Ասում է ակադեմիկոս Պարիս Հերունին
«Հոգով ու մարմնով ինձ անչափ երիտասարդ եմ զգում ու զարմանում, որ արդեն 70 տարեկան եմ», իրեն հատուկ անկեղծությամբ ու հումորով լրագրողներին ասաց անվանի ակադեմիկոս Պարիս Հերունին, որի հոբելյանը երեկ առավոտյան նշվեց ԳԱ ակադեմիայի կլոր դահլիճում, իսկ կեսօրինՙ ԳԱԱ ռադիոֆիզիկայի ինստիտուտում։ Գիտական մեծ նվաճումների հասած, միջազգային նախանձելի ճանաչում ձեռք բերած ակադեմիկոսի հոբելյանին ներկա էին հիմնականում գիտական աշխարհի այրերը, որոնք մեծարանքի ջերմ խոսքեր ասացին նրան։ Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանն իր խոսքում առանձնացրեց հոբելյարի գիտական հզոր ինտելեկտը, որը նրան թույլ է տալիս խորանալու եւ բարձրակարգ ուսումնասիրություններ անելու գիտության տարբեր ոլորտներում։ Իբրեւ եզակի հատկանիշ նա նշեց այն անուրանալի նվիրումը, որով էներգետիկ ճգնաժամի տարիներին Հերունին պահպանեց թե իր ղեկավարած ինստիտուտը, թե Արագածի գիտական կենտրոնը։
Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը բարձր գնահատեց Հերունու ավանդը գիտության մեջ, նշելով, որ միայն առանձին անհատների է հաջողվել ստեղծել ուրույն գիտական ուղղություն ու դպրոց, իրականացնել հզոր մտահղացումներ ու նպաստել մեր ազգային գիտության միջազգային հեղինակության բարձրացմանը։ Նա հատուկ շեշտեց Հերունու դերը ճարտարագիտական կրթության զարգացման ասպարեզում, վկայակոչելով համալսարանում 1983¬ին նրա հիմնած «Անտենային համակարգեր» ամբիոնը, որի վարիչն է այդ ժամանակվանից ի վեր։ Հերունին ոչ միայն սարքավորումներ է տրամադրել, այլեւ հսկայական ջանքեր է ներդրել այդ ուղղությունը Հայաստանում պահպանելու համար։ Պրն Սարգսյանը վերստին հիշեցրեց, որ փորձության վերջին տարիներին պահպանվել են հզոր անհատների ղեկավարած կառույցները, ինչի մասին է վկայում Արագածի լանջի գիտական կենտրոնի գոյությունը։
Մեր կողմից ավելացնենք, որ վերջինին տիրել կամեցող չինովնիկները արժանացել են Հերունու ամենախիստ քննադատությանն ու պարսավանքին։ Քչերին է հայտնի, որ միայն անձնուրաց փայփայանքի շնորհիվ են հատումից փրկվել գիտական կենտրոնի եղեւնիներն ու ծառերը։
Ամփոփելով խոսքը պրն Սարգսյանն ասաց. «Մենք գիտենք, թե ինչքան լայն է ձեր հետաքրքրությունների շրջանակը, որն անցնում է գիտության սահմաններից։ Դուք փորձում եք թափանցել մարդկության պատմության խորքերը, առաջ եք քաշում շատ համարձակ հիպոթեզներ։ Բոլորովին պարտադիր չէ, որ դրանք ընդունվեն։ Ձեզ համար անչափ կարեւոր են հայ ժողովրդի ակունքները, եւ դուք հաստատակամորեն փորձում եք ապացուցել նրա ունեցած մեծ դերը համաշխարհային քաղաքակրթության ու տեխնիկական մշակույթի զարգացման մեջ։ Կարծում ենք, որ ձեր ստեղծագործական մարաթոնը դեռ երկար է շարունակվելու եւ ունենալու ենք հաճելի անակնկալներ»։
Այնուհետեւ ելույթ ունեցան ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը, անվանի դերասան եւ ասմունքող Ազատ Գասպարյանը եւ այլք։ Վերջում Պարիս Հերունին ասաց. «Երբ 1972 թվականին ԽՍՀՄ կենտկոմի եւ նախարարների խորհրդի փակ որոշմամբ մեր ինստիտուտը դարձավ առաջատար ամբողջ միության մեջ, ոչ թե իմ սիրուն աչքերի համար էր, այլ որովհետեւ մեր կոլեկտիվին հաջողվել էր գերազանցել եւ Մոսկվայի, եւ Ամերիկայի գիտական մակարդակը, որը պահպանում է առ այսօր։ Դա անսովոր երեւույթ էր, քանի որ այդպիսի ինստիտուտը Երեւանում էր եւ ոչ Մոսկվայում։ Բոլոր հանրապետությունները պիտի հետեւեին մեր խոսքին ու այդպես գործեին, ինչն իրենց այնքան էլ դուր չէր գալիս։ Դա մեծ նվաճում էր, որի մասին չեմ կարող լռել»։
Հերունին շնորհակալություն հայտնեց ամենքին. ծնողներինՙ իրեն ազնիվ ու արդար հոգով դաստիարակելու, ուսուցիչներինՙ անհրաժեշտ գիտելիքներ տալու, պրոֆեսորներինՙ գիտելիքները զարգացնելու համար։ Նշեց հայ եւ ռուս ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի, Կոտելնիկովի, Բոգոմոլովի, պրոֆ. Մարկովի, Սազոնովի անունները, որոնց պարտական է գիտական աշխատանքի հանդեպ ունեցած իր վերաբերմունքով։
Ֆիզիկայի ինստիտուտում եւս չդադարեցին անկեղծ ու սրտաբաց ելույթները, ընթերցվեցին Ռուսաստանից, Հնդկաստանից, Մ. Նահանգներից եւ այլ երկրներից ստացված շնորհավորական հեռագրերը։ Հերունին պարգեւատրվեց Երեւանի Ճարտարագիտական համալսարանի առաջին ոսկե մեդալով, որն այսուհետեւ կհանձնվի գիտության ասպարեզում մեծ նվաճումների հեղինակներին։ Պարիս Հերունին կարժանանա նաեւ հանրապետության նախագահի շնորհավորանքին, որը նրան կհանձնի «Անանիա Շիրակացու» պատվավոր շքանշանը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ