«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սպասարկում է շուրջ 300 գյուղական համայնքների եւ հանրապետությունով մեկ ցրված 34 մասնաճյուղեր ունի։ Նրա 356 հազար 100 բաժանորդներից, սակայն, առ այսօր սպասարկող կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքել միայն 221 հազարը։ Բաժանորդների 35 տոկոսըՙ շուրջ 135 հազար մարդ, դեռ չի ներառվել այս գործընթացներում։ Ընդառաջելով սպառողին, 6 ամսով երկարաձգվել են պայմանագրերի կնքման ժամկետները։ Ժամկետային նոր փոփոխությունը մինչեւ 2004 թ.-ի հուլիսի 1-ը վերաբերում է նաեւ ջրաչափերի տեղադրմանը։ Միայն ժամանակի այս միջակայքում տեղավորվողները կարող են օգտվել պարտքերի մարման զեղչերից ու արտոնություններից։ Ի դեպ, ջրամատակարարման ասպարեզում իրականացվող այս խոշոր ռեֆորմի նկատմամբ անտարբերները հիմնականում Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Աշոցք եւ Ամասիա բնակավայրերի բնակիչներն են։ Ե՛վ այս տարածքից, ե՛ւ հանրապետության մյուս գյուղական համայնքներից չմարած պարտքերի գումարը կազմում է 8 մլրդ դրամ։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Աշոտ Մալխասյանը, սակայն, խոստովանում է, որ իրենց սպասարկած որ համայնքն էլ վերցնես, ջրամատակարարման եւ ջրահեռացման տեսակետից, լավ վիճակում չէ։ Քայքայված, կիսափտած համակարգը հիմնանորոգելու կամ վերակառուցելու համար խորհրդային ժամանակներից ի վեր կապիտալ ներդրումներ չեն եղել։ Իրականացվել է միայն նվազագույն անհրաժեշտըՙ ջրի քանակի ու որակի հսկողությունը։ Կառավարության որոշմամբ, «Հայջրմուղկոյուղին» ամեն տարի սուբսիդավորվում էՙ մի նպատակով միայնՙ օգնելու, որ այն աստիճանաբար կարողանա անցնել ինքնածախսածածկման, որն առայժմ չի ստացվում։
Հանրապետության գյուղական համայնքների խմելու ջրի 1 խմ-ի մեծածախ սակագին է սահմանվել 30 դրամը, եւ գումարած 10 դրամՙ կեղտաջրերի հեռացման համար։ Երեւանում այդ հարաբերությունն այսպիսին էՙ 46 դրամ գումարած 10 դրամ։ Գլխավոր ճարտարագետի համոզմամբ, այդ սակագները սահմանվել ենՙ նկատի առնելով միայն հնարավոր հասույթն ու ծախսերը, եւ ամենեւին չեն կարող բավարարել ոլորտն առողջացնելու, վերակառուցումներ անելու որեւէ ծրագրի կամ նախաձեռնության պահանջները։ Անկասկած, հունվարից հետո ջրի սակագների հավանական բարձրացումները դարձյալ նպատակաուղղված են լինելու դրան։ Սակայն սա միայն տեսականորեն, եւ ամենալավատեսական դիտարկումների համաձայն։ Իրականում համակարգի նորացումը բնակչության ծակ գրպանի հետ կապելը իզուր հույս է։
Անցնող տարվա բյուջեն արդեն որոշակի ծավալով ներդրումներ էր առանձնացրել խմելու ջրի խողովակների նորոգումների համար։ Այդպիսի միջոցառումներ իրականացվեցին այնպիսի համայնքներում, ուր դրանք այլեւս անհետաձգելի էին վթարային ու կիսավթարային սրված իրավիճակների պատճառովՙ ե՛ւ ջրատար խողովակներում, ե՛ւ ախտահանման կայանքներում։ Այդ կարգի աշխատանքներ արդեն կատարվել են, օրինակ, Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում։
Ա. Մալխասյանը հավատացնում է, որ համակարգի հետագա զարգացման հույսը դարձյալ կապվում է Համաշխարհային բանկի հետ։ Միջազգային փորձագետներն արդեն մանրակրկիտ հետազոտություններ են կատարել, զարգացման ու վերակառուցման ծրագրեր են կազմվել, եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչ ընտրելու մրցույթ է հայտարարվել։ Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Մրցութային փաթեթները կբացվեն 2004 թ. հունվարի վերջին, եւ հաղթողի հայտնի լինելուց հետո առաջադրված ծրագրերը կներկայացվեն Համաշխարհային բանկի եւ մի քիչ էլ մեր կառավարության համաֆինանսավորմանը։ Ակնկալվում է, որ առաջին փուլի ընթացքում (այն կտեւի 5 տարի) կվերակառուցվեն ծանրագույն վիճակում հայտնված ցանցերը։ Նման ծրագրերն այլեւս կենսական են, եթե չենք ցանկանում, որ խմելու ջրի աղտոտման երեւանյան նախադեպը սովորական դառնա ողջ հանրապետության համար։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ