«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԲԵԹՂԵՀԵՄԻ Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՈՐՆ ՈՒՆԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄ

Առայժմ հայտնի չէ, թե անցուղին ուր է տանում

Իսրայելի կրթության նախարարության հրավերով Երեւանի «Կրթության բարեփոխումների կենտրոնի» տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը նոյեմբերի 30 ¬ դեկտեմբերի 10¬ը եղել է Իսրայելումՙ ծանոթանալու տեղի կրթական համակարգին, ինչպես նաեւ համագործակցություն հաստատելու կրթական տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։ Խմբում ընդգրկված են եղել կրթության ոլորտի մի խումբ ղեկավարներ. ԱՊՀ երկրներից մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչը, Մերձբալթյան երկրներիցՙ Լիտվայի, եվրոպական երկրներիցՙ Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Իտալիայի, հարավամերիկյան երկրներիցՙ Ուրուգվայի, Ունդուրասի եւ աֆրիկյան երկրների ներկայացուցիչները։ Ծրագիրը խիստ հագեցած է եղել ինչպես ճանաչողական, այնպես էլ մասնագիտական առումներով։ Ուշագրավ է եղել հատկապես այն հսկայածավալ քարոզչությունը, որ կառավարությունն իրականացնում է երկրի հեղինակությունը օտարների աչքում բարձրացնելու նպատակով։ Պատահական չէ, որ այցելուներին ներկայացվել են երկրի քաղաքական, տնտեսական, էթնիկ եւ այլ բնույթի խնդիրները։

Երուսաղեմում պրն Մարտիրոսյանը հանդիպել է հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանին, համայնքի անդամներին, Թարգմանչաց ու Ժառանգավորաց դպրոցների ուսուցիչներին, աշակերտներին, զրուցել նրանց մտահոգող հարցերի, նաեւ կրթական խնդիրների մասին։ Նա պատրիարքին է նվիրել «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի նմուշները, ծանոթացրել ընդհանուր դասընթացին։

«Մեր զրույցի հիմնական թեման, անկախ մեր կամքից, հայաստանցիների ներգաղթն էր, այն տխուր երեւույթը, որ ներգաղթողների զգալի մասը կեղծ փաստաթղթերով մեկնում է Իսրայել, եւ բախվում հավատափոխման ծանր խնդրին։ Հոգեբանական մեծ դժվարության առջեւ են հայտնվում ծնողները, երբ ստիպված են լինում իրենց անչափահաս երեխաներին թլպատել, հակառակ դեպքում վերջիններս լուրջ խնդիրներ կունենան դպրոցում, բանակում...

Հավատափոխման հարցը ներգաղթած հայերի համար թերեւս ամենագլխավոր խոչընդոտն է իրենց երկրի լիարժեք անդամ զգալու առումով։ Պատրիարքի հետ զրուցեցինք նաեւ Բեթղեհեմի Պարոն տեր կալվածքի ներկա վիճակի մասին։ Փաստորեն, այս փուլում որոշվում է, թե որտեղով պիտի անցնի պաշտպանական պատը։ Ինձ հնարավորություն տրվեց այցելելու Բեթղեհեմ, որն այժմ դժվար գոտի է համարվում։ Այնտեղ հանդիպեցի շատ արժանավոր վարդապետ հայր Վարդանին, որն ամբողջ հոգով նվիրված է իր գործին։ Ս. Ծննդյան եկեղեցու հայկական մասնաբաժնում այսօր հսկայական շինարարություն է կատարվում, որը հովանավորում է Իսրայելում Իսպանիայի դեսպանատունը։ Հայր Վարդանը պատմեց, որ շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկհարկանի եկեղեցի, որը մինչ օրս ծածկված է եղել հողաշերտով։ Առաջին հարկում բազիլիկ մի հրաշք եկեղեցի է, որը վերակառուցվելուց հետո կդառնա ազգային, մշակութային, հանդիպումների, արարողությունների սրահ։ Կալվածքում պահպանվում է Պաղեստինի ամենահին ձիթհանքերից մեկը, որը նախատեսվում է դարձնել թանգարան։ Այստեղ նոր ուսումնական տարվա սկզբին կսկսի գործել հայկական կիրակնօրյա առաջին դպրոցը։ Կալվածքի այս հատվածում մաքրման աշխատանքներ են կատարվումՙ հանգստի գոտի դարձնելու համար։ Չմոռանամ ասել, որ բացահայտվել է նաեւ գետնուղի, որը 30 մ մաքրելուց հետո այլեւս առաջ չեն անցել։ Ենթադրվում է, որ ճանապարհը կտանի կամ եկեղեցու ստորին հատված, կամ էլ կկապվի ջրի հոսքին։ Հայր Վարդանն ասաց, որ ցանկապատը բացելու ամեն ջանք կգործադրեն, պարզելու համար, թե ուր է տանում այդ առեղծվածային ճանապարհը», պատմեց պրն Մարտիրոսյանը։

Բեթղեհեմում, անշուշտ, հայերի թիվը քիչ է, սակայն հայր Վարդանի ասելով, մեծ թիվ են կազմում այսպես կոչված արաբացած հայերը։ Նրանցից շատերն արդեն համարվում են քրիստոնյա արաբներ, եւ այսօր հայկական եկեղեցին նրանց լեզվական դարձի բերելու լուրջ խնդիր ունի։ «Ես պատրաստակամություն հայտնեցի կիրակնօրյա դպրոցը անհրաժեշտ բոլոր դասագրքերով ապահովելու։ Երուսաղեմը հայ հոգեւոր հզոր կենտրոն է, այնտեղ ունենք ուժեղ հոգեւորականներ, որոնք մեր հոգեւոր արժեքները կրում են որպես հավատ եւ ազգային արժանապատվություն։ Ցավոք, մեզ համար կան անլուծելի խնդիրներ, որովհետեւ սփյուռքը լեզվի հարցում միասնական չէ։ Հնարավոր չէ մի դասագիրք տպել եւ առաջարկել սփյուռքի բոլոր համայնքներին։ Մենք խեղճանում ենք, որովհետեւ չկա կրթական միասնական դաշտ։ Կոնկրետ Երուսաղեմի համայնքը դասագիրք տպելու խնդիր չունի, քանի որ այնտեղ կա բավականին որակյալ տպարան։ Ավելի սուր է դրված աշակերտներին դպրոց բերելու հարցը, քանի որ գոյություն ունի լեզվական պարտադիր եռանկյունինՙ բացի մայրենիից, նրանք պետք է տիրապետեն եբրայերենին, անգլերենին, արաբերենին։ Դա բխում է համայնքի առանձնահատկությունից։ Նրանք պիտի լուծեն մի կողմից լեզվական գրագիտության, մյուս կողմից լեզվապահպանության խնդիրներ», հավելեց պրն Մարտիրոսյանը։

Մեր զրույցի վերջում նա անդրադարձավ Իսրայելի կրթության համակարգի առանձնահատկություններին, որտեղ թեպետ ուժեղ է ամերիկյան համակարգի ազդեցությունը, սակայն ձգտում կա ինտեգրվելու եվրոպական կրթական համակարգինՙ որակական թռիչք ապահովելու ակնկալիքով։ Պրն Մարտիրոսյանը նկատեց, որ կրթություն ստանալու մեր ձգտումը, հայ ընտանիքի ցուցաբերած շահագրգռվածությունը ավելի ամուր ու կայուն հիմքերի վրա են, քան այնտեղ, բայց միջոցների ներդրման առումով հասկանալի է, որ հետ ենք մնում։ Ուսումնական դասընթացի հագեցվածությունը ապահովելու համար այնտեղ գործում են 15 ֆիրմաներ, որոնք զբաղվում են դպրոցական տեղեկատվական համակարգերով, համակարգչային դասընթացներով, ծրագրերով։ Նա իր հետ բերել է նմուշներ, որոնք հունվարի վերջին կցուցադրվեն կրթության ոլորտի աշխատողների համար։ Հետաքրքրական է, թե որքանով հնարավոր կլինի դրանց ներդրումը մեր համակարգում։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4