«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՎԱԶՔԸ

Ձյան հետ սովորաբար մռայլությունը հոգսի տեսքով վրա է տալիս։ Ճար չկա, պիտի դիմանաս հերթական ձմռան փորձությանը (կամ էլ չդիմանաս)։

Կյանքը, ասում են, իբր լավացել է։ Երեւանի կենտրոնում լուսավորվածությունը լավացել է։ Նոր տարվա խաբուսիկ փայլերը գայթակղիչ են թվումՙ փոքրիկ հույսի մշուշով։ Մեքենաները գնալով շատանում են, բանուկ փողոցների երթեւեկը դարձնում հաճախ անհնար։ Մի բութ ծաղրանքով մեքենաների շատանալուն պես քաղաքի մուրացկաններն էլ շատանում են, նոր ձեւ ու կերպարանք առնում։ Առանց մուրացկանին բնորոշ կեցվածք ընդունելու, երեկոները տներից դուրս են գալիս «չճշտված» (տեսակի առումով) կանայք եւ անցորդների հագ ու կապը տնտղելովՙ մոտենում. «Տուն հասնելու 100 դրամ կտա՞ք» ասելով։ (Սա նոր ձեւ է, մի ժամանակ երեխաներին էին ուղարկում)։

Նոր տարվա հայկական եռուզեռը դեռ նկատելի չէ։ Շուտով կսկսվի կերուխումի սեղանային մրցավազքը։ Առեւտրասեղաններին իրենց վերջին կոպեկը գցելովՙ կանայք եղունգները կրծոտելով կհաշվեն ամանորյա ծախսերն ու վրահաս թանկացումների սեղմող ծանրության տակ կմտածենՙ հարամ է, էլի։ Դե արի ու շնորհավորի հարազատներիդ կամ սիրտդ բացի հեռախոսով, ի՞նչ ենք անելու։ Էս «Արմենտելը» կրակ ու պատիժ դարձավ գլխներիս»։

Սարդոստայնի մեջ ընկած ճանճի կամ թակարդն ընկած ձկան պես թպրտալու ենք անհուսությունից...

Այսպես է, երբ Նոր տարին գալիս էՙ ժամանակի պայմանական թե խորհրդանշական սահմանագիծ իբրեւ, չգիտեսՙ ուրախանաս, թե լաս։ Ամեն անցնող օրվա ու տարվա հետ մոտենում ենք մեր վերջին։ Բայց դարձյալ զանգեր ենք կախում, հույսեր օրորում։ Լավ կլինիՙ Նոր տարվա սեթեւեթ ժպիտներին չտրվենքՙ շարունակվող 365 կամ 366 օրերի մեջ չխճճվելու համար, ինչ իմանաս ժամանակի այդ օղակում քեզ ինչ է պատահելու։ Բարին արարենք, որ բարին ստանանք. ասում են կյանքը բումերանգ էՙ պատճառահետեւանքային կապով։

Հետո ասում ենՙ կյանքը լավացել է։ Մեքենանե՞րն են շատացել, թե՞ փողոցներն են բարեկարգվել, փո՞ղն է շատացել, թե՞ կարեկցանքն ու բարությունը։ «Ասում ենՙ կյանքը լավացել է», հարցնում եմ փողոցի երկայնքով ձգվող ձյան տակ առեւտրով հանապազօրյա հացը վաստակող մարդկանց։ «Գրող է արել, ո՞ւմ համար է լավացել»։

Կյանքի մերկ պատերին քսվողների համար կյանքը չի լավացել։ Երեկոյան մինչեւ ժամը 9-ը մետրոյի աստիճաններին կուչ եկած, ձեռքերն իր թույլ շնչով տաքացնող, արդեն 4-5 տարի կիտրոն վաճառող կնոջ համար կյանքը գնալով դժոխք է դառնում, երբ ուշ ժամին ծնկները դողդողացնելով, հազիվ ոտքի է կանգնում փոքրիկ աթոռակի վրայից ու տասը տակ փաթաթված բրդյա հնոտիներից ազատվելովՙ օ՜ֆ քաշում։ Փողոցի մեքենաների փայլուն ապակիներից իր հոգսը չի թեթեւանում, երբ հարցնում ես, թե ինչո՞ւ է միշտ այսքան ուշ ժամի գալիս, ասում էՙ այս ժամերին տեղի 200 դրամ վարձը չեմ տալիս։ Ու սառեցնում է մարմինը, ամեն օր կապտած տուն գնում։ «Բա սա կյա՞նք է, ասում է մետրոյի անցումում առեւտրասեղաններից մեկի մոտ կանգնած կապուտաչյա, սիրունատես կինը։ Զզվել, հոգնել ենք այս բեռից։ Բա ես կի՞ն եմՙ առավոտից իրիկուն բոշի պես փողոցում կանգնած»։ «Ի՞նչ եք վաստակում»։ «Վաստակո՞ւմ, վրա է բերում ջղայնոտ, շուկան երկու խուլիգանի ձեռքին է, անխիղճ թալանչիներ են։ Վառածս էս մի լամպն է, ասում են 4.000 դրամ պիտի տաս դրա համար, 30.000ՙ տեղի համար, 9.000ՙ պահեստի։ Կանաչի ու միրգ եմ վաճառում։ Տակն ինչ է մնում։ Ամբողջ փողն իրենց գրպանն է հոսում, ինչ մուծում, ինչ պետբյուջե»։

«Իմն է, տերը ես եմ, ինչ ուզեմՙ կանեմ», իշխող մտայնությունը սա է։ Կամայականություն է։ Ճանապարհ է, պիտի անցնես, զգուշավորությունս ո՞րն է։ Ինչպես կարող ես անցիր, մտածելու համար ժամանակը սուղ է, որովհետեւ Նոր տարի է գալիս, վազք է։ Բայց մի պահ կանգ առնենք մտածելուՙ անցողիկ կյանք է, աշխարհը հո հետներս չենք տանելու։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4