ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վիճակախաղեrի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել։ Ամեն ինչի հանդեպ անտարբեր դարձած հասարակությունն այս հարցի առնչությամբ վերջապես սկսեց որոշակի դիրքորոշում ցուցաբերել։ Բանն այնտեղ հասավ, որ վիճակախաղային գործունեության կանոնակարգման մասին սկսեցին խոսել եւ առաջարկներ ներկայացնել նաեւ պատգամավորները։ Այն էլ գործարար պատգամավորները եւ այն էլ լոտոները պետության կարգավորմանը հանձնելու մասին։
Մեկ ազգային-պետական վիճակախաղ ունենալու գաղափարը ինքնին նոր չէ եւ կիրառվում է շուկայական տնտեսություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն են։ Հետեւաբար, ամենեւին էլ պարտադիր չէ պապից ավելի կաթոլիկ լինել եւ լոտոների համար ազատական դաշտ ապահովել, որն անխուսափելիորեն վերածվում է անվերահսկելի եւ կեղծիքների հնարավորություն ընձեռող ոլորտի։ Իհարկե, պետական վիճակախաղն էլ ինքնին չի նշանակում, որ զերծ կլինի կեղծիքներից։ Այն պետք է գործի հստակ եւ թափանցիկ օրենսդրական դաշտում, ինչն, ըստ էության, բացակայում է ներկա օրենքում։ Այս եզրակացությանը կարելի է հանգել, ծանոթանալով վիճակախաղերի շահումների, հարկման եւ վերահսկողության վերաբերյալ համապատասխան օրենքի դրույթներին։
Այսպիսով, ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, ներկայումս վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեն 9 կազմակերպություն։ Մինչդեռ դրանցից միայն մեկի գործունեությունը եթե դիտարկենք, ապա առնվազն մի քանի տեսակի խաղարկություն են իրականացնում։ Այսինքն հստակ չէ, թե ինչ է նշանակում վիճակախաղային գործունեություն եւ ինչի համար է տրվում լիցենզիան։
Հաջորդը վիճակախաղերի հարկման խնդիրն է։ Համաձայն «Հաստատագրված վճարների մասին» օրենքի, վիճակախաղերի կազմակերպիչները պետք է վճարեն հաստատագրված վճարՙ «ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի 18 տոկոսի չափով»։ Սակայն ինչպես իմանալ, թե որքան տոմս է իրացվել։ Անհնար է նաեւ իմանալ, թե որքան է իրականում կազմում շահումային ֆոնդը, որը պետք է կազմի խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսը։ Դարձյալ «Վիճակախաղերի մասին» օրենքի համաձայն, այդ ամենը պետք է վերահսկի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։ Այսինքն, խաբեությունների լայն հնարավորություն ընձեռող ոլորտի վերահսկողության բացառիկ մենաշնորհը պետական չինովնիկներին է տրված, որոնց ազնվության վերաբերյալ թերեւս ոչ ոք որեւէ ակնկալիք չունի։
Առանց շահումների մասին հրապարակային հաշվետվությունների խոսել վիճակախաղերի քիչ թե շատ օբյեկտիվության մասին իմաստ չունի։ Այլապես, դեռեւս հասարակությանը հայտնի չէ, թե ինչպիսի չարաշահումներ են հայտնաբերվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության իրականացրած «փաստաթղթային եւ տեղում ստուգումների» արդյունքում։ Պարզ է, որ այդպիսիք չեն հայտնաբերվել եւ ներկա օրենսդրության պայմաններում երբեք չեն հայտնաբերվի։ Իսկ հայտնաբերելու տեղեր որքան ուզեք։
Օրինակ, նախարարությանՙ մեզ ուղարկած պատասխանում նշվում է, որ վիճակախաղերի չիրացված տոմսերը հաշվառվում եւ ոչնչացվում են հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան երեք ժամ առաջ։ Մեր հարցին, թե ինչ երաշխիք, որ չիրացված տոմսերը չեն մասնակցում խաղարկությանը, նախարարությունից ընդամենը տեղեկացրել են խաղարկությանը չմասնակցող տոմսերի ոչնչացման վերոնշյալ կարգի մասին։ Ակնհայտ է, որ նման երաշխիք չի կարող տրվել եւ այդ կարգը փաստորեն գործում է միայն թղթի վրա։
Ամփոփելով կարող ենք նշել հետեւյալըՙ վիճակախաղերը համընդհանուր կեղծիքից զերծ պահելու միակ տարբերակը այս ոլորտի օրենսդրության հստակեցումն է, դրանց կենտրոնացումը եւ վերածումը պետական մեկ վիճակախաղի, հրապարակայնության ապահովումը շահումների, վաճառված եւ չիրացված տոմսերի, ինչպես նաեւ այլ մանրամասների հանգամանալից եւ հասարակության համար հասանելի հաղորդման տեսքով։ Հակառակ դեպքում որքան էլ խստացնենք հարկման բազան եւ սահմանափակենք գովազդի ժամկետը, որոշ ժամանակ անց կունենանք նույն, կրկնվող պատկերը։