«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2003-12-19 | #235, 2003-12-20 | #236, 2003-12-23


ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸՙ ԸՍՏ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

Ստվերի դեմ պայքարումՙ անօգուտ հարկային խստացումներ

Օրերս խորհրդարանն արտահերթ նստաշրջանում քննարկեց տարբեր հարկատեսակների գծով ծավալուն մի փաթեթ, որում առաջարկվում էին տարբեր փոփոխություններ կապված հարկային դաշտի հետ։ Փաթեթն անցավ առաջին ընթերցմամբ։

Հարկային փաթեթով ներկայացված փոփոխությունների մասին զրուցեցինք պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։

- Պրն Սուքիասյան, ի՞նչ առանձնահատկություններ ուներ հարկային փաթեթը եւ հատկապես ո՞ր հարկատեսակների առումով են մտցվել խստացումներ։

¬ Կառավարության ԱԺ ներկայացրած փաթեթը, որ քննարկվել էր տարբեր օղակներում նախապես որոշակի փոփոխությունների էր ենթարկվել։ Փաթեթում ուշագրավ եւ ողջ տնտեսությանը վերաբերող փոփոխությունը կապված է շրջանառության հարկ հիշեցնող 1 տոկոս գանձելու առաջարկության հետ։

Բնականաբար այստեղ կան նրբություններ, քանի որ հարցը վերաբերում է մինչեւ 20 տոկոս շահույթ ցույց տվող, վնասով աշխատող կազմակերպություններին։ Չփաստաթղթավորված բիզնեսով զբաղվող կազմակերպություններին այս 1 տոկոսը չի վնասելու։ Դրա համար էլ առաջարկվեց այնպիսի մոտեցումներ կիրառել, որ չփաստաթղթավորված բիզնեսը գա դեպի փաստաթղթավորում, որ տնտեսվարողները հայտնվեն հավասար պայմաններում։

Այլապես, այն կազմակերպությունները, որոնք աշխատել են փաստաթղթավորված, կկրեն ավելի ծանր հարկային բեռ։ Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ պետք է ապահովվեն բյուջեի մուտքերը, առավել եւս, եթե բյուջեի ծախսերի մեծ մասը կազմում են սոցիալական խնդիրները։

Չանդրադառնալով բոլոր հարկատեսակների մասով կատարվելիք փոփոխություններին, նշեմ, որ անցյալ տարի դեկտեմբերին նույնպես կար փաթեթ։ Պարզվեց, որ 1 տարի գործելուց հետո կրկին առաջացել է փոփոխությունների անհրաժեշտություն։

- Այսինքնՙ կարելի՞ է հասկանալ, որ նախորդ փոփոխություններն արդյունք չեն տվել կամ չեն ազդել տնտեսության ստվերային հատվածի վրա։

¬ Վերջին հաշվով, եթե մենք հարց ենք բարձրացնում, որ փաստաթղթավորված գործունեությունն ավելի մեծ տոկոս կազմի այսօրվա համեմատությամբ, ապա հարկային մարմինները կկարողանան փաստաթղթավորված բիզնես գրանցել հաշվիչ դրամարկղների մակարդակում, երբ տեղի է ունենում իրացում, իսկ սպառողի կողմիցՙ գնում։ Ստուգումների միջոցով հնարավոր կլինի անգամ չփաստաթղթավորված ապրանքի վաճառքի դեպքում գրանցել վաճառքի փաստը։

Հայաստանում չկա ընդհանուր գնահատական, թե ստվեր ասվածը որ ոլորտում ինչ ծավալի է, որ հատվածներում ինչ տոկոս է կազմում։ Փոփոխությունների արդյունքով, սակայն, հաճախակի ստուգումների օգնությամբ հնարավոր կլինի մի որոշ մաս ստվերից բերել փաստաթղթավորված ոլորտ։

- Եթե շահութահարկի 1 տոկոս ասվածը պետք է գանձվի ամեն ամիս, այսինքնՙ գանձվի շրջանառությունից, ապա ստվերային գործունեության դեպքում ստվերային շրջանառության վրա ինչպե՞ս պիտի կիրառվի տոկոսը։

¬ Կարելի է ասել, որ ամեն ամիս գանձվող շահութահարկի 1 տոկոսը մոտ է շրջանառության հարկին։ Բայց քանի որ ծախսերի եւ հիմնական միջոցներ ունենալու դեպքումՙ մաշվածության դուրսգրման իրավունք է տրվում, սա այնքան էլ շրջանառության հարկ չէ։ Սա միջինացված տարբերակ է պայմանով, որ եթե դրանից առավել ցույց տրվի շահույթ, ապա 1 տոկոսի փոխարեն կվճարվի ամբողջական շահութահարկ։

Ես ունեի մի նախաձեռնություն որպես առաջարկ. եկամտահարկի, կենսաթոշակային վճարի կապակցությամբ։ Իրավաբանական այն անձինք, որոնք իրենց աշխատավարձի ֆոնդը կբարձրացնեն 150 տոկոսով եւ չեն փոխի աշխատողների քանակը, հնարավորություն կունենան 28 տոկոս հարկ վճարելու փոխարեն վճարել 14-15 տոկոս։ Կարծում եմ, սա խրախուսում կլինի, շատ տնտեսվարող սուբյեկտներ դուրս կգան ստվերից։

- Ընդհանուր առմամբ կարելի՞ է ասել, որ ներկայացված հարկային փաթեթը այնքան էլ պայքարի միջոց չէ ստվերի դեմ։

¬ Ասենք այսպես։ Կա փաստաթղթավորված բիզնես, որ, սակայն, խուսափում է հարկերից։ Այս խնդիրը լուծող դրույթներ փաթեթում կան։ Մասնավորապես որոշ հարցեր կանոնակարգվում են հաստատագրված վճարների միջոցով։

¬ Որքանո՞վ այս հարկային խստացումները զգալի կլինեն սպառողի համար։

¬ Եթե խոսքը գնում է այսպիսի չնչին տոկոսների մասին, ապա դրանք շուկայում չեն երեւա։ Շուկայում միշտ ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային գների փոփոխությունները։ Փաթեթով ներկայացված այս խստացումները վարչարարական մոտեցումներ են։ Սպառողի վրա թերեւս կարող է ազդել հաստատագրված վճարների կիրառումը։

- Հարկային փաթեթի առումով կարեւոր նշանակություն պիտի տրվեր վիճակախաղերի ոլորտին։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է կարգավորել այս խնդիրը։

¬ Այն խստությամբ, ինչով բերվել է հարկային փաթեթը, այդ խստությամբ չի ուսումնասիրվել վիճակախաղերի օրենքը։ Այստեղ մեծ մտահոգություն պիտի ունենա ֆինանսների նախարարությունը, քանի որ ոլորտի ամենակարեւորՙ ծախսային, շահումային եւ շրջանառության հատվածները վերահսկելի չեն։

Երբ լոտոների վերահսկողության հարց դրվեց, խնդիր ծագեց ընդհանրապես այդ ոլորտը դարձնել պետական մենաշնորհ կամ գոնե դրա կարեւոր հատվածը։ Եթե արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները չկարգավորեն ոլորտը, պետք է առաջարկություն անել պետության կողմից խնդիրը լուծելու համար։

Ինչպես ակցիզային դրոշմանիշն է պետությունը պատվիրում եւ համապատասխան կազմակերպությունների հայտի դեպքում հանձնում նրանց, նմանապես շահող եւ չշահող տոմսերը պետք է անցնեն պետական խողովակներով։ Տպագրության վերահսկողություն նույնպես պետք է իրականացվի։

Ցանկալի կլինի, որ պետական համապատասխան կազմակերպությունները, որ ստուգումներ են իրականացնում տնտեսվարողների մոտ, ոլորտային վերլուծություններ կատարեն համեմատության, ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում։ Այսինքնՙ բոլորի գործունեությունն ուսումնասիրվի համեմատության մեջ։ Կարծում եմ, այդպիսի միտում արդեն կա։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4