Փակվեցին նաեւ մարզերի դպրոցները
Գրիպի նախահամաճարակային իրավիճակի պատճառով երեկ փակվեցին Երեւանի դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ այսօրվանից դրանք չեն գործի նաեւ մարզերում։
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ երեկ երեկոյան տվյալներով գրիպով հիվանդ է բնակչության 18 տոկոսը։ Գրիպի համաճարակ կհայտարարվի 20 տոկոս արձանագրելու դեպքում։ Հանրապետությունում գրիպը եւ սուր շնչառական հիվանդությունները կանխելու նպատակով նախարար Վլադիմիր Դավիդյանը երեկ առողջապահության համակարգի ամբուլատոր¬պոլիկլինիկական հիմնարկների տնօրեններին հանձնարարել է մինչեւ փետրվարի մեկը տնային կանչերն ու այցերն իրականացնել անվճար բժշկական օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում հիվանդներին պետք է ապահովել մարդասիրական օգնությամբ ստացված եւ բուժհաստատություններին նախարարության տրամադրած, ինչպես նաեւ բուժհաստատությունների կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերով, ինչպես նաեւ բնակչության շրջանում կազմակերպել ակտիվ քարոզչությունՙ համաճարակի տարածումը, իսկ հիվանդանալու դեպքումՙ հնարավոր բարդությունները կանխելու նպատակով։ Սահմանված ժամկետում կապահովվի մասնագետ բժիշկների տնային այցելությունների փոխհատուցումը պետության կողմից, նաեւ կուժեղացվի հսկողությունը հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ։
Խորհուրդ է տրվում խուսափել գրիպով հիվանդների հետ շփվելուց, առաջին իսկ նշանների դեպքումՙ գլխացավ, կոկորդի ցավ, հազ, բարձր ջերմություն, ընդունել համապատասխան դեղամիջոց։ Արգելվում է օգտագործել հակաբիոտիկներ։
Ռ. Պ.