեւկայությունը, իրականության առեղծվածային ընկալումը, կատարողական վարպետությունը։

«Փորձել ենք միավորել նույն թեմայով ստեղծագործող նկարիչներին, մեր կարծիքով նրանք այն հեղինակներն են, որ ստեղծագործում են որոշակի ժանրային առանձնահատկություններով։ Կերպարվեստում տերմինները պայմանական բնույթ են կրում։ Ամեն տեսակի իզմերըՙ աբստրակցիոնիզմ, սյուռեալիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմի բոլոր դրսեւորումները եւ դրանց սահմանումները հստակ գծված չեն։ Այս ցուցահանդեսի հիմնականը եւ ամենաբնորոշը իրականությունը բանաստեղծականացնելն է, իրականության պոետիկ, քնարական ընկալման դրսեւորումները, որ բնորոշ են ռոմանտիկ ռեալիզմին, հակադրությունների միասնությունը, իրականության եւ ցանկալիի մեկտեղումը», ասում է պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը։

Ցուցադրության թերեւս ամենաաչքառու կտավը Գեւորգ Եղիազարյանի «կարմիր կինն» էրՙ խորագրված «Ներաշխարհ»։ Մեծադիր կտավին կարմիր կնոջ մերկ մարմինն էՙ ներքին ճառագումով։ Ինչո՞ւ այսքան կարմիրՙ կի՞րք, ցասո՞ւմ, արյո՞ւն, զրուցում եմ հեղինակի հետ։ Տարբեր է գույնի ընկալումը։ Կարմիրը նաեւ մտասեւեռումի, խոկումի գույնն է համարվում։ Տարօրինակ է առնվազն մերկ կնոջ մարմնագույնի միջով մտասեւեռումների ոլորտ ներթափանցելը, գուցե այր մարդու կրքի բորբոքուն երեւակայության արտահայտություն է, կամ պարզապես գույն, որի ներքին կյանքը անհայտ է։

Պատկերասրահի գործունեության մասին իր դրական վերաբերմունքն արտահայտեց ցուցահանդեսի մասնակից, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Պատկերասրահների գոյությունն այսօր նկատելի առաջընթաց համարելով մշակութային կյանքում, նկարիչն ամեն նոր երեւույթի մեջ լավը տեսնելու ցանկություն դրսեւորեց։ Խորհրդային տարիներին պատկերասրահների, գեղարվեստական սալոնների մենաշնորհը պատկանում էր նկարիչների միությանը, որը եւ մշակում էր գեղագիտական որոշակի հայեցակարգ եւ ուղղություն, այսօրվա ազատությունները յուրաքանչյուր պատկերասրահի տնօրենին թույլ են տալիս որոշելու ներկայացվող արվեստի ուղղությունը եւ տեսակը։ Ազատ մրցակցության հետեւանքով մնայուն արժեքները ժամանակի մեջ կզտվենՙ որոշակիորեն ձեւավորելով մշակութային դաշտ կերպարվեստի ոլորտում։

Շատ ավելի տպավորապաշտական իմպուլսիվ խոսք ասաց կերպարվեստագետ Փառեն եպս. Ավետիքյանը։ «Ուրախալի է, որ նման արվեստ կմշակվի մեր օրերուն։ Կա, անշուշտ, ընդօրինակելու, ոճերը կրկնելու միտում։ Սակայն ամբողջության մեջ հաջող ցուցահանդես է կազմակերպված։

Ամեն նկար ամեն վայրկյան չի սիրվեր։ Նկարը պիտի սիրես պահի ընկալման մեջ։ Ես ամբողջական աբստրակտը կհավնիմ, բայց ոչ ամեն պահու, միայն երբ այդ հոգեկան վիճակի մեջ եմ։ Դասականը հաճելի է, բայց եւ բնության, Աստծո ստեղծածին կրկնությունը ոչինչ է։ Հեղինակը իր հոգին պիտի դնե նկարին մեջ»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4