Հայաստանի գրողների միությունում
Սփյուռքի հայահոծ համայնքներում գրական միավորումներ ստեղծելու գաղափարը, որ հղացավ Գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, իրականություն դարձավ Կալիֆոռնիայի հայ գրողների նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հիմնադիր համագումարում, որին մասնակցեց սփյուռքյան բազմազան հոսանքներ ու կուսակցական թեւեր ներկայացնող 140 գրող։ Համագումարի ընթացքում ընտրվեց գրական միավորման 11 հոգուց բաղկացած վարչությունՙ տարբեր խմբավորումներից, հոսանքներից։ Վարչությունը նախագահ ընտրեց հրապարակախոս, բժիշկ Հարություն Սաղրյանին, փոխնախագահՙ բանաստեղծ Գրիշա Դավթյանին, վարչության քարտուղարներՙ արձակագիր Պողոս Գուբելյանին եւ բանաստեղծ Վազգեն Վանատուրին։
Այդ նույն համահայկական խորհրդաժողովում ծնվեց մեկ այլ կարեւոր գաղափարՙ ստեղծել Համահայկական գրական ֆոնդՙ սատարելու ոչ միայն հայաստանյան, այլեւ սփյուռքահայ գրողներին։ Գրական ֆոնդի միջոցով հնարավոր կլինի ամենատարբեր խնդիրներ լուծելՙ գրահրատարակչական եւ թարգմանչական գործերից սկսած մինչեւ գրողների սոցիալական հարցերը։ Այսօրվա չնչին գումարներով նրանցից շատերն իրենց գոյության թշվառությունից դուրս գալու ելքեր չունեն, ուր մնաց մտածեն գրքերի հրատարակման մասին։ Այս ֆոնդը մեծապես կսատարի նաեւ սոցիալապես անապահով, հատկապես 70-ն անց տարիքի գրողներին։ Հիմնադրամը նպատակ ունի նաեւ սահմանել գրական մրցանակներ, եւ ոչ ինքնանպատակ։ Սա ներքին ոգեւորող խթան կլինի, որով կխրախուսվեն գրական լավագույն ստեղծագործությունները։
Հիմնադրամի գաղափարը դրական գնահատեցին ոչ միայն գրողները, այլեւ, ամենակարեւորը, հասարակությունը, գործարար շրջանակները։ Կարեւորըՙ ի պաշտպանություն հայ գրականության այս ակցիան կատարվեց Հայաստանում, ապացուցելով, որ դեռ կարելի է պայքարել հասարակական դեգրադացիայի, հոգեւոր սնանկության, ապաբարոյականության դեմ։ Նոյեմբերի 11-ին կայացած հեռուստամարաթոնը վկայությունն էր վերը ասվածի։ Եվ կարծես թե առաջին հեռուստամարաթոնը հուսախաբ չարեցՙ վստահեցնելով, որ հասարակության մեջ գրականության, գրողի նկատմամբ հարգանքի զգացումը շարունակվում է պահպանվել։
2004 թ. հունիսին գրողների համահայկական երկրորդ համաժողովի ընթացքում կընտրվի ֆոնդի հոգաբարձուների խորհուրդ, որը կտնօրինի եւ կվերահսկի այդ միջոցները։ Ֆոնդի հիմնական միջոցները կպահպանվեն հուսալի բանկերումՙ օգտագործելով միայն դրանց տոկոսները։ Նախատեսվում է ստեղծել հստակ եւ գործուն այնպիսի մեխանիզմ, որը երաշխիք կստեղծի ոչ միայն այսօրվա, այլ նաեւ ապագա գործունեության համար։
Այս մասին տեղեկանալով ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանիցՙ ներկայացնենք նաեւ նրա տպավորությունը Վ. Թեքեյանի 125-ամյակի առիթով Հալեպ կատարած այցելությունից։
Վահան Թեքեյանի 125-ամյակի առիթով հանդիսություններ, միջոցառումներ, գիտաշրջաններ տեղի ունեցան սփյուռքում եւ Հայաստանում։
Հոկտեմբերի կեսերին Հալեպի Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ, ՀԳ միության հետ համատեղ ծրագրերով Հալեպում նշվեց Վ. Թեքեյանի 125-ամյակը։ Հայաստանից հրավիրված էին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրականագետ Սուրեն Դանիելյանը։ Հայ մտավորականների այցը սիրիահայ եւ լիբանանահայ համայնք ուներ երկու նպատակՙ մասնակցել թեքեյանական օրերին եւ տեղի մտավորականության հետ քննարկել գրողների համախմբումի հետ կապված որոշ հարցեր։
Տպավորություններն այնքան հարուստ էին, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը մեր զրույցի ընթացքում դժվարանում էր առանձնացնել որեւէ հանդիպում։ Ընդունելությունը եղել է չափից ավելի ջերմ, սրտառուչՙ մշակված փայլուն ծրագրով։ Այդ ջերմությունը սկսվեց հենց Հալեպի օդանավակայանումՙ կեսգիշերային հանդիպումից։ Հաջորդ օրըՙ այցելություն Հալեպի նշանավոր հնագույն բերդը, որտեղով, ասում են, անցել է նաեւ հայոց արքա Տիգրան Մեծը։
Հոբելյանական հանդիսությունը տեղի ունեցավ Հալեպի Կրթասիրացի ընդարձակ սրահումՙ շուրջ 600 մտավորականության մասնակցությամբ։ Բժիշկներ Գրիգոր Ադանալյանի եւ Խաչիկ Ֆաբրիքաճյանի բացման խոսքից հետո ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանըՙ Թեքեյանի թողած գրական ժառանգության վերարժեւորման վերաբերյալ։ Ապա մեկնաբանությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։ Հանդիսությանը քնարականություն եւ ջերմություն հաղորդեց հալեպահայ շնորհալի ասմունքող Սալբի Դարաքչյանը։
Հալեպում Շահան Շահնուրի ծննդյան 100-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ընթացքում հրաշալի զեկուցումով հանդես եկավ Սուրեն Դանիելյանը։ Մշակույթի առավելություններից մեկը համախմբելու զորությունն է, եւ հալեպյան մշակութային երկու ձեռնարկն էլ անցավ միակամ ու միասին լինելու ներքին տրամադրությամբՙ ազգային համընդհանուր շահի գերադասման, վերկուսակցական սկզբունքներով։ Ներկա են գտնվել թե՛ ռամկավար ազատական, թե՛ դաշնակցական, թե՛ հնչակյան կուսակցական անդամներ, մտավորականներ։
Տպավորությունների շարքը լրացրեցին այցելությունները հալեպյան կրթարաններ, Կիլիկյան, Համազգայինի Քարեն Եփփե եւ ՀԲԸՄ Լազար Նաջարյան վարժարաններ, որոնք հիացրեցին իրենց կազմակերպվածությամբ եւ հայաշունչ մթնոլորտով։ Հայ գրողները տպավորվել էին վարժարանների սաների պատրաստվածությամբ, հայ ոգին ամրապինդ պահելու նրանց կամքով։ Կամք, որ կոփվում է նաեւ անցյալի հիշողությամբ, որ կրում է ցեղասպանության, Դեր Զորի անապատների սարսուռը վերապրողների երրորդ սերունդը։ «Արյունաշեկ» ավազուտներով 400-500 կմ անցնելով, քոչվոր արաբների կացարանները ճեղքելովՙ հայաստանցի մտավորականները եւս վերապրեցին 1915-ի սարսուռը։ «Ուղեկիցները պատմում էին ճանապարհին հանդիպող ամեն բնակավայրում կատարվածի մանրամասներ։ Այդ ամենն այդքան լավ իմանալով, դարձյալ սոսկալիորեն ծանր է, երբ կանգնած ես մահաբույր անապատի այդ չոր տարածություններում։ Դեր Զորում հայերի կառուցած եկեղեցին լույսի պես բացվեց աչքներիս առաջ։ Հոգեհանգստյան արարողություն կատարվեց։ Այն զգացողությունն ունեցա, որ մեր ժողովուրդն այդ ավազների մեջ, այդ հիշողությամբ եթե կարողանում է իր հիշատակի տունը կառուցել, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ ի հեճուկս իր պատմական ճակատագրի, հատուցում պիտի ստանա անցյալի ու ապագայի համար»։
Հաելպում տեղի ունեցան հանդիպումներ գրողների ու գործարարների հետ, ստեղծվեց գրական հանձնախումբ, ապաՙ անմոռանալի ընդունելություն արաբական շքեղ մի ռեստորանում, որից հետո հայաստանցի հյուրերը մեկնեցին Բեյրութ։ Այստեղ հանդիպեցին լիբանանահայ գրողներին։ Ընդունելություն ունեցան Անթիլիասում, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Վեհափառն իր զորակցությունն ու աջակցությունը հայտնեց գրողների հավաքինՙ առաջարկելով այն անցկացնել ոչ թե Քեսաբում, այլ Անթիլիասում։
Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկեց գրողների համախմբումի օրերին դեսպանատան եւ ՀԳՄ համագործակցությամբ Բեյրութում կազմակերպել գրքի ցուցահանդես-վաճառք եւ հասույթը տրամադրել հիմնադրամին։ Այցելությունները շարունակվեցին «Զարթօնք», «Ազդակ», «Արարատ» պարբերականների խմբագրություններ, ստեղծվեցին երկկողմ ջերմ հարաբերություններ։
Վահան Թեքեյանի 125-ամյակի առիթով մեկ տարի է ՀԳՄ-ի եւ «Սիփան» հրատարակչության ջանքերով աշխատանքներ էին կատարվում հոբելյանական հրատարակության համար։
Վ. Թեքեյանի «Գաղտնի պարտէզը» հոբելյանական ժողովածուի (Լեւոն Անանյանի առաջաբանով, Երվանդ Ազատյանի, Սուրեն Դանիելյանի, Արամ Սեփեթճյանի գրախոսություններով) գինեձոնը կատարվեց Հայաստանցի հյուրերի մասնակցությամբ։
Մարաթոնյան վազք հիշեցնող այցելությունն իր դրական ազդեցություններն ունեցավ ե՛ւ սփյուռքի հայկական համայնքների, ե՛ւ հայաստանցի մտավորականների համար։ Նրանց համար դա կարոտ էր, մեզ համարՙ հավատ, վստահություն։
«Գիշերն ինքնաթիռը երբ թռավ, վերեւից նայեցի Հալեպին, ոնց որ շողշողուն լույսերի մեջ թաղված ապարանջան լիներՙ բլուրի տափարակին փռված։ Այդ պահին ափսոսանքս մի տեսակ մեծացավ, որ Հալեպը չտեսա, ժամանակ չեղավ...
Բայց ես տեսա ամենակարեւորը, ինչ հայ գրողը կուզենար տեսնել, գտա այն, ինչ փնտրում էի։ Գտա հայի ոգին, որ տոկուն է եւ չի մարում...»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ