Տաղանդի ինչպիսի բացակայություն
Ժամանակին, երբ նորանկախ Հայաստանի խորհրդարանում երեսփոխանները «դաշնակահարությամբ» էին զբաղվում, կարծում էինք, թե մյուս գումարման Ազգային ժողովները նման պրակտիկա չեն ընդօրինակի։
Երեկ մի շարք օրինագծերի քվեարկության ժամանակ խորհրդարանը սկզբում քիչ թե շատ ապահովում էր ձեւական կողմը, գրանցված գոնե 100 պատգամավորի պայմաններում։ Սակայն օրվա ավարտին, մասնավորապես մի քանի էլեկտրակայաններին արտոնություններ տալու օրինագծի եւ էլեկտրոնային հեռահաղորդակցության օրենքի նախագծի քվեարկությունների ժամանակ կարծես 5-օրյա անընդմեջ աշխատանքից հոգնած պատգամավորները նախ զվարճացան, ապա զգալի թեժացրին մթնոլորտըՙ 63-64 պատգամավորով 70 կողմ ձայն ապահովելով։
Հետաքրքրականն այն էր, որ քվեարկության ժամանակ շատերը, այդ թվում նաեւ լրագրողները, ամենատարրական թվաբանության կիրառմամբ հաշվարկեցին, որ, օրինակ, էլեկտրոնային հաղորդակցության օրինագիծը քվեարկելիս դահլիճում նստած էր ընդամենը 63 պատգամավոր։ Սակայն որքան էլ արտառոց է, լուսատախտակի վրա քվեարկության արդյունքները հետեւյալն ենՙ 71 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ։
Եվ եթե այս ամենին ավելացնենք այն հանգամանքը, որ դահլիճում նստած 6-7 պատգամավորներ ուղղակի չէին մասնակցում քվեարկությանը, ապա պատգամավորական «երաժշտական տաղանդն» ապացուցման կարիք չի ունենա։
Որ խորհրդարանում պատգամավորները քվեարկում են նաեւ մյուսների փոխարեն, իհարկե, նորություն չէ։ Որ ուրիշի փոխարեն կոճակ սեղմելը կատարվում է բացահայտ, նույնպես նորություն չէ Հայաստանի քաղաքական կյանքում։
Սակայն, երբ անամոթությունը հասնում է այնտեղ, որ կարող են պնդել 63 պատգամավորի փոխարեն հենց լուսատախտակի վրա գրանցված թվով երեսփոխանների ներկայություն, պարզ է, որ այս գումարման Ազգային ժողովն էլ մյուսների նման ժողովրդավարության եւ իրավական արժեքների հետ որեւէ կապ չունի։
Այլոց փոխարեն քվեարկության դեմ զգալի զայրույթով խոսում էր Արշակ Սադոյանը։ Նրան միջանցքում պատգամավորներից մեկը «քվեարկությունից» հետո հուսադրում էր. «Գժանոցում ավելի վատ բաներ են պատահում»։
Տվյալ դեպքում, կարծում ենք, պատգամավորն ուղղակի գերագնահատել է խորհրդարանըՙ համեմատելով գժանոցի հետ։
Ա. Հ.