«Ազգը», ինչպես նախորդ տարիներին, այս անգամ նույնպես հարցախույզի միջոցով փորձեց իմանալ, թե որքան գումար է անհրաժեշտ Նոր տարվա տոնական սեղանը զարդարելու եւ նվերներ գնելու համար։ Հարցմանը մասնակցած տարբեր խավերի ու տարիքի 100 մարդ տարբեր պահանջներ ունեին... Օրինակՙ հարուստները կծախսեն այնքան, որքան անհրաժեշտ լինի, միջին խավը բավարարվում է 400-600 դոլարով, ավելի ցածր խավըՙ 100-250, աղքատներըՙ 20-40, չքավորներըՙ ուրիշին հյուր գնալով կամ էլ մի կտոր սեւ հացով։ Ներկայացնենք տարբեր խավերից մի քանիսի պատասխանները։
Մեկ նախարար
Դավիթ Հարությունյանը մինչ Նոր տարի ավելի շատ կծախսի իր անդրանիկ զավակի առաջին տարեդարձի առիթով։ «Ծախսելու եմՙ ժպիտ, ուրախություն եւ տրամադրություն բարձրացնելու համար շատ ու շատ...»։
ԱԺ պատգամավորներ
Խաչատուր Սուքիասյանը մոտ 10.000 դոլար կծախսի միայն նվերներ գնելով, իսկ քանի որ Նոր տարին տոնում են եղբայրներով միասին տանը, եւ արդեն 2 տարի իրենց բոլոր գնումները քարտերով են վճարում, դժվարացավ ստույգ թիվ ասել, միայն նշեց, որ կծախսեն այնքան, որքան պահանջվի, հաշիվ չեն անում։
Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) 1000 դոլար միայն նվերների համար է նախատեսել, իսկ մնացածի մասին վաղ համարեց խոսել։
Հերմինե Նաղդալյանն այս տարի շուկա դեռ մեկ անգամ է գնացել, գնումներն իր ամուսինն է անում, միայն տեղյակ է, որ գները շատ են բարձրացել, եւ, կարծում է, մինչեւ 500-600 դոլար կպահանջվի։
Արեգ Ղուկասյանը կարծում է 400 դոլարը լիուլի բավարար է նորմալ տոնական, ավանդական սեղանի համար, որ ընտանիքով հավաքվեն ու մի լավ քեֆ անեն։
Ռուբեն Հայրապետյանը որոշել է Ամանորն ընտանիքով դիմավորել Մոսկվայում ու միայն վերադարձից հետո կասի, թե որքան է ծախսել։
Մկրտիչ Մինասյանն անկեղծորեն խոստովանեց. «Տկն Հասմիկն ամեն օր փող է ուզումՙ առեւտուր անելու համար։ Ըստ նրա, 100-150 հազար դրամով իր գնումները կկատարի եւ դեռ 100 հազարի գնումներ էլ ինձ է հանձնարարել, դրան էլ որ գումարեմ իմ 5 թոռների նվերներըՙ յուրաքանչյուրին 5000 դրամ, դե հաշվեք, թե ինչքան եղավ»։
Էմմա Խուդաբաշյանը կարծում է, որ մոտ 200 դոլար անշուշտ պետք կլինի։
Ալվարդ Պետրոսյանը շատ զուսպ ու միայն ամենաուտվող խորտիկները կպատրաստի, որ հետո հնանալու պատճառով չթափի ու կծախսի մոտ 100-120 դոլար։
Վիկտոր Դալլաքյանն էլ դժգոհեց, որ միշտ կշտամբանք է ստանում իր կնոջից գոնե մեկ հաց տուն չտանելու համար։ Եվ քանի որ իրենց ընտանիքը քմահաճ չէ, ապա 100-150 դոլարը, կարծում է, բավարար է։
Վահրամ Բաղդասարյանը մոտ 500 դոլար կծախսիՙ չհաշված տանն արդեն եղած որոշ մթերքները։
Մտավորականներ եւ մասնագետներ
Ֆահրադ Ափուջյանը (Սպիտակի «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր) կարծում է, թե 500 դոլար կպահանջվի, որ իր հյուրերից չամաչի ու ավանդական ձեւով տոնի Ամանորը։
Պապ Հայրապետյանը («Սեւան» թերթի գլխ. խմբ.) գների այսօրվա թանկության պայմաններում 400 դոլարի սահմաններում հազիվ թե տեղավորվի։ Մինչդեռ անցած տարի մոտ 300 դոլար էին ծախսել։
Համլետ Խաչատրյանը («Թալին աշխարհ» թերթի գլխ. խմբ.) 200-250 դոլար կծախսի, քանի որ միրգը, բանջարեղենը եւ մսեղենը իր սեփական տնտեսությունից են։ Ինչպես ինքը, այնպես էլ դավթաշենցիների 90 տոկոսը հիմնականում ծախսելու է 200-250 դոլար։
Հասմիկ Գեւորգյանը (Հանրային ռադիոյի խմբ.) կողմնակից չէ ճոխ սեղանների եւ, ըստ իր հնարավորությունների, կծախսի մոտ 150 դոլար։
Արտյոմ Խանսանամյանը (օպերատոր, վաստակում է 800 դոլար) նախատեսել է Ամանորին ծախսել 1000 դոլարՙ եկող ամսվանից կանխավճար վերցնելով։
Վարդան Վարդանյանն իր գնումների կեսն ավարտել է եւ դեռ մյուս կեսի համար անհրաժեշտ է մոտ 100.000 դրամ։
Հակոբ Սարգսյանը (35 տարեկան) 7 անձով համեստ Ամանոր տոնելու եւ նվերներ գնելու համար տրամադրում է 120-150 դոլար, իր հնարավորությունների սահմաններում։
Սասուն Իսրայելյանը 350 դոլարը լիուլի բավարար է համարում սեղան գցելու եւ, ինչպես ինքն է ասում, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու համար։
Ֆելիքս Փիրումյանը շուկայի գնումները միշտ ինքն է անում եւ այժմ էլ հաշվարկել է, որ 100-120 դոլարը բավարար է։
Ռաֆիկ Հովսեփյանը (էներգետիկ) գտնում է, որ 400 դոլարը հազիվ հերիքի։
Արշակ Ստեփանյանը (սննդի գծով տեխնոլոգ) մանրակրկիտ հաշվել է, որ 4 անձից բաղկացած իր ընտանիքին հարկավոր է 100.000 դրամ։ Մի ամբողջ ամիս կուտեն հնացած մթերքը, հենց վերջանա, հյուր կգնան, մինչեւ փետրվար ամիսը գա։
Էլլա Ղազարյանը (խոհարար) 200 դոլարը բավարար է գտնում։ Ճոխություն իրավունք չունի իրեն թույլ տալու, բայց ինչ-որ բան կառնի։
Քնարիկ Ցականյանն անգամ հաշվել չէր ցանկանում, աշխատավարձը չէին տվել ու շատ նեղվում էր, թե ինչ է անելու։
Աստղիկ Մելքոնյանն էլ ի վիճակի չէ տոնական սեղան բացելու։ Դեռ երկու ջրաչափ պիտի տեղադրի։ «Այ, եթե միջնորդես, որ Ձմեռ պապին ինձ նվեր ջրաչափ բերի, հենց այդ գումարով էլ սեղանիս որոշ բաներ կդնեմ։ Իսկ եթե չստացվի, ստիպված բարեկամներիս տանը կմնանք, ճար չկա»։
Թոշակառուները
Ռիմա Կարապետյան (75 տարեկան)- Օյ, ես փող չունեմ, որ սեղան բացեմ։ Բացի սեւ հացից ու մի կտոր պանրից, ոչինչ չունեմ, այդ էլ կդնեմ սեղանին։ Իմ հյուրերին աղ ու հացով կհյուրասիրեմ։ Ես դեռ 5000 դրամ լույսի վարձը չեմ կարողանում մուծել, որ մուծեմ, հենց այդ մուծած կտրոնն էլ կդնեմ սեղանին ու վերջ։
Անիկ Զոհրաբյանը հույսը դրել է իր որդիների վրա, որ դեկտեմբերի 31-ին իրենց ծննդյան օրվա առիթով գոնե 50.000 կծախսեն։
83-ամյա Սահակ պապը հրավիրեց ինձ իրենց տունՙ Ամանորը հետաքրքրական ձեւով տոնելու։ Մասնագիտությամբ նկարիչ Սահակ պապն իր տիկնոջից թաքուն Ամանորի բոլոր ուտեստները նկարել է իրենց պնակների մեջ ու դնելու է սեղանին, որ խաշած կարտոֆիլով ու բազուկի ջրով դիմավորեն Նորՙ 2004 թվականը ու իրենց ամուսնության 60 տարին։
«Ազգի» ընթերցողներին տեղեկացնեմՙ ովքեր շտապում են գնումներ կատարելու, այսօրվա դրությամբ շուկայական գները հետեւյալն ենՙ
տավարի միսՙ 1400-1700 դրամ, խոզի բուդՙ 11.000-15.000, թոքՙ 1500 դրամ.
խնձորՙ 200-500 դրամ, տանձՙ 200-400 դրամ, նարինջՙ 600-800 դրամ, նուռՙ 500-800 դրամ, արքայանարինջՙ 300-600 դրամ, բանանՙ 600-1000 դրամ, մանդարինՙ 400-600 դրամ, կիվի (հատը)ՙ 150-300 դրամ, խաղողՙ 400-800 դրամ, կիտրոն (հատը)ՙ 150-300 դրամ։ Բաստուրմա, սուջուխՙ 2700-4200 դրամ, ապխտած մսեղենՙ 3500-5500, ձկնեղենՙ 6000-12.000։ Դե, եթե հաշվենք, որ չրեղենը սկսվում է 2000 եւ ավարտվում 5000 դրամով, չարազեղենըՙ 2500-7500, չամիչըՙ 1000-3000, ապա պարզ կլինի, թե որքան գումար է պետք Ամանորի սեղանի համար։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ