Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ շարունակեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի վերաքննությունը։ Դատարան էր ներկայացել ամբաստանյալ Գեղամ Շահբազյանի նոր պաշտպանըՙ Հրաչյա Հակոբյանը։
Դատարանը նախ լսեց վերաքննիչ բողոք ներկայացրած Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի խոսքը։ Ըստ վերաքննիչ բողոքի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում գործը քննվել¬ իրականացվել է դատավարական խախտումներով, կայացվել է ոչ արդար դատավճիռ։
Ըստ մեղադրող կողմի, դատավճիռն օրինական է, քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Ապացույցները լիովին հետազոտվել են, դատավճռի հիմքում դրվել են հետազոտված ապացույցներ։ Մեղադրող կողմի խոսքերով, Նաղդալյանի սպանության գործի դատավարության ժամանակ արարքները ճիշտ են որակվել, նշանակված պատիժները համաչափ են, ինչպես նաեւ արդարացի է դատավճիռը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարինե Նաղդալյանն ավելացրեց, որ, ինչպես եւ նշել էր առաջին ատյանի դատավարության ժամանակ, նշանակված պատիժները չափազանց մեղմ են։
Լսելով կողմերի տեսակետները, նախագահող Արշակ Խաչատրյանը ներկայացրեց վերաքննիչ դատարանում ապացույցների հետազոտման ծավալը։ Ըստ այդմ, դատարանը կհարցաքննի ամբաստանյալներին (հետեւյալ հերթականությամբՙ Ջոն Հարությունյան, Ֆելիքս Առուստամյան, Գրիգոր Պետրոսյան, Գեղամ Շահբազյան, Արմեն Սարգսյան)։ Ամբաստանյալների հարցաքննություններից հետո դատարանը կուսումնասիրի քննչական եւ դատավարական գործողությունների արձանագրությունները, ինչպես նաեւ փորձագետների եզրակացությունները։ Այս ամենից հետո դատարանը կանցնի այլ նյութերի ուսումնասիրությանը։
Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն ապացույցների հետազոտման ծավալի կապակցությամբ նշեց, որ կան այնպիսի վկաներ, որոնց պաշտպանական կողմը կցանկանար հարցաքննել, ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ։ Նախագահողը հիշեցրեց, որ դատարանի սահմանած ծավալը հետազոտելուց հետո դատավարության կողմերը կարող են անել միջնորդություններ, այդ թվումՙ վկաներին հարցաքննելու կապակցությամբ։
Խորհրդակցելով վերաքննիչ ատյանը հաստատեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. ամբաստանյալների հարցաքննություն, արձանագրությունների, եզրակացությունների ուսումնասիրություն։
Այնուհետեւ, մինչ դատարանը կանցներ Ջոն Հարությունյանի հարցաքննությանը, Գեղամ Շահբազյանի նոր պաշտպան Հրաչյա Հակոբյանը միջնորդեց իրեն ողջամիտ ժամկետ տրամադրելու համար, քանի որ գործի նյութերին ծանոթ չէ։ Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանըՙ գտնելով, որ պաշտպանին ժամկետ տրամադրելը չի բխում քր. դատ. օր.-ի դրույթներից։ Չնայած առարկությանը, խորհրդակցությունից հետո դատարանը բավարարեց միջնորդությունըՙ ողջամիտ ժամկետ ասվածը սահմանափակելով մի քանի օրով։
Ընդմիջված դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 23-ինՙ ամբաստանյալ Ջոն Հարությունյանի հարցաքննությամբ։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ