«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


ԺՆԵՎՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ԴԵՊԻ ԹՈՒՆԻՍՅԱՆ

Երկրորդ փուլ ենք մտնում առանց ազգային ռազմավարության

Մեր նախորդ հրապարակումներից մեկում («Ազգ», 21 նոյեմբերի, 2003 թ.) տեղեկացրել էինք Ժնեւում դեկտեմբերի 10¬12¬ը կայանալիք տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի մասին, որտեղ էլ¬գիտության գծով հաղթող հնգյակի մեջ (Մ. Նահանգներ, Չինաստան, Կանադա, Խորվաթիա) ընդգրկվել էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Չիլինգարյանի գիտական խմբի ստեղծած էլեկտրոնային էջը։ Գագաթաժողովը նախաձեռնել էին ՄԱԿ¬ը եւ միջազգային հեռահաղորդակցության միությունը։ ՄԱԿ¬ի անդամ պետություններից ներկայացնող 136 փորձագետներից ժյուրիի անդամ էին ընտրվել 36 պետությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը։

Երեկ ՄԱԿ¬ի գրասենյակի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի հրավիրած ասուլիսին մասնակցում էին ՄԱԿ¬ի ներկայացուցիչներ Լիզ Գրանդեն, Վալերի Տկաչուկը, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը եւ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը։ Գագաթաժողովում Հայաստանի մասնակցությունն ու հաղթանակը համարելով մեծ նվաճումՙ տկն Գրանդեն խոսեց այսօր իրենց մտահոգող ամենագլխավոր խնդրիՙ զարգացած ու զարգացող երկրների միջեւ գոյություն ունեցող տեղեկատվական ահռելի վիհի մասին, որի նվազեցմանն են միտված լինելու իրենց առաջիկա ծրագրերը, իսկ պրն Տկաչուկի խոսքում առանձնապես կարեւորվեցին հանրապետության նախագահի ելույթն ու պարգեւների հանձնումը, որը մեծ պատիվ էր մեր երկրի համար։

Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞վ էր Ժնեւի գագաթաժողովը տարբերվում ու առանձնանում նախորդներից, ո՞րն էր գլխավոր ձեռքբերումը։ Նրա կարծիքով, ամենամեծ տարբերությունը չափազանց մեծ ընդգրկվածությունն էր, քանի որ մասնակցում էին թե կառավարական, թե մասնավոր ու հասարակական հատվածները, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցները։ Հայաստանյան պատվիրակության համար այդ գործոնը նույնպես դրական նշանակություն ունեցավ, քանի որ մի քանի օր առիթ ստեղծվեց համատեղ քննարկումներ անցկացնելու, բաց ու անկեղծ խոսակցություններ ծավալելու, հատկապես բացթողումներին վերստին անդրադառնալու։ Նա նկատեց, որ մեր լրատվամիջոցները բավարար չեն լուսաբանում տեղեկատվական հասարակություն ունենալու խնդիրները, միաժամանակ ուրախալի երեւույթ համարեց ՄԱԿ¬ի հովանավորությամբ Հանրային հեռուստատեսությունում շուտով ստեղծվելիք նոր հաղորդաշարը։ «Ցավոք, Հայաստանն այսօր չունի տեղեկատվական հասարակությանն անցնելու ռազմավարություն, որը մեր կառավարությանը հնարավորություն կտա նախապատրաստվելու գագաթաժողովի հաջորդ փուլին։ Կան բազում խնդիրներ, որոնք լուծելի կդառնան պետության ու սփյուռքի աջակցությամբ։ Լուրջ անելիքներ ունենք ֆինանսական խնդիրները լուծելու համար», ասաց նա։

Արմեն Արզումանյանը, բնականաբար, խոսեց Հանրային հեռուստատեսության հոգսերի մասին, քանի որ եղած ֆինանսական միջոցները սուղ են, հասկանալի է, որ վիճակն այսպես կշարունակվի, հետեւաբար Հանրայինը երբեւէ չի հասնի եվրոպական հեռուստատեսության մակարդակին։ Նրա «ձեռքերի մատները չբավարարեցին» թվարկելու ունեցած ֆինանսական խնդիրները։ «Մենք երբեք չենք մտնի Եվրոպա, նույնիսկ ավելի հետ կգնանք, չնայած մեր երկիրը եվրոպական զարգացման ճանապարհ է ընտրել, ինչպես հայտարարում են մեր ղեկավարները», ասաց նա։ Իսկ խորհրդարանում շարունակ հնչող քննադատությունը, թե Հանրայինին պետբյուջեից մեծ գումար է հատկացվում, պրն Արզումանյանը համարեց անարդարացի։

Ասուլիսի ընթացքում ցուցադրվեցին էլ¬գիտության գծով հաղթող հնգյակի պարգեւատրման կադրերը, որի պատիվը տրված էր նախագահ Քոչարյանին, իսկ վերջումՙ գագաթաժողովին նվիրված վեբ-սայթը։ Հիշեցնենք, որ գագաթաժողովի երկրորդ փուլը տեղի կունենա Թունիսում, 2005 թ. նոյեմբերի 16¬18¬ը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4