ԼՂՀ 2004 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ օրերս ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն հրապարակել է իր դիրքորոշումը։ Դեկտեմբերի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացնելով իրենց դիրքորոշումը, ՀՅԴ Արցախի ԿԿ ղեկավար Վահան Բադասյանը եւ Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը նշեցին, որ գալիք տարվա պետբյուջեն իր ուղղվածություններով չի համապատասխանում ԼՂՀ պետականության, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՅԴ պատկերացումներին։
Մասնավորապես, ըստ նրանց, ԼՂՀ սահմանամերձ շրջանների եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար նախատեսված գումարների չափը եւ ծախսման ձեւերը իրենց մարտավարական բնույթով չեն համապատասխանում պետության առաջադրած եւ Դաշնակցության համար ընդունելի դիրքորոշումներին։ Թերացումներն առկա են նաեւ կապիտալ շինարարության ներդրումների մասում, պետական բյուջեի եկամուտների մասում քիչ են նախատեսված մուտքերը, բացակայում է անվտանգության պարենային պահուստային ֆոնդերի ապահովումը, ինչպես նաեւ ԼՂՀ-ում ծնելիության խթանմանն ուղղված ծրագիրը չի հանգեցրել շոշափելի արդյունքների։
Այս մտահոգությունների համապատկերում, սակայն, ՀՅԴ Արցախի ԿԿ գլխավոր մտահոգությունը նախատեսվող աշխատավարձերի բարձրացումն է։ Վ. Բադասյանի եւ Վ. Բալայանի տեսակետովՙ աշխատավարձերի անհամաչափությունը անջրպետ կառաջացնի գործադիր, օրենսդիր, դատական իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների եւ թոշակառուների ու սոցիալական մյուս անապահով խավերի միջեւ։ Նրանք անթույլատրելի են գտնում, որ նախարարն, օրինակ, մի քանի տասնյակ անգամ ավելի աշխատավարձ ստանա, քան թոշակառուի կենսաթոշակն է։
Մեկնաբանելով այս մոտեցումները, Վ. Բադասյանը նշեց, որ իրենք առ այսօր բացառել են խնդրո առարկայի վերաբերյալ հրապարակավ հանդես գալու ձեւը, սակայն քանի որ խորհրդարանը առաջիկա օրերին պետք է ընդունի 2004 թ. պետբյուջեն, ուստի այժմ նպատակահարմար են գտել իրենց մտահոգություններին հրապարակային տեսք տալ։ Նա լրագրողներին տեղեկացրեց, որ խորհրդարանի ամենամեծՙ ԺԱՄ խմբակցությունը չի ուզում միայնակ ստանձնել խնդրի պատասխանատվությունը, ինչը սակայն չի նշանակում, թե քաղաքական այս կազմակերպության մեջ պառակտում է սկսվել։ Պարզապես ծառացել է պատասխանատվություն վերցնելու հարցը, եւ ԺԱՄ-ն ուզում է իր դիրքորոշումները համապատասխանեցնել ՀՅԴ մոտեցումներին։ Տվյալ դեպքում, ըստ նրա, մեծամասնությունը պարզապես ենթարկվում է փոքրամասնության կամքին։ Առհասարակ, ընդգծելով ՀՅԴ քաղաքական ակտիվությունը Արցախում, Վ. Բադասյանը մի շեշտադրում արեց նաեւ ԼՂՀ քաղաքական դաշտի չկայացվածության մասինՙ այդ ֆոնի վրա նշելով միայն իրե՛նց կուսակցության կայացած լինելը։
Լրագրողների հարցին, թե ինչ ճակատագիր կունենա գալիք տարվա բյուջեն, եթե ԺԱՄ խմբակցությունը նույնպես չքվեարկի դրա օգտին, Վ. Բադասյանը պատասխանեց, որ այդ դեպքում կառավարությունը պարտավոր է հրաժարական տալ։
Նշենք, որ անցյալ տարի ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը միաձայն քվեարկել էր կառավարության ներկայացրած պետբյուջեի նախագծի օգտին։ Ի՞նչ զարգացումներ կունենան քննարկումները ԱԺ լիագումար նիստում, պարզ կլինի դեկտեմբերի 24-ին։ Ավելացնենք նաեւ, որ «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը դեռեւս հրապարակայնորեն չի ներկայացրել իր դիրքորոշումը նոր պետբյուջեի վերաբերյալ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ