«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆՑ

Կամՙ գրադարանը ... գրապահոցում

Որ գրապահոց կոչվածը բոլոր դեպքերում գրադարան-ամբողջի մաս է կազմումՙ հայտնի է անգամ երեխային։ Իսկ կարո՞ղ է պատահել հակառակը, որ գրադարանն ինքը տեղավորված լինի գրապահոցի մեջ։ Գյումրի քաղաքի գլխավոր գրադարանի օրինակը վկայում է, որ խնդիրը վճռող մեր նորօրյա ղեկավար պաշտոնյաների հանճարեղ մտածողության պայմաններումՙ նույնիսկ նման աճպարարությունը հասարակ բան է։ Այդպիսի իրավիճակում քաղաքի երբեմնի կարեւորագույն գրամշակութային օջախը հայտնվել է 1997 թվականից։

Ավետիք Իսահակյանի անվան նախկին քաղաքային կենտրոնական գրադարանը, որ 1997-ին վերակոչվեց Շիրակի մարզի հանրապետական, իսկ այս տարվանից կոչվում է Շիրակի մարզային գրադարան, նշված ժամանակվանից հարկադրաբար տեղավորված է նախկին Թբիլիսյան խճուղի, ներկայիս Խրիմյան Հայրիկ 56 հասցեն կրող շենքի բացվածքներից մեկում իրեն որպես գրապահոց տրամադրված տարածքում։ Ու որքան էլ այստեղ աշխատողներից շատերն այդ գործի երկար տարիների նվիրյալներ են, այդ պայմաններում գրադարանային քիչ թե շատ որակյալ (էլ չենք ասում ժամանակակից) սպասարկման հնարավորության մասին խոսելն իսկ ավելորդ է։

Գրադարանի նախկինՙ քաղաքի կենտրոնում գտնվող ավանդաշատ շենքը հետերկրաշարժյան խառը տարիներին քաղգործկոմի որոշմամբ հանձնվել էր Շիրակի թեմին եւ Համաշխարհային բանկի վարկով նորոգվելուց հետո վերաբացվեց որպես առաջնորդարանՙ դուրս թողնելով գրադարանին։ Դա դժգոհություն ու բավական աղմուկ հարուցեց քաղաքի մտավորականության շրջանում, եւ իշխանությունները շտապեցին հավաստիացնել, թե գրադարանի համար նոր, ավելի հարմար շենք գտնելու հարցը կարճ ժամանակում կլուծվի, կան քննարկվող տարբերակներ։ Աշխատողները ժամանակավոր տեղավորվեցին նորաբաց գրապահոցի ծածկի տակ, նոր շենքի մասին խոսակցությունները հետզհետե մարեցին եւ արդեն վաղուց մոռացվել են։ Դե, հիմա ո՞ր գիրք կարդացողն է կյանքում առաջ գնում որ...

Իսկ ներկա տարածքում առկա պայմանները հեռու են նույնիսկ գրապահոցի պահանջները բավարարելուց։ Ավելի քան 300 հազար միավորով գրքային ֆոնդի զգալի մասը պահվում է պարզապես կապոցներով։ Չկա բավարար լուսավորվածություն, ձմռանըՙ ջեռուցում, ինչն անհնար է դարձնում ֆոնդերի նորմալ պահպանությունը։ Գրադարանի բաժինները տարանջատված են... գրադարակների շարքերով։ Էլ ի՞նչ ընթերցասրահ, էլ ի՞նչ ընթերցողի եւ հենց աշխատողների համար պայմաններ։ Չկա գրադարանային ֆոնդերի նպատակային համալրում, դրանց փոխօգտագործում։ Չկա պետական հոգածություն։

Հանրապետության երկրորդ մեծ քաղաքում էլ կա մտավորականություն, ուսանողություն, կան գիտական (ակադեմիական) հաստատություններ ու ոչ փոքր թվով գիտաշխատողներ, որոնք ամեն օր գրադարանի, գրքի ու գրականության կարիք ունեն։ Վերջապես վերադարձրեք նրանց այդ հնարավորությունը։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4