«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


ՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՈՐՈՇ Է

Ապագա նկարիչները շարունակում են ստեղծագործել կիսաքանդ շենքում

Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի շենքի վթարային վիճակի մասին շատ է խոսվել ու գրվել, սակայն դրանից մինչ օրս ոչինչ չի փոխվել։ 80¬ականներից սկսած շենքը վերանորոգելու սին խոստումներ են տրվել ուսումնարանի տնօրենությանը, բայց դրանք մնացել են անկատար ու շենքը հասցրել այնպիսի աղետալի վիճակի, որ այսօր արդեն անհնար է դարձել այնտեղ վերանորոգման որեւէ աշխատանք կատարելը։ Միակ ելքը շենքն ամբողջությամբ փլուզելն ու տեղում նոր շենք կառուցելն է, որի համար պահանջվում է 400 հազար դոլար։

Ծաղկաձորում լրագրողներին տված ասուլիսում գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը հայտնեց, որ այս օրերին շենքի հարցը քննարկման փուլում է, կան շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատրաստ են ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Խնդրի լուծումն արդեն վերահսկողության տակ է, դրա մասին տեղյակ են նաեւ Հանրապետության նախագահը, վարչապետը։

Քաղաքաշինության նախարարն այլ տարբերակներ է առաջարկել, սակայն պրն Երիցյանի խոսքով, նոր տարածքում շենք կառուցելու համար ավելի մեծ գումար կպահանջվի, ուստի առավել նպատակահարմար է շենքը հիմքից վերակառուցելը։

Նախատեսվում է ուսումնարանը ժամանակավորապես, մոտ 1 տարով, տեղափոխել այլ շենքՙ շինարարական աշխատանքները սկսելու համար։ Ժամկետներն, իհարկե, դեռ հստակեցված չեն, սակայն նախարարը հույս ունի, որ առաջիկա մեկ ամսում ուսումնարանի ճակատագիրը պարզ կդառնա։

Անկեղծ ասած, տնօրենն արդեն թեւաթափ է եղել ու թերահավատորեն է նայում տրված խոստումներինՙ դրանց չափից դուրս ձգձգվելու պատճառով։ Նա տեղյակ չէր կրթության եւ քաղաքաշինության նախարարների վերջին զրույցից, որի ժամանակ էլ կայացվել է, այսպես ասած, վերջնական որոշումը։ Նրա ունեցած վերջին տվյալով, քաղաքաշինության նախարարը առաջարկել է նոր հողատարածք հատկացնել ուսումնարանին, որի համար կպահանջի 800 հազար դոլար։ Թե ինչպես կլուծվեն ուսումնարանի նորակառույց շենքի ֆինանսական եւ տարածքային հարցերը, առայժմ անորոշ է...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4